Օրերս Երևանում կայացած համահնչակյան կենտրոնական վարչության լիագումար նիստին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցել։ Այս մասին Tert.am-ին ասաց Լյուդմիլա Սարգսյանն՝ ընդգծելով. «Խոսքը համահնչակյան կենտրոնական նիստի մասին է, որը կայացել է Երևանում, և որին ես չեմ մասնակցել։ Իմ և Սեդրակ Աճեմյանի (ՍԴՀԿ կենտրոնական վարչության ղեկավարն է - Теrt.am) միջև հաշտության եզրեր չկան, և պարզ է, որ չէին հրավիրի ինձ։ Ես էլ առանձնապես տոգորված չէի մասնակցելու ցանկությամբ»։
Անդրադառնալով լիագումար նիստում ընդունված հայտարարությանը, որում ՍԴ համահնչակյան կենտրոնն անհնար է համարում ՀԱԿ–ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ չի կարող լինել որևէ ուժի կցորդ, Լյուդմիլա Սարգսյանը որակեց դա «շատ ծայրահեղական մոտեցում»։ «Շատ ծայրահեղական է, ես կասեի, որ ողջամիտ չեն եղել և կվերանայեն իրենց մոտեցումը»,– նշեց նա՝ ավելացնելով. «Ես կարծում եմ այստեղ հստակ ազդեցություն կա, և իրենք փորձում են իրենց գործողություններն արդարացնել՝ մեղադրելով ՀԱԿ–ին»։
Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց, թե իրենք երբեք էլ ՀԱԿ–ի կցորդը չեն եղել։ «Մենք երբեք կցորդ չենք եղել և չենք էլ լինի։ Մի բան է համագործակցությունը, մի այլ բան՝ կուրորեն մեղադրել մի ուժի (նկատի ունի ՀԱԿ–ին –Tert.am), որը հստակ մոտեցում ունի։ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը որոշ չափով հիվանդացել է, և կարծում եմ, որ կուսակցությունում պետք է լինի առողջացում»,– նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ ավելացնելով, որ ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը չպետք է հայաստանյան կառույցին դիտի որպես ակումբ, ինչպես սովորաբար արվում է Սփյուռքում։ «Սա քաղաքական կուսակցություն է»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԿ–ին սատարող ՍԴՀԿ կուսակցությունում անցած տարվանից սկսվեցին տարաձայնություններ, որի արդյունքում կուսակցությունը բաժանվեց երկու թևի։ Կուսակցության այն թևը, որի կազմում են Վահան Շիրխանյանը, ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը, ՍԴՀԿ՝ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած թևին մեղադրեցին կուսհամագումարում ապօրինաբար ընտրվելու մեջ։ Հարցը հասավ դատարան, որը սակայն որոշեց, որ Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ է ընտրվել օրինական ձևով։ Շիրխանյանական թևը խոստացել է բողոքարկել դատարանի վճիռը։
http://tert.am/am/news/2010/08/16/lyudmila/
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.