пятница, 6 мая 2011 г.

Իշխանությունը կարող է նույնիսկ զինծառայողների վրա կրակ բացել, որպեսզի մնա իշխանության (տեսագրություն)

p1

Առաջին Լրատվականի Real Politik հաղորդաշարի զրուցակիցն է ՍԴՀԿ և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը


- Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին Հայաստանի իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարական տվեց: Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ 2008 թվականի Մարտի 1-ից հետո երեք տարի անց այսպիսի հանձնարարական է տրվում, և ի՞նչ հույսեր ունեք ընդհանրապես:


- Անկեղծ ասած, ես հույս չունեմ, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Մարտի 1-ը կբացահայտվի: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Մարտի 1-ը բացահայտված է հայ ժողովրդի համար, և կարող եմ բերել բացահայտման ապացույցներ: Ինձ և իմ ընկերներին անմիջապես ձերբակալեցին Մարտի 1-ի իրադարձություններից հետո, ծանրագույն հոդվածներով` մեզ բանտախցեր նետեցին քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներով: Այսինքն` Մարտի 1-ի ոճրագործությունը ցանկանում էին բարդել ընդդիմության վրա, ասում էին` այդ սպանությունները, հրկիզումները, թալանը ընդդիմության ձեռքի գործն է: Կարող եմ բերել մի քանի ցցուն փաստեր` իրենց իսկ տեսագրություններով, հեռուստահաղորդումներով և մամուլում տպած նյութերով: Ցավոք սրտի, այնքան խորացան, որ ունեցանք 10 զոհ, և ինչպես ի լուր աշխարհի հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. «182 զինվոր վիրավորվեց»: Ես օրինակ բերեմ. հայտնի իրադարձությունները, որ տեղի են ունենում Ատլանտյան Աֆրիկայում` նույն Լիբիայում, ՆԱՏՕ-ի «Ֆանտոմները» ռմբակոծում են Տրիպոլին, և պարզվում է, որ երկուսից չորս հոգի է զոհվել: Այդ դեպքում Մաշտոցի պողոտայի 30 մետր լայնության վրա, որտեղ կանգնած էր Անվտանգության համակարգն իր բոլոր ստորաբաժանումներով, կանգնած էր ոստիկանությունը և բանակը, ինչպե՞ս կարող էին մարդասպանները չբացահայտվել, չէ՞ որ անվտանգությունը կանգնած էր իր արտաքին դիտման հատուկ վարչությունով, որի ուղղակի պարտականությունը նկարահանումն էր, ոստիկանությունը նույնպես ուներ այդ հնարավորությունը: Այդ դեպքում ինչպե՞ս կարող էին նկարահանել տարածքը և չհայտնաբերել մարդասպաններին: Փաստորեն, երկու զինծառայող էր զոհվել: Նրանցից մեկի մայրը նշեց, որ ինքը գնացել էր և իր որդու դին չէր ճանաչել` ուռած է եղել: Այստեղ մի նրբություն կա, նման փոփոխությունների կարող էր դիակը ենթարկվել, եթե թունավոր գնդակով է խոցված, իսկ նման գնդակներ խանութներում չեն վաճառում: Մյուս կողմից` 182 զինվոր է վիրավորված, մարտի 10-ի կողմերը ցույց էին տալիս կադրեր, որտեղ Սերժ Սարգսյանը այցելության է գնում հիվանդանոցում գտնվող վիրավորներին, ովքեր ոտքերից էին վիրավորված, իսկ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում նշեց, որ ինքնաձիգով մեկը դուրս էր գալիս մեքենայից, կրակում և թաքնվում մեքենայի հետևում, եթե մեկ մարդու հաջողվեց 10 հոգու սպանել և 182-ին վիրավորել, ապա մենք գտնվում ենք դժբախտագույն վիճակում, որովհետև այդ ամենը կատարվեց մեր «փառապանծ» զորքի, ոստիկանության և փառապանծ անվտանգության աշխատակիցների «աչալուրջ» հայացքի ներքո, և մինչև այսօր այդ մարդը հայտնաբերված չէ: Ասեմ, որ ուղղակի ստում են իրենց հանցագործությունը թաքցնելու համար: Ես միանշանակ կարող եմ հայտարարել, որ զինծառայողների ոտքերի վրա իրենք են կրակ բացել: Իշխանությունը կարող է նույնիսկ իր զինծառայողների վրա կրակ բացել, որպեսզի մնա իշխանության:


- Պարոն Եղիազարյան, Սերժ Սարգսյանի հանձնարարականը կատարելու համար ո՞ր գերատեսչությունն է, որ առաջին քայլը պետք է անի, և ո՞րը պետք է լինի այդ քայլը:


- Առաջին հերթին նա պետք է անհապաղ ազատ արձակի մեր ընկերներին, որոնք մինչև այսօր դեռ գտնվում են բանտերում: Երկրորդը` պետք է սկսել պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից: Անդրանիկ Քոչարյանը շատ կարճ մի քանի հարցեր տվեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին` ասելով, որ դուք խախտել եք մեր երկրի գլխավոր օրենքը, նախկին նախարարը պատասխաններ չուներ և ասաց, որ իրեն հրամայել են: Այդ դեպքում, եթե հրամայել են և ցանկանում են Մարտի 1-ը բացահայտել, ապա նախարարի ասածը հիմք ընդունեք և անմիջապես անցեք Ռոբերտ Քոչարյանին: Առաջին մարդը, ում պետք է նախաքննությունը քննի` դա Ռոբերտ Քոչարյանն է, իսկ պաշտպանության նախարարությունը ուղիղ եթերում այդ մասին ցուցմունք տվեց:


- Դուք Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա եք եղել և կարող եք անզեն աչքով գնահատել Մարտի 1-ին տեղի ունեցածը: Ընդդիմության տարբեր գործիչներ մեղավորների անուններ են նույնիսկ հնչեցնում:


- Այս գործընթացը գտնվում է փակուղում: Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը, բայց չեմ հասկանում: Նա իր մեջ ուժ գտավ և հայտարարեց, քանի որ այս բացահայտումը իրեն էր հարկավոր: Լրանում է նրա հանձնարարականի մեկ ամիսը, և մինչև այսօր ոչ մի գործ արված չէ` գոնե հրապարակային հարթության վրա, եթե օրինակ` Գորիկ Հակոբյանին կանչեին հարցաքննության, մենք դրա մասին կիմանայինք, իսկ եթե չենք իմանում, ուրեմն չեն հարգում իրենց նախագահի խոսքը, որն ուղղակի ասել էր ասելու համար, հանրապետության նախագահի նման հայտարարությունը ես լրջագույն քայլ եմ համարում, իսկ այն անգործությունը, որ այսօր տիրում է` անհասկանալի է: Այդ հայտարարությունից հետո, փաստորեն, ես անտեղի տեղը նստեցի հինգ ամիս, Գագիկ Ջհանգիրյանը նստեց մեկ ու կես տարի, Սմբատ Այվազյանը շինծու մեղադրանքով, Վարդան Ջհանգիրյանը և մնացած իմ բոլոր ընկերները անտեղի գտնվեցին կալանավայրերում: Այս հայտարարությունից հետո, փաստորեն, նա մեզ նկատի չուներ, եթե մեզ նկատի ունենար, ապա կասեր` նայեք այդ մարդկանց հոդվածները, բայց նա այդպիսի բան չասաց, այլ նշեց, որ դա իրեն է հարկավոր:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.