Կոնգրեսը հրավիրված չի եղել «ՍԴՀԿ արտահերթ համագումարին»
четверг, 17 декабря 2009 г.
Հնչակյան օրինական ատենապետը կընտրվի 2010թ. հունվարի 9-ին
Լյուդմիլա Սարգսյան. «Օրինական, ընտրված ատենապետը մինչև հունվարի 9-ը Լյուդմիլա Սարգսյանն է, հուսով եմ` հետո էլ»
Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին` կուսակցությունում տեղի ունեցող վերջին խմորումների վերաբերյալ:
Ամեն դեպքում Դուք Ձեզ դեռ համարում եք ատենապետ:
Ինձ թվում է` ոչ թե ես եմ համարում, այլ դա փաստ է: Ով ում ինչ ուզում է հայտարարի, ես գրանցված ատենապետն եմ: Արդարադատության նախարարությունում, պետռեգիստրում փաստաթղթերով, օրինական ընտրված ատենապետը մինչև հունվարի 9-ը Լյուդմիլա Սարգսյանն է, հուսով եմ` հետո էլ:
Դիմելո՞ւ եք դատարան:
Իհարկե, ես հայտարարել եմ և նորից հայտարարում եմ` եթե որևիցե մեկը կհամարձակվի հանդես գալ որպես Հայաստանյան վարիչ մարմնի անդամ կամ որպես ատենապետ, նա ուղիղ կկանգնի դատարանի առաջ: Իսկ հունվարի 9-ից հետո էլ օրինական ատենապետ կլինի, և նորից կկանգնեն դատարանի առաջ, եթե կփորձեն վիճարկել այդ փաստը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Հնչակյան կուսակցությունը նախագահական ընտրություններից առաջ և հետո ինչ դերակատարություն ունեցավ ընդհանրապես շարժման մեջ, և ինչ կշիռ ձեռք բերեց նաև, այո՛, շարժման արդյունքում: Երբևիցե Հնչակյան կուսակցությունը այնքան մեծ կարևորություն և կշիռ չի ունեցել քաղաքական դաշտում, ինչպիսին ձեռք բերեց իմ ատենապետության օրոք և իմ ընկերների օգնությամբ: Մենք և ձերբակալվեցինք, և ծեծվեցինք Մարտի 1-ից հետո, և տարբեր-տարբեր զրկանքներ կրեցինք, հացադուլներ կազմակերպեցինք, և միչև վերջ հավատարիմ մնացինք շարժմանը:
Կենտրոնական վարչության ղեկավար Սեդրակ Աճեմյանը, սկզբում մտածելով, որ շատ արագ տեղի կունենա մեր հաղթանակը, լուրջ կողմնակից էր Լևոն Տեր-Պետրոսյանին և շարժմանը: Բայց հետագայում` շուրջ 1,5 տարի առաջ, Հանքավանում ձեռք բերեց հանգստյան տուն: (Պետք է ասեմ, որ իրոք ինքն է գնել. դա նվեր չի եղել իրեն: Միգուցե հետո ուրիշ բաներ իրեն խոստացել են, բայց կոնկրետ դա ինքը ձեռք է բերել իր միջոցներով: Ես դրա վկան եմ): Երևի հասկանալով, որ իր բիզնեսը այստեղ զարգացնելու համար` իրեն իշխանությունների հովանավորությունն է պետք և նաև լինելով բիզնեսի մարդ` նա գնաց գործարքի:
Կուսակցության մեջ հայտնվեց մի մարդ, որը դարձավ Սեդրակ Աճեմյանի լրջագույն աջակիցը այդ պրոցեսի ընթացքում: Դա Վահան Շիրխանյանն է: Վահան Շիրխանյանը, ինչքան էլ փորձի համոզել մարդկանց, որ ինքը ընդիմադիր է, ազնվագույն մարդ է, երևի թե Հայաստանում այսօր չգիտվի մի մարդ, որը, քիչ թե շատ ճանաչելով Վահան Շիրխանյանին, կարող է հավատալ նրա այդ հավաստիացումներին: Բոլորը գիտեն, թե նա ինչ խառնակչական գործունեություն է տարել բոլոր այն ոլորտներում, որտեղ աշխատել է:
Արդյունքում նպատակ էր դրված կուսակցությունը հանել Հայ ազգային կոնգրեսից: Ուզում եմ բարձրաձայն ասել, որ Սեդրակ Աճեմյանը, 19-րդ համագումարից մի քանի օր առաջ ինձ հետ խոսել է այն մասին, որ այդ հարցը պիտի մտնի 19-րդ համագումարի օրակարգ: Համահնչակյան 19-րդ համագումարը կայացավ սեպտեմբերի 26-ին: Ես, իհարկե, փորձեցի մի փոքր խաղալ իր հետ, չասացի իմ բուն տրամադրությունները, բայց նա շատ լավ գիտեր, որ երբևիցե ես դրան չեմ գնա: Ընդ որում, ինքը փորձեց այդ մասին խոսել նաև Գուրգեն Եղիազարյանի հետ: Գուրգեն Եղիազարյանը ևս ասաց, որ դա չի ստացվելու: Եվ համագումարում նա փորձեց այդ խնդիրը առաջ քաշել` ասելով, որ բոլորի հետ համաձայնեցված է այդ խնդիրը, սակայն Հնչակյան կուսակցության ներսում (նաև սփյուռքը նկատի ունեմ) կային շատ առողջ մարդիկ, շատ նվիրյալ հնչակյաններ, որոնք մեր ելույթները լսելուց հետո, նաև ի սկզբանե լինելով Հայ ազգային կոնգրեսի և շարժման համակիրներ` չգնացին այդ գործարքին, և հարցը օրակարգ չմտավ:
Փաստորեն, ձախողվեց Սեդրակ Աճեմյանի ծրագիրը: Ի դեպ, դա նրան առաջարկված ծրագիր է:
Ո՞ւմ կողմից:
Կարող եմ վստահաբար ասել, որ Տիգրան Սարգսյանի հետ նրա բազմաթիվ հանդիպումների արդյունքում նրանք եկել են այդ գործարքին: Նպատակն էր` ամեն գնով պառակտել Հայ ազգային կոնգրեսը (Հնչակյան կուսակցությունը կազմում է Հայ ազգային կոնգրեսի այն առանցքային մասը, որին այնտեղից պոկելով` կարող են այդ պրոցեսը զարգացնել և միգուցե, ըստ իրենց, հասնել հաջողության): Բայց նման դեպքերում մենք շատ ուշիմ ենք: Մենք շատ լավ հասկանում էինք` ինչ են ուզում անել:
Զուգահեռ ուզում էին լուծել նաև երկրորդ հարցը` ստեղծել Կոնգրեսին այլընտրանքային ընդդիմություն, որը, ըստ իս, շատ ծիծաղելի է. Կոնգրեսին այսօր չկա որևիցե մի այլընտրանք, որը կարող էր մրցակցել` որպես արմատական ընդդիմություն: Բայց կար նպատակ ստեղծել ազգային ավանդական կուսակցությունների դաշինք, որը ընդդիմության քաղի տակ կդառնար գրպանային ընդդիմություն իշխանությունների համար:
Այլևս չեմ խորշում ասելուց, որ Դաշնակցությունը այդ դերակատարությունը վերցրել է իր վրա: Հստակ է, որ ռամկավարները նույնպես դրա մեջ են: Եվ նրանց պակասում էր ամենահիմնական օղակը. լինելով հերոսական անցյալ ունեցող, ներկայումս շատ մաքուր, չզրպարտված կուսակցություն` նա 3-րդ հիմնական օղակն էր, որը պիտի ստեղծեր այդ ազգային ուժերի դաշինքը:
Ինչպես տեսնում եք, մենք պայքարում ենք ոչ թե կուսակցության գոյության, այլ դաշտի մաքրության, Հայ ազգային կոնգրեսի միասնականության համար, և այդ պայքարում, հավատացեք, այնքան վճռական ենք, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր հավատն ու մեզ այդ պայքարից հետ կանգնեցնել: Հավատացեք` հաղթելու ենք:
Ըստ Ձեզ` ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի՞ ցուցումով է քանդվում կուսակցությունը:
Իհարկե ոչ Տիգրան Սարգսյանի ցուցումով: Ցուցումը շատ ավելի վերևից է, բայց բանակցողը Տիգրան Սարգսյանն է:
Ավելի վերև ասելով` ո՞ւմ նկատի ունեք:
Չե՞ք կարծում, որ Տիգրան Սարգսյանը չի որոշում, թե Հայաստանում քաղաքական ինչ պրոցեսներ տարվեն: Դա ուղիղ Սերժ Սարգսյանի կողմից է հուշվում: Իրականացնողը Տիգրան Սարգսյանն է:
Այսինքն` Սերժ Սարգսյանի համար այդքան ակտուա՞լ է Հնչակյան կուսակցությունը հանել Հայ ազգային կոնգրեսից, դրանով մեծ խնդի՞ր է լուծում:
Այն բացատրությունը, որ ես տվեցի, Ձեզ պիտի համոզի, որ դա իրոք շատ կարևոր է:
Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ մի քանի կուսակցություն, որոնք Կոնգրեսի ներսում էին, սկսեցին ինչ-որ բաներ անել: Օրինակ` Մարքսիստական կուսակցությունը:
Ես դա կուսակցություն չեմ համարում:
Ժիրայր Սեֆիլյանը կատեգորիկ հայտարարություններ է անում: Հիմա հերթը հասավ Հնչակյան կուսակցությանը: Սա ի՞նչ է նշանակում:
Ես կարծում եմ ` Ժիրայր Սեֆիլյանը շատ կարգին տղա է, ինքը իրոք հավատում է այն ամենին, ինչ ասում է, բայց ինքը չի պատկերացնում, որ իր կողքին կանգնած են մարդիկ, որ ունեն լրիվ այլ նպատակներ:
Մեղադրանքը միշտ նույնն է` պասիվություն:
Ես չեմ համարում, որ Հայ ազգային կոնգրեսը այսօր պասիվ է: Համոզված եմ, որ այն, ինչ պիտի աներ այսօր` այս քաղաքական իրավիճակում, Հայ ազգային կոնգրեսը լիարժեք կատարում է, իսկ աշխատանքի արդյունքը հետագայում դուք կտեսնեք:
Ովքե՞ր են Վահան Շիրխանյանի հետ միասին:
Հիմնական դերակատարները` Վահան Շիրխանյան, Նարեկ Գալստյան (շատ ցավով եմ ասում այդ անունը) և Գևորգ Պերկուպերկյան, որը ներկայիս «Տխրունու» ատենապետն է: «Տխրունի» ուսանողական միությունը վճարվում է Սեդրակ Աճեմյանի կողմից: Իսկ մնացած մի քանի երիտասարդներ ընդամենը այդ ազդեցության տակ են:
Տիկին Սարգսյան, եթե համագումարը ամեն դեպքում լինի, և ընտրեն ինչ-որ նոր կազմ, ապա այլընտրանքայի՞ն հայաստանյան վարչություն է ստեղծվում, թե՞ նոր կնիքով կազմակերպություն:
Իրենք օրենքի դաշտից դուրս են, իրենք խախտել են և «Կուսակցությունների մասին» օրենքը, և Հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագիրը` բոլոր-բոլոր կետերով: Եվ ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես են իրենք պատկերացնում, որ կարող են ձևավորել նոր վարչություն և նոր ատենապետ, երբ իրենք գրանցված չեն որպես կուսակցություն:
Նրանք չեն ուզում ծիծաղելի դառնալ` գրանցելով 3-րդ հնչակյան միավորը, և նրանք պայքարելու են ՍԴՀԿ բրենդի համար: Ինձ համար դա շատ հստակ է, բայց բնականաբար, մենք էլ ձեռքներս ծալած չենք նստելու, որովհետև օրենքը իրականում պահողը մենք ենք, և մենք պայքարելու ենք օրենքի սահմաններում:
Մեր վարչությունը կազմված էր 7 անդամից, որից 5-ը հստակ ինձ հետ էին, 2-ը այն խմբի մեջ են (մեկը «Տխրունու» ներկայից ատենապետ Գևորգ Պերկուպերկյանն էր և երկրորդը` Նարեկ Գալստյանի քեռու տղան): Դժբախտաբար, մեր 5-ից մեկը` մեր շատ լավ ընկերը, օրեր առաջ մահացավ, և հիմա 4-2 հարաբերություն է:
Ինչ վերաբերում է կառույցներին, որ իրենք փորձում են ներկայացնել որպես կառույցներ, դա ուղղակի ծիծաղելի է: Նրանք տալիս են անուններ, օրինակ` Մեղրու «Փարամազ» մասնաճյուղը, որը գոյություն չունի շուրջ 5 տարի: Խոսում են Վետերանների միության մասին, որը արդեն 3-4 տարի է, ոչ մի կապ չունի կուսակցության հետ: Նրա բոլոր անդամները արդեն վաղուց 85-86 տարին բոլորել և անցել են կամ արդեն գոյություն չունեն (ցավով եմ ասում): Եվ իրենք խոսում են Արմավիրի մարզային գրասենյակի մասին: Մենք երբեք Արմավիրի մարզային գրասենյակ չենք ունեցել: Ունեցել ենք Արմավիր քաղաքի մասնաճյուղ և Էջմնիածին քաղաքի մասնաճյուղ: Արմավիր քաղաքի մասնաճյուղը պառլամենտական ընտրություններից առաջ լուծարվել է:
Համահնչակյան 18-րդ համագումարով Կենտրոնական վարչության անդամներ էին ընտրվել նույն այդ Արմավիրի մարզի իրենց ներկայացրած Սամվել Հակոբյանը և Հրանտ Ամիրյանը, որոնք շուրջ 4 տարի է, չեն համագործակցել Կենտրոնական վարչության հետ և կուսակցության գրասենյակ չեն մտել: Եվ նույնիսկ լինելով Կենտրոնական վարչության համահնչակյան անդամ` համագումարի չէին հրավիրվել Սեդրակ Աճեմյանի կողմից: Այսօր հանկարծ այդ մարդիկ պետք եկան:
Հիմա իրենք հավաքել են այդ գոյություն չունեցող մասնաճյուղերից 1-2 մարդ, նրանցից կորզել են իբր անվստահություն իմ նկատմամբ: (Ի դեպ, ասեմ, որ այդ անվտահություն հայտնողներից 2-ը եկել և ճիշտ հակառակ են գրել հիմա, որ իրենց մոլորության մեջ էին գցել, և իրենք ընդամենը ստորագրել են պատրաստի թղթերը): Ստեղծել են «Արշիլ Գորկի» միավորը 2 օրվա ընթացքում և փորձել են ներկայացնել որպես առանձին միավոր: Ի դեպ, այդ տղաները նաև հնչակյան չեն: Նրանք օծված, երդում ընդունած մարդիկ չեն, ընդամենը համակիրներ են: Ես կարող եմ այդ մասին նաև տեղեկանք ներկայացնել մարզային վարչությունից, եթե այդ ցանկությունը լինի: Դա ապագայում` դատարանում:
Ի դեպ, ասեմ, որ մեր կանոնադրությամբ, ծրագրով` որևիցե հնչակյան միավոր չի կարող միավոր համարվել, քանի դեռ մարզային վարչության նիստով այն չի հաստատվել և չի ներկայացվել Կենտրոնական վարչություն, որը նույնպես պիտի հաստատի այդ միավորը:
Իսկ Վարդան Խաչատրյանը ի՞նչ դերակատարում է ունեցել կուսակցության պառակտման գործում:
Ես ընդամենը խղճում եմ այդ տղային, որ մեջ չգտավ այնքան քաջություն, որ հայտարարեր, որ ինքը հնչակյան չէ: Բայց նաև զուգահեռ մեղադրում եմ, ոչ չգտավ այդ քաջությունը իր մեջ, որովհետև նման դեպքում միգուցե այսքան խմորումներ չլինեին:
Ինքը միացե՞լ է այս խմբին:
Իհարկե: Ինքը հենց այդ խմբի համար էր եկել:
Հնարավո՞ր է, որ այս անձինք հեռացվեն կուսակցությունից:
Երեկվա վարչության նիստի համաձայն` Գևորգ Պերկուպերկյանը, Արսեն Կուպելյանը և Նարեկ Գալստյանը հեռացված են կուսակցությունից:
Նարեկ Գալստյանը շուրջ մեկ տարի կուսակցության պառակտման հիմնական դերակատարներից է եղել և կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումների հիմնական հեղինակն ու կազմակերպիչը: Հետագայում ներքաշել է նաև «Տխրունի» ուսանողական միության մի քանի անդամների:
Իսկ Գևորգ Պերկուպերկյանը և Արսեն Կուպելյանը, նաև լինելով Հայաստանի կենտրոնական վարչության անդամներ, որ ուղիղ կոչված էին պահպանելու և վերահսկելու կանոնադրությունը, խախտել են մեր կանոնադրությունը: Նրանք պիտի համագումարի մասին իրենց առաջարկությունը կամ նաև անվստահությունների հիման վրա արտակարգ համագումար հրավիրելը ներկայացնեին Կենտրոնական վարչություն, և միայն Կենտրոնական վարչության մեծամասնության որոշմամբ` կարող էր տեղի ունենալ արտակարգ համագումար:
Հոկտեմբերի 31-ին Կենտրոնական վարչության միաձայն որոշմամբ (այդ թվում նաև Գևորգ Պերկուպերկյանի և Արսեն Կուպելյանի) և ըստ մեր կանոնադրության` մենք հայտարարել ենք, որ մեր հերթական համագումարը հունվարի 9-ին է լինելու, որից հետո առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել կուսակցությունում: Ինձ չեն կարող մեղադրել ոչ դրամաշորթության, ոչ դավաճանության, ոչ կուսակցության քաղաքական գծի նկատմամբ ոտնձգության մեջ, որին համար կարելի էր գումարել արտակարգ համագումար:
Ձեզ ինչո՞ւմ են մեղադրում:
Ես ինտերնետից ընթերցեցի որոշ բաներ, և ինձ համար ուղղակի ծիծաղելի էր: Ինձ մեղադրում են, որ ես անուշադիր եմ եղել կուսակցականների նկատմամբ, նրանց նյութական օժանդակություն չեմ ապահովել, չեմ մասնակցել ինչ-որ թաղումների: Որևիցե մի լուրջ մեղադրանք ինձ հնարավոր չէր ներկայացնել: Համագումարը 3 ամիս առաջ գնահատականն է տվել իմ և Հայաստանի վարիչ մարմի աշխատանքին, որից հետո որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել կուսակցությունում` բացի այն արտառոցը, որ կատարեցին իրենք:
Ինչո՞ւ էր վերջին համագումարը փակ:
Արտակարգ համագումար հասկացությունը ընդհանրապես մեր կանոնադրության մեջ գոյություն չունի: Կա արտահերթ համագումար, կա հերթական համագումար: Մարդկանց այդ հատվածը, որոնց շատերը ասում են հնչակյան մյուս թև, ուներ համագումարում ընդամենը 3 ձայն: Իրենք շատ լավ հասկանում էին, որ հերթական համագումարով որևիցե խնդիր չէին կարող լուծել: Հետևաբար, իշխանությունների հուշումով (կարող եմ դա հաստատ ասել, որովհետև ունեմ նաև որոշ ինֆորմացիա) նրանց որոշեցին ծայրահեղ միջոցների գնալ` խախտելով մեր կանոնադրությունը, բոլոր օրենքները` 2 օրվա ընթացքում հայտարարեցին արտակարգ համագումար, և այն էլ` փակ, որպեսզի ոչ այնտեղից ինֆորմացիա դուրս գա, ոչ ականատես լինի, թե ովքեր են մասնակիցները: Այնտեղ երևի թե առավելագույնս 10-12 հնչակյան է եղել: Մնացածը նույնն է` ինչ փողոցից մեկին վերցնես և տանես համագումար` հռչակելով, որ նա հնչակյան է:
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցե՞լ եք այս թեմայի մասին: Ինքը ի՞նչ է մտածում:
Ես այդ մասին գերադասում եմ չխոսել: Տեր-Պետրոսյանը ինքը այդ մասին կասի, Կոնգրեսը կտա իր վերաբերմունքը այս երևույթի նկատմամբ:
Սփյուռքի կառույցները ինչպե՞ս են արձագանքել այս ամենին:
Ես կարծում եմ, որ մեր ընկերները դեռ իրենց խոսքը կասեն: Չեմ բացառում, որ նրանք ստիպված կլինեն ճանաչել այս նորաստեղծ կառույցը. սփյուռքում մշակույթը մի քիչ այլ է: Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց Սեդրակ Աճեմյանը, վերջիվերջո, ստանալու է իր գնահատականը նաև Կենտրոնական վարչության կողմից, և միանշանակ նա իր լիազորությունները ցած է դնելու, որովհետև կուսակցության մեջ չի եղել մի այնպիսի ատենապետ, որը նպատակային քանդեր հայաստանյան կառույցը:
Այս բոլոր գործողությունները ուղղված են ոչ միայն իմ դեմ, այլ նաև 19-րդ համահնչակյան համագումարի որոշումների դեմ: Ես ուզում եմ ընթերցել համագումարի որոշումների և գնահատականների երկու հատվածը, որը վերաբերում է Հայաստանին: «Ս.Դ.Հ.Կ. 19-րդ համագումարը լսելէ ետք ընթացաւարտ կեդրոնական վարչութեան չորսամեայ գործունէութեան տեղեկագիրը, կ’արձանագրէ, որ ազգային, հայրենական, քարոզչական գետնի վրայ կուսակցութիւնը արձանագրած է զգալի յառաջընթաց: Յատկապես հայրենական կեանքին մէջ ան դարձած է ամրաշէն միաւոր:
Համագումարը կը նշէ, որ Ս.Դ.Հ.Կ. հայաստանեան միավւորը աշխոյժ գործունէութիւն ծաւալած է յատկապէս վերջին տարիներուն, ձգտելով Հայաստանի մէջ վերականգնելու ժողովրդավարութիւնը, օրինականութիւնը և սահմանադրական կարգը»:
Սա ուղիղ իմ և վարչության աշխատանքի գնահատականն է:
http://hetq.am/am/politics/l-sargsyan-2/
ՍԴՀԿ-ից հեռացված կուսակցականների համագումար՝
Դեկտեմբերի 16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՍԴՀԿ Հայաստանի կառույցի 7-րդ համագումարը՝ ՍԴՀԿ-ից հեռացված կուսակցականների մասնակցությամբ: Այս ՍԴՀԿ-ի ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը:
Այսօր այդ նոր կուսակցության անդամները հանդիպել են լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Նորընտիր վարչության անդամ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, որ 7-րդ համագումարի որոշումները որպես այդպիսին կառույցի համար բեկանելի չեն: ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանի խոսքով՝ համագումարին մասնակցել են Հայաստանի բոլոր շրջաններից ընտրված 51 պատվիրակներ, բոլոր կառույցների ներկայացուցիչները, որոնք անվստահություն էին հայտնել Լյուդմիլա Սարգսյանին` վերջինիս անվանելով «նախկին ատենապետ»:
Նոր ՍԴՀԿ-ականները նշեցին, որ Հայկ Բժշկյանց մասնաճյուղը, որի մասին բազմիցս խոսվել է, գոյություն ունի, և Լյուդմիալ Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն չի կարող ցույց տալ որևէ արձանագրություն առ այն, որ նման մասնաճյուղ գոյություն չունի:
Ըստ բանախոսների՝ ներկուսակցական խմորումներն առաջացել են սրանից մեկ տարի առաջ և իրենք դեռ 4 ամիս առաջ են անվստահություն հայտնել Լյուդմիլա Սարգսյանին, սակայն փորձել են թույլ չտալ, որ կուսակցության խնդիրները մամուլի քննարկման առարկա դառնան։
Նշենք նաև, որ ՍԴՀԿ կնիքն այս պահին գտնվում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մոտ: Լրագրողների այն հարցին, թե, այնուամենայնիվ, ով է ՍԴՀԿ ատենապետը և հասարակությունը ում պետք է ընդունի որպես Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն, բանախոսները նշեցին, որ «ում կընդունի համասփյուռ կառույցը, նրան էլ կճանաչեն Հնչակյան կուսակցություն»: Ավելին, նոր ՍԴՀԿ–ականները վստահ են, որ Սփյուռքն ընտրելու է իրենց:
Վաղը մամուլի ասուլիսով հանդես կգա ՍԴՀԿ համասփյուռ կառույցի ղեկավար Սեդրակ Աճեմյանը:
http://www.tert.am/am/news
«Վահան Շիրխանյանը ծախված է իշխանություններին»
http://a1plus.am/am/politics/2009/12/17/lyudmila-sargsyan
Հայ ազգային կոնգրեսը տարածել է այս հայտարարությունը:
среда, 16 декабря 2009 г.
