вторник, 17 августа 2010 г.

ՍԴՀԿ ԿՎ-ն կողմ է «ոչ»-ի քաղաքականությանը


Հայ ազգային կոնգրեսին անդամակցող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի լեգիտիմության հարցը բարձրացնելուց, ապա եւ նրանից առանձնանալուց հետո ՍԴՀԿ շիրխանյանական թեւը 2009-ի դեկտեմբերի 16-ին Ծաղկաձորում համագումար անցկացրեց եւ ատենապետ ընտրեց Գեւորգ Պերկուպերկյանին:

Այդ օրվանից հետո առաջին անգամ Լ. Սարգսյանից առանձնացած թեւը երեկ հայտարարել է, որ անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը, չնայած համագործակցություն որպես այդպիսին չի էլ եղել, քանի որ հայտնի է եղել, որ Լ.Սարգսյանի ղեկավարած կառույցից հեռացածները ենթարկվել են «իշխանությանը մարդը» համարվող ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Իսկ համագործակցության դադարեցման մասին 7 անդամներից բաղկացած ԿՎ-ի երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ծանոթանալով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 7-րդ համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009թ.) իրականացրած աշխատանքներին, ԿՎ-ն միաձայն ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը:

Հայ իրականության առաջին քաղաքական կուսակցությունը չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: ԿՎ-ն առավել եւս մերժում է ՀԱԿ-ի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին: Ուստի անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»: ՍԴՀԿ ԿՎ հայտարարության մյուս հետաքրքիր հատվածը մեր ավելի վաղ հրապարակած այն տեղեկությունների ապացույցն է, ըստ որի իշխանությունները ծրագրել են Աճեմյանի միջոցով ՍԴՀԿ-ն առանձնացնել ՀԱԿ-ից եւ ՀՅԴ-ի ու ավանդական մյուս կուսակցության` ՌԱԿ-ի հետ ազգային ճակատ ձեւավորել: Դա հայտարարության այն հատվածն է, որտեղ նշվում է, թե ԿՎ-ն դեմ է հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցերում իշխանությունների գործողություններին: Այսինքն, ըստ էության` ՍԴՀԿ-ն էլ, ինչպես ՀՅԴ-ն, որդեգրում է «Ոչ»-ի քաղաքականություն: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Լ. Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից հեռացած եւ առանձին թեւ կազմած Վահան Շիրխանյանը, մեկնաբանելով ԿՎ ընդունած հայտարարությունը, նշել է, թե ցանկացած կուսակցություն իր գաղափարները ժողովրդին հասցնելու համար պետք է ինքնուրույն գործի:

«Երբ մի կուսակցություն մտնում է մի միավորման մեջ որպես 15-րդ, 20-րդ, 30-րդ կուսակցություն, դրանցից ոչ մեկն ի վիճակի չի լինի իր գաղափարախոսությունը ժողովրդին հասցնել»,- ասել է Շիրխանյանը` ավելացնելով, որ իր կարծիքով ներհնչակյան խմորումները ընթացան ՀԱԿ-ի միջամտության պատճառով: Իսկ Կոնգրեսը, ըստ նրա, սխալ է վարվում, որ սահմանափակվում է միայն իշխանափոխության կոչերով, անհրաժեշտ է համակարգի փոփոխություն. «Իշխանությունների հրաժարական պահանջելը մեր 20 տարվա պատմությունն է, որը բերել է միայն ցնցումների, միայն արտագաղթի, միայն դժգոհությունների, դժբախտությունների»,- ասել է նա: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրուցում ասաց, որ բնական է` ինքը հրավիրված չի եղել ԿՎ նիստին ու համարում է, որ դա ոչ թե ԿՎ-ի, այլ Շիրխանյան-Աճեմյան զույգի հայտարարությունն է, եւ հնարավոր է` շատ կուսակիցներ չգիտեն այդ հայտարարության մասին: Մյուս կողմից, ըստ նրա, ԿՎ-ն իրավունք չունի հանդես գալ Կոնգրեսի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու մասին հայտարարությամբ, քանի որ այն Հայաստանում գրանցված կառույց չէ եւ իրավունք չունի խառնվել ներքաղաքական կյանքին: Անդրադառնալով ՍԴՀԿ-ի` Կոնգրեսի կցորդ լինելու որակմանը, Սարգսյանն ասաց, թե ՍԴՀԿ-ն երբեք որեւէ քաղաքական ուժի կցորդը չի եղել եւ այսօր էլ անկախ կառույց է, որը սահմանադրական կարգը երկրում վերականգնելուն ուղղված նպատակների շուրջ մինչեւ վերջ համագործակցելու է Կոնգրեսի հետ: Լ. Սարգսյանն ավելացրեց, որ եթե Աճեմյանը դա հայտարարել է դատը շահելու համար, ապա ինքը մինչեւ վերջ գնալու է` արդարության հասնելու համար: Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով ՍԴՀԿ ԿՎ հայտարարությանը, ասաց. «ՀՀ-ում գործող ՍԴՀԿ հետ Կոնգրեսի սկզբնավորման օրից գոյություն ունի սերտ համագործակցություն, ՍԴՀ-ն եղել եւ մնում են Կոնգրեսի անդամ ակտիվ կուսակցություններից մեկը եւ ապագայում էլ այդ համագործակցությունը շարունակվելու եւ խորանալու է: Կոնգրեսը շարունակում է բաց մնալ նաեւ բոլոր սփյուռքյան հասարակական, քաղաքական կառույցների համար: Մեզ համար նշված հայտարարության մեջ եղած մեղադրանքները ոչ հասկանալի են, ոչ էլ հիմնավոր»:
Սյուզաննա Պողոսյան
http://www.armtimes.com/15693

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.