вторник, 17 августа 2010 г.

ՍԴՀԿ ԿՎ հայտարարությունն «աբսուրդ» է. Լյուդմիլա Սարգսյան


Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը (ՍԴՀԿ ԿՎ) իրավունք չունի հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության կամ այն դադարեցնելու վերաբերյալ որեւէ հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ին անդամակցած  ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը չի համագործակցում ՀԱԿ-ի հայաստանյան որեւէ կառույցի հետ, հետեւաբար՝ այդ մասին որեւէ բան հայտարարելու իրավունք չունի: Իրենք կարող են համագործակցել սփյուռքում գոյություն ունեցող ՀԱԿ կառույցների հետ եւ հայտարարություններ անել միայն այդ կառույցների հետ համագործակցություն սկսելու կամ դադարեցնելու վերաբերյալ»,-նշեց Սարգսյանը:
Նա նաեւ ցավ հայտնեց, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը չկարողացավ «իր մեջ այնքան  ուժ գտնել, որ մեղքերն ու սխալներն իր մեջ որոնի»:
Անդրադառնալով ՍԴՀԿ ԿՎ հայտարարության այն հատվածին, որտեղ ՍԴՀԿ հայաստանյան կառույցին ԿՎ-ն մեղադրում է կցորդ լինելու մեջ, Սարգսյանը նկատեց. «Ինձ դա ուղղակի ապշեցնում է: Եթե Կենտրոնական վարչությունը համարում է, որ Հայաստանի ժողովրդի  խնդիրները, որոնց լուծման համար պայքարում է ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի հետ միասին, չեն համընկնում հայ ավանդական կուսակցության նպատակներին, ապա ես զարմանում եմ, թե ո՞ր գաղափարախոսությանն են իրենք դավանում: Իսկ եթե Կենտրոնական վարչությունը կարծում է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը պետք է վեր կանգնի այդ խնդիրներից եւ ընդամենը բավարարվի ակումբային հայտարարություններով, ապա դա մեզ համար աբսուրդ է եւ անընդունելի»: ՍԴՀԿ ատենապետը ընդգծեց նաեւ, որ ՍԴՀԿ Հայաստանի կառույցը լրջագույն քաղաքական ուժ է, հավատարիմ հնչակյան իր  ընկերների հիշատակին եւ հետապնդում է նրանց 123-ամյա նպատակները: «Մենք կանգնած ենք ժողովրդի կողքին եւ մինչեւ վերջ շարունակելու ենք պայքարը երկրում ժողովրդավարություն հաստատելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար»:   
Ի դեպ, օրերս Երեւանում կայացել է համահնչակյան կենտրոնական վարչության լիագումար նիստը, որին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցել: Իսկ օգոստոսի 16-ին ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ծանոթանալով  ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության   7-րդ Համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009թ.) իրականացրած աշխատանքներին, Կենտրոնական Վարչությունը միաձայն  ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը: Հայ իրականության առաջին քաղաքական Կուսակցությունը  չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: ԿՎ-ն առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»:
Նշենք, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայաստանում գրանցված կառույց չէ:

http://news.am/arm/news/27878.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.