«ՍՑԵՆԱՐԻՍՏ ԵՎ ԲԵՄԱԴՐՈՂ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ»
Գուրգեն Եղիազարյանը վարչապետին մեղադրում է ՍԴՀԿ-ն կազմաքանդելու մեջ
«Վարդան Խաչատրյանին սրանք ամեն գնով պետք է ատենապետ օծեն: Ոչ լեգիտիմ, իհարկե, քանի որ ո՛չ այսօր-վաղը կայանալիք իրենց համագումարն է լեգիտիմ, ո՛չ էլ Վարդանն է կուսակցական: Այս խաղի սցենարիստը եւ բեմադրողը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նրա բարձր հովանու ներքո է այս խաղը խաղացվում: Հիշեք ռամկավարների փորձը: Այդ արտակարգ համագումար կոչվածը ծիծաղելի բան է, լուրջ չի, եւ թող պատեհ, անպատեհ կանոնակարգին հղում չանեն: Կանոնակարգում նման բան չկա»,- երեկ ՍԴՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նրա կարծիքով, այս ամենի հեռահար նպատակը «3+1» ձեւաչափով նոր «ընդդիմադիր» ձեւաչափի ստեղծումն է. «Երեք ավանդական կուսակցություններ եւ «Ժառանգություն»: Իշխանություններն ամեն գնով փորձեցին նոր ընդդիմադիր ուժ ստեղծել՝ չստացվեց: ՍԴՀԿ-ն այն կառույցն է, որը պահպանել է իր դեմքը, իսկ իշխանություններին հարկավոր էր մաքուր դիմագծով, բայց գրպանային ընդդիմություն, որի ծնունդին մենք ականատես ենք լինում»: Նա նկատում է, որ Վարդան Խաչատրյանը շարունակեց մնալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ անգամ այն պարագայում, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այլեւս խորհրդարանում ներկայացնելու է հնչակյանների գաղափարները: Ավելին, նա արձանագրում է, որ «Ժառանգության» որեւէ անդամ չընդվզեց նրա այդ հայտարարության դեմ՝ նկատելով, որ իբրեւ առանձին պատգամավոր, Վարդան Խաչատրյանն ավելի մեծ հնարավորություններ ուներ հնչակյանների գաղափարները ներկայացնելու: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պետք է ասեր՝ Վարդան ջան, տղա ջան, խմբակցությունից դուրս արի, ինչ ուզում ես՝ հայտարարի: Լինելով խմբակցության անդամ՝ դու նաեւ մեր նկատմամբ պարտավորություններ ունես: Ինչպես ինքն է ներկայացնում՝ լինելով ՍԴՀԿ Դիվանի անդամ՝ Վարդանը վերջերս ստորագրեց խմբակցության հայտարարության տակ՝ իբրեւ խմբակցության անդամ: Նա շարունակում է կառչած մնալ լիբերալ խմբակցությունից, որպեսզի ներկայացնի սոցիալիստական գաղափարնե՞ր: Սա աննորմալություն է: Եթե «Ժառանգության» ընկերները չեն բարձրաձայնում այս խեղկատակությունը, ուրեմն հեռահար նպատակ կա»,- վստահ է մեր զրուցակիցը:
Այս առիթով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն «Առավոտին» փոխանցեց. «Առնվազն գրպանում եղած մարդիկ կարող են նման դատողություններ անել: «Ժառանգությունը» երբեք չի եղել որեւէ մեկի գրպանում, որ իմանա՝ ինչ բան է գրպանային հոգեբանությունը: Թող խնդիրներն իրենց ներսում փնտրեն, ինչպես արեցինք մենք՝ մեզ հետ պատահածում, եւ չփորձեցինք որեւէ մեկին ներքաշել: Թող անհարկի չշոշափեն որեւէ մեկի անունը՝ իրենց ներկուսակցական ռազբորկաներում: «Ժառանգությունը» որեւէ աղերս չունի եւ չի ուզում ունենալ որեւէ պրոյեկտի կամ պրոյեկտոլոգների հետ»: Իսկ թե ինչո՞ւ Վարդան Խաչատրյանին չեն առաջարկում դիմում գրել եւ դուրս գալ խմբակցությունից՝ Ստեփան Սաֆարյանն ասում է, որ կոռեկտ չէ նման առաջարկ անել. «Ինքն է որոշում՝ դառնալ սոցիալի՞ստ, թե՞ մնալ լիբերալ, համենայնդեպս, նա կուսակցության անդամ չէ»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի, եթե նրանք (նկատի ունի շիրխանյանական թեւին) ընդդիմադիր լինեին, արդարադատության նախարարությունը նույն օրը կհայտարարեր, որ խախտվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, կուսակցության ծրագիր-կանոնագիրքը, եւ ուղիղ կդադարեցներ այս խուլիգանությունը. «Բայց հանգիստ սպասում են, ինչպես արեցին Կոմկուսը, ՍԻՄ-ը, ՀՌԱԿ-ը, Լիբերալ ազատական կուսակցությունը քայքայելիս»:
Իսկ ինչպե՞ս են այս ամենն ընկալում համահնչակյան ընտանիքում: «Օվկիանոսից այն կողմ մեր ընկերները գաղափար անգամ չունեն, թե այստեղ ինչ ներքին խաղեր են գնում: Հիմա ես նրանցից ոչինչ չեմ ակնկալում: Նրանք վիրավորված են, որ իբրեւ հաշվի չենք առել Սեդրակ Աճեմյանին եւ Հայաստանի տարածքում նրան խամաճիկ ենք սարքել: Բայց Սեդրակին մենք զգուշացրել ենք, թե ինչի եւ ուր է գնում: Նա քաղաքի լավագույն հատվածում հիմա գրասենյակ էլ կվարձի, լավագույնս կկահավորի, կկախի լավագույն ցուցանակը, որն իշխանությունները չեն հանի, իրենց տղայի ոսկուց արձանն էլ կարող է գրասենյակի միջանցքում կանգնեցնեն: Բայց նույնիսկ ոսկուց փուչիկն էլ է պայթելու: Այդ ժամանակ իմ կուսակից ընկերները կհասկանան՝ թե ինչ է արել Սեդրակը, եւ իրենց օրգանիզմից դուրս կմղեն Սեդրակին էլ, սեդրակյան զավակներին էլ»,- ասաց պարոն Եղիազարյանը:
Վարդան Խաչատրյանից եւ Վահան Շիրխանյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Իսկ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Սարգսյանն էլ հարցին՝ եթե մեծամասնություն եք, ինչո՞ւ եք «արտակարգ» համագումար հրավիրում, որը նաեւ իրավական առումով խոցելի է, 2010-ի հունվարի 9-ին կայանալիք հերթական համագումարին մասնակցելու եւ կուսակցական իշխանությունը վերցնելու փոխարեն. «Իրավական խոցելի կետեր չկան, ամեն ինչ կանոնադրությամբ է: Իսկ հունվարին կայանալիք համագումարը հերթականը չէ, այլ մեկ տարի երկու ամիս ուշացած ժողով է, որը ես համագումար չեմ կարող անվանել: Բացի այդ, նրանք ամեն ինչ արել են, որ Լ. Սարգսյանին այս կամ այն կերպ «դեմ» արտահայտվածները դուրս մնան կուսակցական բոլոր հնարավոր գործընթացներից: Մենք արտակարգ համագումար ենք անում, իրեն հրավիրում ենք մասնակցելու այդ համագումարին»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
вторник, 15 декабря 2009 г.
