Որ էլի օրհնենք ռուսի սապո՞գը
Միաժամանակ, կրկին նույն ռուսական մամուլի միջոցով փորձ է արվել ներկայացնել տեսակետ, թե իբր «Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին նոր համաձայնագիրը կբացառի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մասշտաբային զինված հակամարտությունը` ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեպքում»:
Այսինքն` ռուսական կողմը, փաստացի, ՀՀ իշխանությունների հետ միասին փորձ է անում այդ համաձայնագրի ստորագրումը ներկայացնել այնպես, թե այն ԼՂ հարցում պատերազմից խուսափելու մեր փրկությունն է լինելու, կոպիտ ասած` նորից մեզ ուզում են կերակրել «օրհնվի էն սհաթը, երբ ռուսի սապոգը մտավ Հայաստան» կտերով: Մինչդեռ ակնհայտ է, որ եթե մինչ այս հրապարակված կետերը իրոք տեղ գտնեն ստորագրվելիք համաձայնագրում, ապա թե՛ Մեդվեդեւի այցը, թե՛ համաձայնագրի ստորագրման փաստը անհետեւանք չեն մնալու` հատկապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, քանի որ ի վերջո հայ հասարակության համար պարզ կդառնա, որ մեր խնդիրները օգտագործելով որպես պատրվակ` Ռուսաստանը ընդամենը փորձում է ավելի ամրապնդել իր ներկայությունը Հայաստանում, եւ այդ ամենը կատարվում է ՀՀ ինքնիշխանության հաշվին: Ու քանի որ Մեդվեդեւի այցին հետեւելու է նաեւ ընդդիմության հանրահավաքը կամ ինչպես հայտարարվել է` հանրահավաքների շարքը, ապա ակնկալելի է, որ այս հարցում ընդդիմությունը կասի իր խոսքը, որը գուցե նաեւ գործի կվերածվի:
Երեկ մեզ հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի անդամ ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը անդրադառնալով Մեդվեդեւի այցին եւ նախատեսված համաձայնագրի կնքմանը` հայտարարեց, թե Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում բացի էմոցիաներից, իրական հարաբերություններ արդեն չկան: «Կա նոստալգիա ավագ սերնդի մոտ, իսկ պրագմատիկ հարաբերություններ` ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ վաղուց գոյություն չունեն: Հարաբերությունները ձեւավորվում են գործող խունտայի` սեփական իշխանությունը պահելու, ամեն գնով պահելու մոլուցքով, ընդհուպ մինչեւ նման համաձայնագրեր ստորագրելով: Հասարակությունը տեսնում է, որ այս ռեժիմը 10 տարուց ավել ռուսական իշխանության կողմից կարողանում է վերարտադրվել: Ու քանի որ հասարակությունը հոգնել է այս ռեժիմից, ուզում է օր առաջ ազատվել նրանից, այդ դեպքում տրամադրությունները արդեն դառնում են իսկապես հակառուսական, եւ դա պիտի հասկանան նաեւ ՌԴ իշխանությունները», - հայտարարեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է համաձայնագիրը` ԼՂ հիմնախնդրով պայմանավորելու լուրին, ապա դա, ՀԼԿ նախագահի խոսքով, «ակնհայտ պոպուլիզմ է»: «Իհարկե, ե՛ւ ռուսական կողմը, ե՛ւ Մինսկի խումբը, ե՛ւ ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է ձեռնարկեն համապատասխան քայլեր, որ իսկապես պատերազմ չլինի: Բայց ռուսական ռազմաբազաներ տեղադրելով եւ ռազմաբազաներին տալով բավականին լուրջ կարգավիճակ` դրանով Հայաստանի անվտանգությունը չի պաշտպանվում, ընդհակառակը` Հայաստանի անվտանգությունը դրանով շատ ավելի խոցելի է դառնում: Մենք արդեն ունենք մի քանի համաձայնագրեր ռուսական կողմի հետ` ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնք ապահովում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունը: Այնպես որ, այս համաձայնագիրը ընդամենը ավելի կփոքրացնի Հայաստանի` որպես սուվերեն պետության կարգավիճակը: Այդ համաձայնագրի փոխարեն, ՌԴ-ն թող Հայաստանին ցորեն վաճառի` հացի գինը երկու անգամ թանկացել է, ռազմավարական դաշնակիցը փոխանակ նման համաձայնագիր ստորագրի, որպեսզի Հայաստանում պարենային դեֆիցիտ չառաջանա, ռազմաբազաներից է խոսում», - նշեց ՀԼԿ նախագահը: Ինչ վերաբերում է Կոնգրեսի անելիքներին, ապա Հովհաննիսյանի խոսքով` դեռ «պետք է հավաքվել եւ քննարկել, քանի որ շատ բարդ իրավիճակ է»:
ՀԺԿ վարչության անդամ, Կոնգրեսի կենտրոնական շտաբում ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանն էլ հայտարարեց, թե չի կարծում, որ Մեդվեդեւի այցն ու համաձայնագրի ստորագրումը արձագանք կգտնեն հասարակության շրջանում: «Ամբողջ էներգետիկ համակարգը, կապը, ատոմային էներգետիկան, ամբողջը ռուսական կողմի ձեռքում է, հասարակությունը ինչպե՞ս արձագանքեց: Հասարակությունն այսօր արդեն նման բաներին չի արձագանքում, հասարակությանը բերել են մի այնպիսի վիճակի, որ ինքը օրվա հացի, ստամոքսի հարց է լուծում», - նշեց պարոն Հարությունյանը: Ինչ վերաբերում է ռազմաբազայի ներկայությունը այժմ էլ ԼՂ խնդրով պայմանավորելու հարցին, ապա ՀԺԿ ներկայացուցչի խոսքով` «դրանք ամենը հեքիաթներ են»: «Ո՛չ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, ո՛չ էլ Հայաստանը` Ադրբեջանի վրա: Համենայնդեպս, սեփական նախաձեռնությամբ նման բան չեն անի, եթե նման բան արվի էլ, ապա այլ ուժերի ազդեցության տակ կարող է արվել: Իսկ նպատակն այն է, որպեսզի ՌԴ-ն իր ներկայությունը ապահովի այստեղ, Ռուսաստանը դարեր շարունակ ձգտել է դրան», - նշեց պարոն Հարությունյանը` հավելելով, սակայն, թե պետք չէ սեպտեմբերին սկսվող հանրահավաքների շարքը կապել այդ զարգացումների հետ, առավել եւս` որ այդ հարցում որոշումներ կայացնելու համար պետք է տիրապետել բոլոր մանրամասներին, որոնք առայժմ չեն հրապարակվել:
Կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ հայտարարեց, թե թեեւ իրենք ամեն դեպքում ռուսական կողմին դիտարկում են որպես բարեկամ, բայց նաեւ այնքան միամիտ չեն, որպեսզի մտածեն, թե բարեկամը ուղիղ մեր շահերով է հետաքրքրված: «Բնականաբար, Ռուսաստանը փորձում է իր դիրքերը ավելի ուժեղացնել Հայաստանում` շատ լավ հասկանալով, որ Հարավային Կովկասում հիմնական հենակետը Հայաստանն է: Ես` որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, մտահոգ եմ երկրի անվտանգությամբ, բայց ես ուզում եմ, որ իմ երկրի անվտանգությունը մենք ինքներս կարողանանք ապահովել: Էլ չեմ ասում, որ 25 տարվա ժամկետը բավականին երկարատեւ ժամկետ է, որը երկարաձգելու կարիք չկար: Դեռ այդ ժամկետը չի ավարտվել, ինչը բավական ժամանակաշրջան էր, որպեսզի մենք կարողանայինք ճիշտ գնահատել իրավիճակը տարածաշրջանում եւ պարզել` մեկ այլ երկրի ռազմական ստորաբաժանումների ներկայությունը նպատակահարմար կլինե՞ր, թե՞ ոչ», - նշեց տիկին Սարգսյանը: ՍԴՀԿ ատենապետի խոսքով` ռազմաբազայի ներկայության ժամկետը ԼՂ հարցով պայմանավորելը իրական չէ: «Կարելի է բազմաբնույթ հիմնավորումներ բերել: Բայց ես համամիտ չեմ դրան, որովհետեւ տրամաբանություն չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Կոնգրեսին, ապա դեռ պայմանագիրը կնքված չէ, հետեւաբար խոսել այն մասին, թե ինչպիսի՞ քայլեր կարող են լինել կնքումից հետո` չեմ կարող հիմա ասել: Բայց այն իրոք կարող է անդրադառնալ մեր ներքաղաքական կյանքի վրա, եւ հետագայում մենք կարող ենք ներկայացնել մեր քալերը», - նշեց տիկին Սարգսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.