вторник, 17 августа 2010 г.

Սեդրակ Աճեմյանը կատարեց իշխանության հրահանգը


Նա հրապարակավ դադարեցրեց համագործակցությունը ՀԱԿ-ի հետ

Լոսանջելեսաբնակ շինարար Սեդրակ Աճեմյանի ղեկավարած համահնչակյան ԿՎ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով, ի վերջո, վերջիններս բացահայտ անցան իշխանական դաշտ` հայտարարելով, թե դադարեցնում են իրենց համագործակցությունը Հայ Ազգային Կոնգրեսի հետ:


Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հայ իրականության առաջին քաղաքական Կուսակցությունը չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ:

Կենտրոնական վարչությունը առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը Կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին է գտնում վերջինիս հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»: Այն, որ Սեդրակ Աճեմյանը դեռ մեկ տարի առաջ` համահնչակյան համագումարի ժամանակ նպատակ ուներ ՍԴՀԿ-ն հանել Կոնգրեսից` թերեւս գաղտնիք չէր: Վերջինիս, սակայն, ինչպես հայտնի է, համագումարում դա անել չհաջողվեց, եւ դրանից հետո Աճեմյանն ինքը ստիպված էր հերքել, թե ՍԴՀԿ-ն Կոնգրեսից հանելու մտադրություններ ունի: Մասնավորապես` այն ժամանակ պատասխանելով ԶԼՄ-ներից մեկի այն հարցին, թե «լուրեր են պտտվում, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դուրս գա Կոնգրեսից», Աճեմյանը ասել էր. «Դրանք անտեղի լուրեր են: Նախ` մենք ընդհանրապես ոչ միայն Հայաստանի մեջ ենք կողմնակից եղել Կոնգրեսին, այլ ամբողջ Հնչակյան կուսակցությունը պաշտպանել էր Կոնգրեսին: Դրանք երեւակայական արտահայտություններ են, եւ չգիտեմ` ինչու են տարածվում»: Որոշ ժամանակ անց Աճեմյանը ասուլիս էր հրավիրել, որտեղ հաստատել էր այն լուրերը, որ ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եւ որ Հանքավանում հանգստյան համալիր է կառուցում: Աճեմյանն ինքը լրագրողներին ասել էր, որ այդ տարածքի համար 1.7 մլն դոլար է վճարել, հետո կառույցի համար ծախսել է եւս 5.5-6 մլն դոլար գումար:


Համառորեն

Այն, որ Սեդրակ Աճեմյանը վաղուց էր մտադրվել հայաստանյան ՍԴՀԿ ղեկին վերահսկելի մարդ ունենալ` դա էլ գաղտնիք չէ: Սակայն դա նրան չէր հաջողվում, քանի որ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն գործում էր հայաստանյան օրենսդրական միջավայրում, այսինքն` որպես ինքնուրույն մարմին: Սեդրակ Աճեմյանն, ինչպես արդեն նշեցինք, իր «փափագին» հասնելու հնարավորություն «նշմարեց» համահնչակյան համագումարի ժամանակ, երբ փորձ արեց Կոնգրեսից հանել ՍԴՀԿ-ն: Այստեղ, սակայն, Աճեմյանը հանդիպեց դիմադրության. համահնչակյան համագումարը Կոնգրեսին աջակցող բանաձեւեր ընդունեց, եւ Աճեմյանը որոշ ժամանակ ստիպված եղավ լռել: Մի քանի ամիս անց, սակայն, Վահան Շիրխանյանի եւ մի քանի այլ «հնչակների» օգնությամբ Աճեմյանը փորձեց պաշտոնանկ անել Լյուդմիլա Սարգսյանին, իսկ երբ դա նրան չհաջողվեց, անցավ սեփական կուսակցությունը տրոհող գրոհի: Աճեմյանական թեւի կողմնակից այդ մի քանի հոգին փաստացի կամ հեռացան, կամ հեռացվեցին կուսակցությունից, ինչի արդյունքում հայտարարվեց, թե իրենք են այժմ ներկայացնում ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, եւ անգամ փակ «համագումար» արեցին, որտեղ ատենապետ հռչակվեց Գեւորգ Պերկուպերկյանը: Ստացվեց, որ Հայաստանում կա երկու ՍԴՀԿ. մեկը` իրական, մյուսը` ինքնահռչակ: ՍԴՀԿ անունից խոսելու «հանգույն», շիրխանյանական թեւին բավարար չէր Աճեմյանի խոսքը. անհրաժեշտ էր հայաստանյան կառույցի կնիքը: Կնիքի համար էլ, ինչպես հայտնի է, վերջիններս «ջանադրաբար» դիմեցին ՀՀ վարչական դատարան, որտեղ էլ հայցը մերժվեց: Ըստ որոշ խոսակցությունների` թեեւ հայցի մերժումը իրավական առումով արդարացի որոշում էր, սակայն դա իրականում քաղաքական քայլ էր` ուղղված Սեդրակ Աճեմյանին: Վերջինիս, այսպիսով, իշխանությունները հասկացնել տվեցին, որ եթե ուզածդ կնիքն է, ուրեմն պետք է հրապարակավ հայտարարես, որ դադարեցնում ես համագործակցությունը Կոնգրեսի հետ: Ու քանի որ շիրխանյանական թեւն արդեն դիմել է վերաքննիչ դատարան, ուստի եւ եկել էր այն պահը, երբ Աճեմյանը պետք է ընտրեր կամ Սերժ Սարգսյանին եւ ստանար դատարանի` հօգուտ իրենց կայացված որոշումը, կամ էլ` հրաժարավեր հայաստանյան կառույցը «տակովն» անելու ցանկությունից: Փաստացի, իշխանությունները դատից առաջ Աճեմյանից հավատարմության երդում պահանջեցին եւ ստացան այն:


Տեսնես հիմա գործերը

կլավանա՞ն

Քանի որ Սեդրակ Աճեմյանն արդեն մի քանի օր է գտնվում է Երեւանում, երեկ մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան:

- Պարոն Աճեմյան, ամիսներ առաջ պատասխանելով մեր այն հարցին, թե լուրեր են պտտվում, որ դուք փորձում եք ՍԴՀԿ հայաստանյան կառույցը հանել Կոնգրեսից», ասել էիք. «Դրանք անտեղի լուրեր են: Մենք ընդհանրապես ոչ միայն Հայաստանի մեջ ենք կողմնակից եղել Կոնգրեսին, այլ ամբողջ Հնչակյան կուսակցությունը պաշտպանել էր Կոնգրեսին»: Այժմ էլ, փաստորեն, նման հայտարարություն եք տարածում, ինչպե՞ս կբացատրեիք ձեր հայտարարությունների նման տարբերությունը:

- Եթե հարմար կլինի, առաջիկայում կհանդիպենք այդ մասին կխոսենք: Հիմա շրջանակով շրջապատված եմ, այնպես որ, հիմա դժվար է այդ մասին խոսել, կողքս մարդիկ կան, սպասում են:

- Պարոն Աճեմյան, գոնե կասե՞ք` ձեր Հանքավանի հանգստյան տունը արդեն հասցրե՞լ եք ավարտին:

- Ոչ:

- Ինչո՞ւ:

- Ճանապարհը փուլ է:

- Այժմ ձեր հանգստյան տունը ի՞նչ փուլում է:

- Դե, եկել նայել են, նկարել են, էդքանով բավարարվել են: Այնպես որ, նույն վիճակն է այն ժամանակեն` մի տարի ի վեր ոչինչ չի փոխվել:

- Պարոն Աճեմյան, այսինքն` հայաստանյան ձեր բիզնեսն այսօր լավ վիճակում չէ՞:

- Ոչ: Բացարձակապես:


Աճեմյանը նոր չէ ծախվել

իշխանություններին

ՍԴՀԿ-ում տեղի ունեցող զարգացումների շուրջ երեկ զրուցեցինք նաեւ ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:

- Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք համահնչակյան ԿՎ-ի այս հայտարարությունը:

- Ասեմ, որ այդ գործընթացը արդեն համարյա մեկ տարվա վաղեմություն ունի: Մեկ տարի շարունակ արդեն այդ մարդը տանում է պառակտչական գործունեություն, որը հանգուցալուծվեց, այսպես ասած, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի «արտահերթ» համագումարով: Հայաստանում գոյություն ունի ՍԴՀԿ մի կառույց, դա ՍԴՀԿ հայաստանյան կառույցն է` իր ատենապետ Լյուդմիլա Սարգսյանով: ՍԴՀԿ այլ կառույց գոյություն չունի: Եվ մեր ընկերները խորը թյուրիմացության մեջ են, եթե խոսվում է մի կառույցի մասին, որը ոչ արտաքին դաշտում գոյություն ունի, ոչ` ներքինում:

- Այդ դեպքում այս հայտարարությամբ նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում:

- Նպատակը շատ պարզ է` համահնչակյան կառույցում կա խամաճիկների մի խումբ, որը իշխանության պատվերով պետք է ձեւավորի, այսպես կոչված, երրորդ ուժը: Դա նրանց չի հաջողվելու, որովհետեւ տեւական ժամանակ այդ փորձերը կատարվում են եւ անարդյունք: Համահնչակյան կառույցում ունենք ազնվագույն ընկերներ, որոնք, ցավոք սրտի, եղանակ ստեղծող չեն:

- Ի՞նչ շահ ունի Սեդրակ Աճեմյանը իշխանությունների պատվերը կատարելու համար:

- Մի շահ ունի պարտադիր: Ես հիմա չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ շահ, բայց որ շահ ունի` միանշանակ է: Ես նաեւ ցանկանում եմ հիշեցնել, որ Վարդան Խաչատրյանը այսօր աշխատում է Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի ամբիոնում: Լեւոն Սարգսյանն, ինչպես հայտնի է, պետհամալսարանի Աստվածաբանական ամբիոնի վարիչն է: Ուրեմն կապը Սերժ Սարգսյանի հետ գալիս է այսպես` Սեդրակ Աճեմյան, Վարդան Խաչատրյան, եւ հանգուցալուծվում է Սերժ Սարգսյանի եղբոր ամբիոնում: Այսինքն` իշխանական հրահանգները նրանք ստանում են Լեւոն Սարգսյանի միջնորդությամբ: Հրահանգ համար առաջին` ամեն գնով պետք է պառակտել Հայ Ազգային Կոնգրեսը: Այսօր դա նրանց համար առաջին խնդիրն է: Բայց դա չհաջողվեց, քանի որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը շատ կուռ կառույց է եւ միանշանակ Կոնգրեսի հետ է: Էլ թե ի՞նչ կբարբաջեն, ի՞նչ կհոխորտան, ինչի՞ մասին կերազեն իշխանական կառույցներում` դա իրագործելի չէ: Սա առաջինը: Երկրորդը` դուք գիտեք, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան եւ ինչ է սպասվում առաջիկայում: Այսինքն` մոտավորապես մի քանի ամսից, այսպես թե այնպես, իշխանությունները պետք է հանձնեն ազատագրված տարածքները: Եվ նրանք ցանկանում են, որ այդ ընթացքում` այդ տարածքները հանձնելու ժամանակ Կոնգրեսը հնարավորինս թույլ վիճակում լինի, որպեսզի դիմադրություն չստանան, եւ ինչ ուզենան, մեր երկրի հետ անեն: Իսկ որպեսզի Կոնգրեսը լինի ոչ լավ վիճակում, համար առաջին խնդիրը Կոնգրեսի ներսում քայքայիչ գործողություններ տանելն է: Մի բան, ինչի փորձերը պարբերաբար լինում են եւ հուրախություն մեզ` ապարդյուն:

- Պարոն Եղիազարյան, մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած համահնչակյան համագումարում չէ՞ր, որ ԿՎ-ն հավանություն տվեց Կոնգրեսի հետ համագործակցելու գաղափարին:

- Այո: Եվ ուզում եմ հիշեցնել բոլորին` համագումարի որոշումները օենքի ուժ ունեն եւ համագումարի բանաձեւերը պարտադիր են ի կատարումն մնացած բոլոր կուսակցական ընկերների համար: Սեպտեմբերյան համագումարում բանաձեւեր են ընդունվել, որ հայաստանյան կառույցը զորավիգ է եւ Կոնգրեսի հետ միասին է` ընդդեմ իշխանությունների, եւ նույն ձեւակերպմամբ` բանաձեւում ճանաչել է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի լավ աշխատանքը: Այս ամենը խոսում է այն մասին, որ այս մարդիկ առանց հասկանալու ծիծաղելի վիճակի մեջ են դնում հենց ՍԴՀԿ համահնչակյան համագումարի բանաձեւերը: Ինձ համար հիմա պարզ է դառնում, թե տասնամյակների ընթացքում ինչպես էր եղել, որ մեր մայր կուսակցությունը այսպիսի իրավիճակի մեջ էր հայտնվել: Այսպես էր լինում, երբ ինչ-որ մարդիկ սկսեցին իրենց հնարավորությունների սահմաններում գլխավորել ՍԴՀԿ կառույցը եւ բազմակարծություն ասածը, կուսակցականի կարծիք ասածը, այդ թվում նաեւ կուսակցության բարձրագույն մարմնի ընդունած բանաձեւերը սրանց մոտ ընդհանրապես դադարել է գոյություն ունենալ: Ճիշտ եւ ճիշտ ռեստորանային մոտեցում` ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Այսօր վճարում է Սեդրակ Աճեմյանը, նա էլ պատվիրում է երաժշտությունը, այդ թվում նաեւ քաղաքական:

- Բայց նույն Աճեմյանն էլ էր համամիտ չէ՞ համագումարի բանաձեւերին, ի՞նչ է փոխվել այս ընթացքում:

- Հիշո՞ւմ եք` համագումարի օրը դուք ինձ հեռաձայնեցիք եւ հարցրեցիք` ճի՞շտ է, որ այդտեղ տարօրինակ բաներ են կատարվում: Ես, անկեղծ ասած, ձեզ ոչ այնքան ճիշտ ինֆորմացիա տվեցի` ասելով, որ ոչ մի տարօրինակ բան չկա, ամեն ինչ նորմալ է: Համագումարի ժամանակ, սակայն, Սեդրակ Աճեմյանը փորձ կատարեց դուրս գալ Կոնգրեսից: Բայց դա նրան չհաջողվեց, որովհետեւ համագումարի եկած ընկերները լսեցին Աճեմյանին, հետո լսեցին ինձ, եւ քվեարկեցին հօգուտ Կոնգրեսի: Իսկ համագումարի որոշումները, հայտնի է, կարող են չեղյալ համարվել միայն հաջորդ հերթական համագումարում: Իսկ ՍԴՀԿ այս ձեւական երկրորդ կառույցը, որ ստեղծել են եւ հիմա էլ դատարանում վիճարկում են կնիքի հարցը, նրանց գործողությունները մեկ նպատակ է հետապնդում` ամեն կերպ շողոքորթել իշխանություններին, Լեւոն Սարգսյանի միջոցով ազդել դատարանի վրա եւ ստանալ վճիռ հօգուտ իրենց:

- Պարոն Եղիազարյան, այս հայտարարությունից հետո կարո՞ղ ենք ասել, որ Սեդրակ Աճեմյանը վերջնականապես «ծախվեց» իշխանություններին:

- Ես դա չեմ կարող ասել, ես դրան դեմ եմ, որովհետեւ Աճեմյանը նոր չէ ծախվել իշխանություններին, դա հին գործընթաց է: Ուղղակի նրանք ամեն կերպ աշխատել են, որպեսզի դա քողարկված մնա, աշխատել են ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանեն, եւ երբ դա չհաջողվեց, ստիպված գնացին բացարձակ խայտառակության: Ես կոչ եմ անում համահնչակյան ՍԴՀԿ մեր ընկերներին` լրջագույնս մոտենալ Սեդրակ Աճեմյանի վերջին հայտարարությանը , որտեղ կեղծ ազգայնական մղումների տակ քողարկված է իշխանությունների հետ ամրացվող կապը: Համահնչակյան կառույցը վտանգված է: Այս դավաճանի խարանը չի մաքրվելու նրանց ճակատից:
Քրիստինե Խանումյան
http://www.zhamanak.com/article/15758/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.