Բաց նամակ
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՍԴՀԿ հայաստանյան Կենտրոնական վարչության 2 անդամներ, ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի եւ ՍԴՀԿ քաղաքական դիվանի անդամ Վահան Շիրխանյանի դրդմամբ, արտահերթ համագումար են պահանջում, ՍԴՀԿ հայաստանյան կառույցը բաց նամակ է ուղարկել ՍԴՀԿ ԿՎ անդամներին։ «Հարգելի հնչակյաններ, այս քայլով որոշ ծախուներ վտանգում եւ տրոհման եզրին են կանգնեցնում համահնչակյան մեր կառույցը, որի մասին բազմիցս ժամանակին մենք տեղեկացրել ենք ԿՎ մեր ընկերներին։ ...Ոտնահարելով ՍԴՀԿ վարիչ մարմնի որոշումը` ծախուների մի խումբ համահնչակյան ընտանիքին խառնաշփոթի մեջ գցելու նպատակով հայտարարում է «արտակարգ» համագումար։ Տեղեկացնում ենք ձեզ, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը իր գործունեությունը ծավալում է համագումարով հաստատված ծրագիր-կանոնակարգի համաձայն։ Ծրագիր-կանոնակարգի մեջ «արտակարգ համագումար» հասկացությունը ամրագրված չէ։ Այսինքն, «ընկերներ» կոչվածները չէին բարեհաճել հայտարարություն անելուց առաջ կարդալ ծրագիր-կանոնագիրը»,- գրել են բաց նամակի հեղինակները։ Նրանց խոսքով, 10-12 հոգի «փորձ են կատարում խեղաթյուրել իրականությունը, որպեսզի ամեն գնով` մինչեւ իսկ կուսակցությունը պառակտելու ճանապարհով, կատարեն իշխանությունների կողմից պատվիրված ծրագիրը»։ «Մինչ այս «հայտարարությունը»` մենք զերծ էինք մնացել իրերն իրենց անուններով կոչելուց։ Այժմ պետք է տեղեկանաք, որ կուսակցության ներսից քայքայման գործընթացի հեղինակը եւ գաղափարախոսը, ցավոք սրտի, ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանն է։ Ի տրտմություն բոլորիս, այն անձնավորությունն է հեղինակում այս ամենը, որը կոչված էր ամրացնելու եւ հզորացնելու կուսակցությունը»,- գրել են հայտարարության հեղինակները` հավելելով, որ «օրենքի շրջանակներից դուրս ՀՀ տարածքում անօրինական եւ կեղծ համագումար անցկացնելու դեպքում իրենք հարց են բարձրացնելու ԿՎ առջեւ` ատենապետ Աճեմյանի կուսակցական վարքագիծը արտահերթ համագումարում քննության առնելու համար»։ Հայտարարությունը ստորագրել են ՍԴՀԿ հայաստանյան վարիչ մարմնի 4 անդամներ` Լ. Սարգսյանը, Հ. Եղիազարյանը, Ա. Գաբրիելյանը եւ Ա. Ալեքյանը։
http://www.armtimes.com/5999
Ուզում են պառակտել ՍԴՀԿ-ն
ՍԴՀԿ հայաստանյան կառույցի անդամների եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու նրան աջակցող Վահան Շիրխանյանի միջեւ հայտարարված «զինադադարը» երեկվանից այլեւս ուժի մեջ չէ, եւ դեռ ավելին` վեր է ածվել բացահայտ պատերազմի։ Դեռեւս ամիսներ առաջ սկսված այդ հակամարտությունը վերջին օրերին դադարել էր, քանի որ, մեր տեղեկություններով, կողմերը պայմանավորվել էին զինադադար վերցնել մինչեւ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի` հունվարի 9-ին կայանալիք համագումարը, որտեղ հայաստանյան հնչակյանները պետք է ընտրեն ՍԴՀԿ նոր վարչություն եւ նոր ատենապետ։
Աճեմյանին ու Շիրխանյանին աջակցող մի քանի գործիչներ, սակայն, երեկ խախտել են «զինադադարը» եւ հանդես են եկել մի հայտարարությամբ, որտեղ, անվստահություն հայտնելով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, հայտարարել են, թե դեկտեմբերի 16-ին եւ 17-ին հրավիրում են «արտակարգ»` (նկատի ունեն արտահերթ - հեղ.) համագումար։ Հայտարարության տակ ստորագրել են ՍԴՀԿ հայաստանյան ԿՎ-ի 2 անդամներ` Գեւորգ Պերկուպերկյանն ու Արսեն Կուպելյանը, ինչպես նաեւ` ՍԴՀԿ-ի 7 կառույցներ։ Այսպիսով, հայտարարության հեղինակները պատրաստվում են համագումար անել, որտեղ պետք է «գահընկեց» անեն Լյուդմիլա Սարգսյանին։ Վերջինս, սակայն, երեկ հանդիպեց լրագրողներին եւ փաստացի ապացուցեց, որ բացի այն, որ այդ հայտարարությունը օրինական ուժ չունի, նաեւ հիմնված է «մեռած հոգիների» սկզբունքի վրա, եւ, որ ամենակարեւորն է` Աճեմյանի եւ Շիրխանյանի հետեւից երեւում են իշխանությունների «ականջները»։ Նախ, օրինականության պահը. ըստ ՍԴՀԿ կանոնադրության, ՍԴՀԿ-ն համագումար է հրավիրում 4 տարին մեկ` ԿՎ առաջարկով, իսկ «արտահերթ համագումար հրավիրվում է ԿՎ մեծամասնության առաջարկությամբ»։ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ԿՎ-ն ունի 6 անդամ։ Արտահերթ համագումար հրավիրելու պահանջի տակ ստորագրել են նրանցից 2-ը։ Այսինքն, արտահերթ համագումար հրավիրելը ԿՎ մեծամասնության պահանջը չէ։ Ավելին, ՍԴՀԿ ԿՎ մեծամասնությունը դեռ հոկտեմբերի 31-ին է որոշում կայացրել, ըստ որի, հունվարի 9-ին կայանալու է ՍԴՀԿ հերթական համագումարը։ Բացի այդ, նույն կանոնադրությամբ ամրագրված է, որ «համագումարի կայացման մասին ԿՎ անդամները մարզային կառույցներին գրավոր հաղորդում են ուղարկում համագումարի օրվանից առնվազն 2 ամիս առաջ»։ Այս կետը եւս խախտվել է, քանի որ հայտարարությունը տարածվել է արտահերթ համագումարի օրվանից ընդամենը 2 օր առաջ։ Ինչ վերաբերում է «մեռած հոգիներին», ապա այս կապակցությամբ տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ ստորագրածներից գոյություն ունեն միայն ԿՎ 2 անդամները` Գեւորգ Պերկուպերկյանն ու Արսեն Կուպելյանը, ինչպես նաեւ` «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչությունը, որի ղեկավարը, ի դեպ, նույն Պերկուպերկյանն է, եւ Կապանի «Աղասի» մասնաճյուղը։ Մնացած կառույցները, ինչպես տեղեկացրեց տ-ն Սարգսյանը, վաղուց լուծարված են կամ երբեք էլ գոյություն չեն ունեցել։ Ինչ վերաբերում է իրեն «անվստահություն հայտնելուն», ապա տիկին Սարգսյանը նշեց, որ դեռեւս սեպտեմբերին կայացած համահնչակյան 19-րդ համագումարում եզրակացություն է ընդունվել, ըստ որի, «ՍԴՀԿ հայաստանյան կառույցը` ի դեմս վարչության եւ Լյուդմիլա Սարգսյան ատենապետի, դրական առաջընթաց է գրանցել, հատկապես` վերջին 3 տարիների ընթացքում»։ «Ի՞նչ է փոխվել վերջին 2 ամիսների ընթացքում։ Առանձնապես ոչ մի բան տեղի չի ունեցել»,- հայտարարեց Սարգսյանը` ներկայացնելով կատարվածի իրական պատճառը։ Նա տեղեկացրեց, որ դեռեւս այդ համագումարից առաջ Սեդրակ Աճեմյանը իրեն ակնարկել է, որ ՍԴՀԿ-ն պետք է դուրս գա Հայ ազգային կոնգրեսից։ Սակայն տեսնելով Սարգսյանի հաստատակամությունը` Աճեմյանը փորձել է հարցը տեղափոխել համագումար։ Դա եւս Աճեմյանին չի հաջողվել, քանի որ համագումարում Գուրգեն Եղիազարյանի ելույթից եւ դրա արձագանքից հետո պարզ է դարձել, որ Կոնգրեսից դուրս գալու հարցն այդ պահին անհնար է համագումարով անցկացնել։ «Աճեմյանը, հասկանալով, որ այդ ճանապարհով չի կարող կուսակցությունը հանել Կոնգրեսի կազմից, գնաց այլ ճանապարհով` վարկաբեկել Լյուդմիլա Սարգսյանին, կայացնել համագումար, որտեղ ինքը կկարողանա ձեւավորել նոր վարչություն եւ նոր ատենապետ, որոնց օգնությամբ ինքը կարող է իրականացնել այդ խնդիրը»,- հայտարարեց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանին, ապա Սարգսյանը նշեց, որ վերջինս «ի սկզբանե մտել էր ՍԴՀԿ` նպատակ ունենալով պառակտել կուսակցությունը»։ Իսկ Շիրխանյանն ու Աճեմյանը, ինչպես երեկ պատմեց Լյուդմիլա Սարգսյանը, միասին իրականացնում են իշխանությունների ծրագիրը` պառակտել Կոնգրեսն ու ստեղծել ավանդական կուսակցությունների գրպանային ընդդիմություն։ «ՍԴՀԿ-ն, որը ազգային ավանդական կուսակցություն է, անդամագրվել է Կոնգրեսին։ Իսկ մյուս 2 ավանդական կուսակցությունները իշխանական թեւում են` ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ռամկավարները։ Այստեղ պակասում է մի շատ կարեւոր օղակ` ՍԴՀԿ-ն, ինչի պատճառով ազգային ուժերի միասնությունը` գրպանային ընդդիմությունը, չի կայանում։ Դա, ըստ իրենց, պիտի հակակշիռ դառնա ՀԱԿ-ին, բայց դա ուղղակի ծիծաղելի է։ ՀԱԿ-ին ոչ մի քաղաքական ուժ չի կարող հակակշիռ դառնալ»,- երեկ հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը։ Եւ ի դեպ, վերջինս նաեւ հիշեցրեց, որ այդ նպատակով իշխանությունները նաեւ խրախուսում են Աճեմյանի գործարարական հավակնությունները. Աճեմյանը, ըստ Սարգսյանի, Հայաստանում լուրջ բիզնեսներ ունի։ «Մարդը, որը կոչված է օրինականություն պահպանելու, հարգելու կուսակցության կանոնագիրը եւ ծրագիրը, ինքը բոլոր կետերով այդ կանոնագիրն ու ծրագիրը խախտում է։ Սեդրակ Աճեմյանը փորձում է կուսակցությունը ծառայեցնել իր սեփական շահերին։ Մենք դա երբեւէ թույլ չենք տա»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը։
ՀԳ. Տ-ն Սարգսյանը երեկ նաեւ նշեց, որ քանի որ այս հայտարարությունն ու դրա հեղինակների պահանջը անօրինական են, ապա իրենք ոչինչ չեն անելու եւ հանգիստ նախապատրաստվելու են հունվարի 9-ին կայանալիք համագումարին։
http://www.armtimes.com/6495
понедельник, 14 декабря 2009 г.
