пятница, 13 августа 2010 г.

Ինչպես դադարեցրել ենք մեր շփումները, այնպես էլ կարող ենք վերականգնել


Ինչպես հայտնի է, վարչական դատարանը անցած ամիս մերժել էր ՍԴՀԿ վահանշիրխանյանական թեւի հայցն` ընդդեմ իրական ՍԴՀԿ-ի, որով շիրխանյանենք պահանջում էին իրենց տրամադրել կուսակցության կնիքը:

Ու չնայած դատարանի մերժելուն, շիրխանյանենք այժմ էլ դիմել են վերաքննիչ դատարան` հույս ունենալով թերեւս, որ կնիքը իշխանությունները կտան իրենց: Հիշեցնենք, որ այդ ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, որ իշխանությունները թույլ տվեցին, որ դատարանը նման արդարացի որոշում կայացնի, որպեսզի այդպիսով պատժեն ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանին, ումից ներքին համագործակցությունից բացի, չէին կարողացել Սերժ Սարգսյանին հրապարակավ սատարելու մասին հայտարարություն կորզել:


Երեկ մեզ հետ զրուցում անդրադառնալով դատական այս քաշքշուկներին` ՍԴՀԿ հայաստանյան ԿՎ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե մամուլում հրապարակված այդ տեղեկությունները իրենց մտորելու տեղիք էին տվել: «Ես կարծում եմ, որ դատարանի վճիռը քաղաքական որոշում էր, որը նաեւ համընկել է իրավական որոշման եւ արդարության սկզբունքի հետ: Բայց շատ հետաքրքիր է` եթե Աճեմյանի հայտարարությունը լիներ, այդ դեպքում ի՞նչ որոշում կկայացնեին: Ես վստահ չեմ, որ այն, ինչ գրվել է մամուլում` հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, բայց նաեւ չեմ բացառում, որ դա մոտ է իրականությանը: Բայց այն, ինչ ունենք այսօր` համապատասխանում է ճշմարտությանը, արդարությանը, եւ կարելի է համարել, որ վճիռը կայացվել է արդարացի: Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանին, ապա ես չեմ բացառում, որ նրանք հասկանում են, որ նման համաձայնություն Սերժ Սարգսյանի հետ հավանաբար չի լինի, որովհետեւ դա կվարկաբեկի կուսակցությանը, ինչպես նաեւ կհաստատի շատ-շատ ուրիշ կասկածներ, որոնցից հիմա ԿՎ-ն փորձում է խուսափել: Խոսքս վերաբերում է Սեդրակ Աճեմյանի եւ իշխանությունների համագործակցությանը, ուստի կարծում եմ, որ ԿՎ-ն դրան չի գնա, որովհետեւ դա կվարկաբեկի կուսակցությանը: Դա կնշանակի շեղվել ժողովրդավարական սկզբունքներից, կուսակցության բուն նպատակներից, եւ կուսակցությունը կդարձնի մի կառույց, որը ակումբային կառույց է, ինչպես Սփյուռքի մյուս երկրներում, ինչը երբեք չի կարելի թույլ տալ: Հայաստանում հնչակյան կուսակցությունը քաղաքական կուսակցություն է, եւ չի կարելի այդ փաստի հետ հաշվի չնստել», - հայտարարեց տիկին Սարգսյանը: Վերջինիս խոսքով` համահնչակյան ԿՎ անդամները այնքան իմաստություն ունեն, որ նման փորձ չեն անի: Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարան դիմելուն, ապա ըստ տիկին Սարգսյանի` դիմողներն էլ են հասկանում, որ արդյունքում ոչինչ չեն ստանալու, բայց սա իրենց համար թայմ-աութի հնարավորություն է, որի արդյունքում իրենք դեռ կարող են հանդես գալ հնչակյան կուսակցության անունից: Ի դեպ, մենք արդեն տեղեկացրել էինք, որ համահնչակյան ԿՎ մի քանի անդամներ` Սեդրակ Աճեմյանի գլխավորությամբ, մի քանի օր է` Երեւանում են գտնվում: Տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հնարավոր է նրանց հետ հաշտեցման եզրեր գտնվեն, եւ արդյո՞ք հանդիպում կամ զրույց է եղել իր եւ ԿՎ անդամների միջեւ: «Ես կարծում եմ, որ երբեւէ չեմ դադարել իմ հարգալից վերաբերմունքը պահպանել ՍԴՀԿ ԿՎ-ի հետ: Եթե ինչ-որ շրջան մենք կապի մեջ չենք եղել, դա չի նշանակում, որ մենք պառակտվել ենք կենտրոնի հետ: Բացարձակապես: Միաժամանակ, ես նաեւ միավորման խնդիր չեմ դնում: Առավել եւս, որ այն մարդիկ, ովքեր անջատողական քաղաքականություն տարան կուսակցության մեջ` հեռացվել են կուսակցությունից: Այսպես ասեմ` ինձ համար գոյություն չունի վահանշիրխանյանական թեւ: Դրանք ուղղակի առանձին մարդիկ են, որոնցից հինգը հեռացված են կուսակցությունից: Այդ հինգ հոգուց բացի, մնացած բոլորն ինձ համար ընդունելի մարդիկ են եւ շարունակում են մնալ հչակյան: Ցանկություն կունենա՞ն աշխատել մեզ հետ` մենք պատրաստ ենք նրանց հետ աշխատել: Իսկ կենտրոնի հետ կապված չեմ կարծում, որ մենք գաղափարական ինչ-որ խնդիրներ ունենք, մեր քաղաքական նպատակները, ըստ իս, առ այսօր համընկնում են: Ես չեմ ասում` Սեդրակ Աճեմյան, ես ասում եմ` Կենտրոնական վարչություն, եւ վերջապես` այսօր ձեւավորվել է մի ԿՎ, որը ունի կամային հատկանիշներ, որտեղ անհատներ են, եւ միանձնյա ղեկավարություն չկա այլեւս: Կա ԿՎ, կա ատենապետ, որը կարող է ինչ-որ հարցերում համամիտ չլինել ԿՎ անդամների հետ, կամ ԿՎ-ն համամիտ չլինել Աճեմյանի հետ, բայց ես կարծում եմ, որ ինքը կառույցը ե՛ւ իրավասու է խնդիրներ լուծելու, ե՛ւ առողջ մտածելակերպ ունի: Այնպես որ, ինչպես դադարեցրել ենք մեր շփումները, այնպես էլ կարող ենք վերականգնել դրանք», - ի պատասխան հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը:

