среда, 18 мая 2011 г.

Բռնապետությունն էլ լիմիտ ունի

Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

2-1 - Ձեր կարծիքով, իշխանությունները մինչեւ մայիսի 31-ն արդյոք ազատ կարձակեն քաղբանտարկյալներին: Եվ այդ առումով, իշխանություն-կոնգրես երկխոսությունը որքանո՞վ եք ռեալ համարում:
 
- Իշխանություններն այլեւս չունեն այլընտրանք, պարզապես չունեն հնարավորություն` հետքայլ անելու: Իշխանությունների համար իրավիճակը փակուղային է, եւ եթե նրանք կատարել են Կոնգրեսի երկու պահանջները, ապա կկատարեն նաեւ երրորդն ու ազատ կարձակեն նաեւ քաղբանտարկյալներին: Ես ավելի քան վստահ եմ, որ այսօր երկխոսություն սկսելու համար կան նախադրյալներ:

Միանշանակ է, որ երկրում ինչ տիպի բռնապետություն էլ լինի, միեւնույն է, նրանք ունեն լիմիտ, որից այն կողմ շատ դժվար է գոյատեւելը: Եթե արաբական երկրներում այդ բռնապետական ռեժիմները բավական երկար տարիներ կարողացան գոյատեւել, ապա հաջորդաբար կեղծվող ընտրություններին չհամակերպվող եւ մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը հետամուտ հայ ժողովրդի դեպքում, համոզված եմ, բռնապետությունը երկար կյանք չի ունենա: Մանավանդ որ ժողովրդին առաջնորդում է իրապես հզոր ընդդիմություն` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի:
 
Կոնգրեսի առավելությունը շատ քաղաքական ուժերի նկատմամբ այն է, որ սա ողջախոհ, ողջամիտ, պետականամետ քաղաքական ուժ է, եւ մենք շատ լավ գիտակցում ենք պատասխանատվության չափը երկրի ու ժողովրդի նկատմամբ: Կոնգրեսը կարողացավ իր հետեւողականությամբ, իր պահանջատիրությամբ պարտադրել իշխանություններին` անել հետեւություններ ու հասկանալ, որ փակուղում նախ եւ առաջ իրենք են եւ առաջին հերթին իրենց է պետք երկխոսությունը: Չկա երկխոսություն, միշտ էլ կա հեղափոխական ճանապարհը: Բայց դա այս պահին մենք նպատակահարմար չենք համարում, այլ ցանկանում ենք իսկապես անցնցում, թավշյա հեղափոխություն: Սակայն, կրկնեմ, կախված իրադարձությունների զարգացումներից, չենք բացառում նաեւ հեղափոխական ճանապարհը: Իսկ այս պահին ժողովրդին, մեր երկրին երկխոսության հնարավորությունից զրկելն առնվազն քաղաքական կուրություն կլիներ:
 
- Ձեր կարծիքով, արդյոք իշխանություններն իրապես կգնան երկխոսության, թե ժամանակ կձգեն մինչեւ հաջորդ ընտրություններ, երբ այլեւս անիմաստ կլինի արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը:
 
- Իշխանությունները չունեն այդ հնարավորությունը: Լիովին սպառվել է նրանց աճպարարությունների լիմիտը: Իշխանությունները, պայմանավորված ներքին ու արտաքին գործոններով, այլեւս չեն կարող ժամանակ ձգել: Մեր եռամյա պայքարի արդյունքում կարողացանք մեզ վրա սեւեռել արտաքին աշխարհի ուշադրությունը, արժանանալ նրա վերաբերմունքին: Արտաքին աշխարհն էլ է հասկանում, որ երկրին անհրաժեշտ են բարեփոխումներ, որ ժողովրդին գոհացնելու համար անհրաժեշտ է անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ: Այդ վերաբերմունքը երեւում է նաեւ միջազգային կառույցների զեկույցներում: Ամենավառ օրինակը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցն էր: Նույն գնահատականները նա կարող էր հնչեցնել նաեւ շատ ավելի վաղ: Բայց երեւի կաշկանդված էր: Իսկ հիմա այլեւս կաշկանդված չէ իր արտահայտություններում ու գնահատականներում, ինչը նշանակում է, որ գերտերությունները, Եվրոպան արդեն իսկ հասկանում են, որ այս իրավիճակը չի կարող շարունակվել, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այլեւս անվերահսկելի լինեն ներքաղաքական զարգացումները: Այնպես որ, այս ամենի հանրագումարում դժվար չի հասկանալ, որ իշխանությունների լիմիտը սպառված է, եւ նրանք ուզեն, թե չուզեն, վաղ թե ուշ գնալու են արտահերթ համապետական ընտրությունների:
 
