ՍԴՀԿ Կենտրոնական վարչություն ստորագրությամբ նախօրեին հայտարարություն տարածվեց այն մասին, որ այդ անվանումով կառույցը անհամատեղելի է համարում Հայ ազգային կոնգրեսի հետ հետագա համագործակցությունը:
Ինչպես հայտնի է` 2008-ի օգոստոսի 1-ից, այսինքն Կոնգրեսի կազմավորման օրվանից ՍԴՀԿ-ն ստորագրել է Կոնգրեսին միանալու մասին հռչակագիր: Նախօրեին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բազմաթիվ լրատվամիջոցներով հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը շարունակելու է անդամակցել Կոնգրեսին: Ու այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ ՍԴՀԿ անունից էին հանդես գալիս Կոնգրեսի հետ չհամագործակցելու մասին հայտարարության հեղինակները, ովքեր 2009-ից առանձնացել են Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից, հայտնի են Շիրխանյանական թեւ անվանումով եւ նոր ատենապետ են ընտրել Գեւորգ Պերկուպերկյանին:
Երեկ ՀՀ ԱՆ Պետռեգիստրից փորձեցինք պարզել` արդյոք ՀՀ-ում կա՞ ՍԴՀԿ անունով գրանցված մի քանի կուսակցություն: ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց, միությունների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ ԱՆ-ում գրանցված է մեկ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն, որի կենտրոնական վարչության ատենապետը Լյուդմիլա Սարգսյանն է: Էդիկ Մարգարյանը ավելացրեց, որ կա նաեւ Հայաստանի սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն, որի ղեկավարն է Էռնեստ Սողոմոնյանը: Սա նշանակում է, որ Կոնգրեսի հետ անհամատեղելի աշխատանքի մասին էր հայտարարում մի կառույց, որը գրանված չէ Հայաստանում, ասել է թե` գործում է ՀՀ օրենքներից դուրս: Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի Հոդված 8-ի 3-րդ կետում հստակ նշվում է, որ «Կուսակցությունները ենթակա են պետական գրանցման»: Պետական գրանցումը, ըստ նույն օրենքի, կատարվում է պետական լիազոր մարմնի կողմից, գրանցման մասին փաստը վկայող փաստաթուղթը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում կատարված համապատասխան գրառումը եւ դա հավաստող պետական գրանցման մասին վկայականն է: ՍԴՀԿ-ի Շիրխանյանական թեւի անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանից հարցրինք, թե որտեղ է գրանցված այն կառույցը, որի անդամ է ինքը. «Հնչակյան կազմակերպությունը որպես այդպիսին դա Գեւորգ Պերկուպերկյանի գլխավորած Հնչակյան կազմակերպությունն է եւ այն, ինչը պահպանվել է Լյուդմիլա Սարգսյանի հետ միասին»: Մեր հարցին, թե արդյո՞ք Պերկուպերկյանի ղեկավարած կառույցը իր գոյության մասին հաստատող վկայական ունի, պատասխանեց. «Հիմա եթե ընթանում է դատական գործընթաց, դուք գտնում եք, որ այդ ընթացքում կարելի է գրանցվե՞լ»:
Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից առանձնացած Վահան Շիրխանյանը` ի պատասխան մեր հարցի, թե որտեղ է գրանցված այն կառույցը, որի անդամ է ինքը, ավելի աբսուրդ հայտարարություն արեց. «Աշխարհում, աշխարհում»,- պնդեց նա` չմանրամասնելով, թե աշխարհի հատկապես որ մասում: ՍԴՀԿ-ից առանձնացած մասի ատենապետ ընտրված Գեւորգ Պերկուպերկյանը, պարզվեց, նույնիսկ անդամատոմս չունի, որը կվկայի իր կուսակցական լինելը: Ասաց, որ այն մնացել է Լ. Սարգսյանի գրասենյակում: «Էս պահին մեր կառույցը բնականաբար որեւէ տեղ գրանցված չէ, որովհետեւ ո՞նց կարա գրանցված լինի երկու ՍԴՀԿ»,- տարակուսեց Պերկուպերկյանը: Մեր հարցին, թե իր կարծիքով կարո՞ղ է մի չգրանցված կառույցը հայտարարություն անել գրանցված կառույցի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, Պերկուպերկյանը պատասխանեց. «Էտի հետաքրքիր հարց եք տալի, իսկ ՀԱԿ-ը գրանցվա՞ծ է ինչ-որ տեղ»,- հարցրեց նա: Նրան հիշեցրինք, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները գրանցված են եւ բացի այդ, նրանք համատեղ գործելու հռչակագիր են ստորագրել: Պերկուպերկյանը գրեթե փոշմանեց իր բերած օրինակից, համենայնդեպս ընդունեց, որ սխալ օրինակ է բերել. «Ես օրինակ բերեցի առաջին մտքիս եկածը, ոչ թե կոնկրետ: Ասենք երիտասարդներ են իրար հետ համախմբվում ինչ-որ անվան տակ, գրանցված չեն, հիմա պարտադի՞ր է ամեն ինչը գրանցված լինի, որ հայտարարությո՞ւն անեն: Քանի դատական գործընթացը չի վերջացել, ես իմ հայտարարությունները ո՞նց պետք է տամ, եթե ոչ ՍԴՀԿ անունից»,- հարցրեց Պերկուպերկյանը: Նա հաստատեց, որ Հայաստանում գրանցված չէ նաեւ ԿՎ-ն. «Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը գրանցված չէ, որովհետեւ այն համախմբում է 22 երկրում գործող կառույցներ ու կոնկրետ հասցե չունի»,- ասաց նա: Նշենք նաեւ, որ ՍԴՀԿ ԿՎ անունից տարածված հայտարարության մեջ պարզ չէր, թե ինչ համագործակցություն է դադարեցվում Կոնգրեսի հետ, քանի որ համագործակցություն Կոնգրեսի հետ ունեցել է միայն Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած կառույցը: Պերկուպերկյանը ասաց, որ համագործակցությունը դադարեցվել է դեռ 2009-ի հունվարի 9-ին` Լ. Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից առանձնանալուց հետո հրավիրված համագումարի օրը: «Ճիշտ է, ասենք բոլոր կամուրջները այրված չէին մեր կողմից համենայնդեպս, բայց այնպես եղավ, որ որոշեցինք հիմա հայտարարել»,- ասաց Պերկուպերկյանը: Ստացվեց, որ նախօրեին Կոնգրեսի հետ համագործակցությւնը դադարեցնելու մասին հայտարարել է մի կառույց, որը հայտնի չէ, թե ինչ կառույց է, ուստի չէր էլ կարող համագործակցել Կոնգրեսի հետ եւ հայտարարություն է արել ուղղակի իր մասին հիշեցնելու համար:
http://www.armtimes.com/15734
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.