Տիկին Սարգսյանը նաեւ հավելեց, որ «շատ հարգելով ԿՎ իր ընկերներին»` ինքը, այդուամենայնիվ, չի փորձել ոչ մեկին խոցելի վիճակում դնել եւ որեւէ մեկի հետ կապի մեջ մտնել: «Կարծում եմ, որ եթե իրենք ուզում են եւ նպատակահարմար կտեսնեն, որ մենք պետք է համատեղ աշխատենք, ապա նրանք ե՛ւ իմ տեղը գիտեն, ե՛ւ իմ հեռախոսի համարը գիտեն: Եվ եթե ցանկություն կունենան, ապա ուրախությամբ կհանդիպեմ», - նշեց տիկին Սարգսյանը:

Հ.Գ. Օգոստոսի 2-ին լրացավ Կոնգրեսի կազմավորման երկու տարին: Այդ առիթով տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք նաեւ, իր կարծիքով` ինչո՞վ ընդդիմությունը դիմավորեց այդ երկու տարին եւ որո՞նք պետք է լինեն Կոնգրեսի անելիքները առաջիկայում: «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Կոնգրեսը մեկ աստիճանով չի շեղվել այն կարեւորագույն նպատակից, որ մենք մեր առջեւ դրել էինք: Իհարկե, մարտավարությունը կարելի է փոխել` ըստ իրավիճակի, եւ մենք ժամանակ առ ժամանակ, բնականաբար իրավիճակից ելնելով, մեր մարտավարությունը փոխում ենք: Բայց մեր նպատակները մնում են նույնը, եւ մենք ուղիղ գնում ենք դեպի այդ նպատակները: Ինչ վերաբերում է անելիքներին, ապա կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ ասել է, որ աշնանը սկսվում է մի նոր ակտիվ շրջան, որը պայմանավորված կլինի տարածաշրջանային պրոբլեմներով, երկրում զարգացող իրավիճակներով եւ ԼՂ հիմնախնդրում տեղի ունեցող զարգացումներով: Կարծում եմ, որ զարգացումներ կլինեն, եւ հասարակությունը կարձագանքի մեր կոչին: Գումարած դրան սոցիալական այն լրջագույն խնդիրները, որոնք այսօր կանգած են մեր առջեւ, ժողովրդի ապրելու, գոյատեւելու, լինել-չլինելու խնդիրն է: Հետեւաբար, ժողովուրդը պարտավոր է գալ, կանգնել մեր կողքին եւ իր դժգոհությունը արտահայտել: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ոչինչ անել, եթե ժողովուրդը իր մեջ չի կարող գտնել այն կամային հատկությունները, որի արդյունքում կարող է ոտքի կանգնել եւ դժգոհել իշխանությունների վարած քաղաքականության դեմ», - ի պատասխան ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Քրիստինե Խանումյան
http://www.zhamanak.com/article/15735/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.