- Երկխոսության մասին ՀՅԴ ներկայացուցիչները տեսակետ էին հայտնել, որ դա թելադրված է դրսից, որ երկու կողմը` եւ Կոնգրեսը, եւ իշխանությունները հայտնվել են փակուղում, ու հիմա արտաքին աշխարհը նրանց պարտադրում է գնալ երկխոսության:
 
- Եթե եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը հայտնվել էին փակուղում, ապա արտաքին աշխարհը գիտեր ՀՅԴ տեղը, ու կփորձեին բանակցել ու լրջագույն դերակատարություն տալ այդ ուժին: ՀՅԴ-ն, լինելով հին կուսակցություն, ունենալով ներքին իմաստնություն եւ չափավոր անկեղծություն, այս դեպքում ամենեւին էլ անկեղծ չի:
 
- Իսկ արտաքին գործոնը դեր ունի՞ այս երկխոսության սկզբնավորման հարցում: Արտաքին աշխարհը միջամտել, միջնորդե՞լ է այս հարցում:
 
- Մենք դրսի հետ խոսելու բան չունենք: Բոլորն են հասկանում, որ մի կողմից այս իշխանությունները սպառել են իրենց, իսկ մյուս կողմից կա իշխանության պատրաստ լրջագույն քաղաքական ուժ` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի: Ուստի` դրսի ուժերը կարող են որոշակի ազդեցություն ունենալ միայն իշխանությունների վրա: Իսկ այդ ազդեցությունը կարող է լինել հետեւյալ ձեւով` նրանք կհուշեն, որ իշխանությունները պարտավոր են անցկացնելու արտահերթ ընտրություններ, որ պարտավոր են թուլացնելու ներքաղաքական լարվածությունը, պարտավոր են վերականգնել օրինականությունը, պարտավոր են երկխոսել ժողովրդի հետ: Հետեւաբար արտաքին աշխարհի ազդեցությունը կարող է լինել իշխանության վրա` նշածս սահմաններում:
 
- Իշխանությունները մշտապես հայտարարում են, որ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալներ չկան, որ իրենք երբեք չեն գնա այդ քայլերի: Այդ դեպքում ի՞նչ երկխոսություն կարող է լինել, եթե Կոնգրեսն էլ պնդում է, որ երկխոսության օրակարգում պետք է լինի միայն արտահերթ ընտրությունների անցկացումը:
 
- Իշխանական հատվածի միջին ու մանր օղակի գործիչները հասկանում են, թե ինչ իրավիճակում կարող են հայտնվել իրենք` արտահերթ ընտրությունների դեպքում. պարզապես լուսանցքից դուրս: Հետեւաբար, իրենց ենթագիտակցությունն է հուշում, որ պետք չի համակերպվել արտահերթ ընտրությունների հետ: Ու մինչեւ վերջին պահը իրենք խոսում էին այդ մասին: Ընդ որում, հիշեցնեմ, որ դրանք մարդիկ էին, որոնք մինչեւ վերջին պահը բացառում էին Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը, մարտի 1-ի էջը պարզապես փակված էին համարում, կարծում էին` երկրում չկան քաղբանտարկյալներ: Հետեւաբար, արտահերթ ընտրությունների մասին կխոսեն միայն այն ժամանակ, երբ փաստն արձանագրված կլինի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.