«Աճեմյանը գնալու է, մենք մնալու ենք»
Հիշեցնենք, որ կուսակցության թվով 9 կառույցներ`իրենց ղեկավարներով, ստորագրել են դեկտեմբերի 16-17-ին արտահերթ համագումար հրավիրելու եւ Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնելու հայտարարության տակ:
Նա թվարկեց մի շարք պատճառներ, ըստ որոնց` 7 կառույցները կամ լուծարվել են, կամ չեն գործում:
ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ իրենց համար ոչինչ չի նշանակում այս հայտարարությունը եւ իրենց հերթական համագումարը , ինչպես նախատեսված էր, անցկացվելու է հունվարի 9-ին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՀՆՉԱԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Հարգելի Հնչակյան ընկերներ, այս քայլով որոշ ծախուներ վտանգում և տրոհման եզրին են կանգնեցնում համահնչակյան մեր կառույցը, որի մասին բազմիցս ժամանակին մենք տեղեկացրել ենք ԿՎ մեր ընկերներին: Նախ պետք է փաստենք, որ տվյալ հայտարարությունը և սպասվելիք 'համագումարը' հակաօրինական են և գործուն չեն ՀՀ տարածքում համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 22 հոդվածի 1-ին կետի և ծրագիր կանոնագրի 3-րդ մասի առաջին կետի:
Ս. թ. հոկտեմբերի 31-ին համաձայն ծրագիր կանոնագրի , ՍԴՀԿ վարիչ մարմինը գումարեց նիստ, որտեղ վարչությունը միաձայն որոշում կայացրեց ՍԴՀԿ համագումար գումարել 2010 թ.-ի հունվարի 9-ին: Ոտնահարելով ՍԴՀԿ վարիչ մարմնի որոշումը ` ծախուների մի խումբ համահնչակյան ընտանիքին խառնաշփոթի մեջ գցելու նպատակով հայտարարում է 'արտակարգ' համագումար:
Ընկերնե՛ր, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՍԴՀԿ Հայաստանյան կառույցը իր գործունեությունը ծավալում է համագումարով հաստատված ծրագիր կանոնագրի համաձայն:
Տեղեկացնում եմ, որ ծրագիր կանոնագրի մեջ արտակարգ համագումար հասկացությունը ամրագրված չէ. այսինքն ընկերներ կոչվածները չէին բարեհաճել հայտարարություն անելուց առաջ կարդալ ծրագիր կանոնագիրը:
10-12 հոգով փորձ են կատարում խեղաթյուրել իրականությունը, որպեսզի ամեն գնով, մինչև իսկ կուսակցությունը պառակտելու ճանապարհով, կատարել իշխանությունների կողմից պատվիրված ծրագիրը:
Մինչ այս 'հայտարարությունը' մենք զերծ էինք մնացել իրերն իրենց անուններով կոչելուց, այժմ պետք է տեղեկանաք, որ կուսակցության ներսից քայքայման գործընթացի հեղինակը և գաղափարախոսը ,ցավոք սրտի, ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Ս. Աճեմյանն է:
Ի տրտմություն բոլորիս, այն անձնավորությունն է հեղինակում այս ամենը, որը կոչված էր ամրացնելու և հզորացնելու կուսակցությունը:
ՍԴՀԿ Հայաստանյան վարիչ մարմինը հայտարարում է` օրենքի շրջանակներից դուրս ՀՀ տարածքում անօրինական և կեղծ համագումար անցկացնելու դեպքում, մենք հարց էինք բարձացնելու ԿՎ առջև ատենապետ Ս. Աճեմյանի կուսակցական վաքագիծը արտահերթ համագումարում քննության առնելու համար:
Քանի որ ՍԴՀԿ 19-րդ համագումարը դրական է գնահատել Լ. Սարգսյանին ՍԴՀԿ Հայաստանյան վարիչ մարմնի աշխատանքը, մենք փաստւմ ենք այն, որ այս ամենը ուղղված է նաև ՍԴՀԿ 19-րդ համագումարի որոշումների դեմ:
ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամներ `
Լ. Սարգսյան
Հ. Եղիազարյան
Ա. Գաբրիելյան
Ա. Ալեքյան
пятница, 11 декабря 2009 г.
Արտաքին աշխարհը հետաքրքրված է Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթով
Ուղիղ մեկ ամիս առաջ, այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Հայ ազգային Կոնգրեսի ակտիվի առջեւ:
среда, 9 декабря 2009 г.
Կհաջողվի՞ պառակտել ՍԴՀԿ-ն
Հունվարի 9-ին Երեւանում կայանալու է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի 7-րդ` հերթական համագումարը, որին կհրավիրվեն Սփյուռքի բոլոր հնչակյան կառույցների ղեկավարներն ու ՍԴՀԿ Կենտրոնական վարչության բոլոր անդամները։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Վերջինիս խոսքով, քանի որ մինչեւ համագումարի օրը շատ քիչ ժամանակ է մնացել, ուստի երեկ ՍԴՀԿ գրասենյակում հրավիրվել է վարչության նիստ, որի ընթացքում ձեւավորվել է համագումարի կազմկոմիտեն. կազմկոմիտեում ընդգրկվել են ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՍԴՀԿ Լոռու մարզի ատենապետ Ալեքսանդր Ալեքյանը, Հայաստանի վարիչ մարմնի անդամ Համբարձում Եղիազարյանը, Երեւանի մարզային կառույցի ատենապետ Հրաչ Աղաբեկյանը եւ ՍԴՀԿ շարքային անդամ Անահիտ Սարգսյանը։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ՍԴՀԿ այս համագումարը շատ կարեւոր փորձություն է լինելու, քանի որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի մի քանի անդամներ` Վահան Շիրխանյանի գլխավորությամբ եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի աջակցությամբ, փորձում են պառակտել ՍԴՀԿ հայաստանյան կառույցը։ Հենց այդ պատճառով էլ, շատերը սպասում են ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարին, որտեղ էլ պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի այս զարգացումների արդյունքը։ Մեզ հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը չհերքեց, որ ՍԴՀԿ-ում խնդիրներ կան, սակայն պնդեց, որ իրենց կուսակցությունը շարունակում է լինել միասնական եւ միակամ։ «Չեմ ուզում մանրամասնել խնդիրները, խնդիրներ իրոք կան կուսակցության ներսում, բայց դրանք առանձին մարդկանց խնդիրներ են, որոնք, այսպես թե այնպես, չեն իրականանալու, եւ որոնք չեն կարողանալու էական ազդեցություն ունենալ համագումարի վրա»,- նշեց տիկին Սարգսյանը։ Վերջինիս խոսքով, ՍԴՀԿ հայաստանյան կառույցը շարունակում է մնալ «համահնչակյան ընտանիքի անդամ», երբեք այդ ընտանիքից դուրս գալու միտում չի ունեցել, սակայն, իրենք նախեւառաջ առաջնորդվում են Հայաստանում «Կուսակցությունների մասին» գործող օրենքով։ Նշենք, որ հենց այս օրենքի շնորհիվ է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը կարողանում է գործել որպես ինքնուրույն մարմին, ինչով էլ տարբերվում է այլ պետություններում գործող ՍԴՀԿ կառույցներից։ Այդուհանդերձ, տիկին Սարգսյանը երեկ նշեց, թե համագումարին խնդիրներ չեն լինելու։ «Մենք շատ կազմակերպված կգնանք դեպի համագումար։ Մինչ այդ բոլոր մարզային կառույցներում կանցկացնենք կոնֆերանսներ, կընտրվեն պատգամավորներ, որոնք կներկայացնեն ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, եւ կարծում եմ` ամեն ինչ շատ լավ ընթացք կունենա։ Համագումարում կընտրվի նոր վարչություն, եւ կընտրվի ատենապետ»,- նշեց տիկին Սարգսյանը։
суббота, 5 декабря 2009 г.
Սեդրակ Աճեմյանը՝սառնարան նորոգողը,մաչոն և հայկական դառը խիարը
Եվ այսպես, համահնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանը դարձյալ ասպատակում է իր աղվոր հայրենիքում: Վերջինս տեղ հասավ ու կուսակցության կենտրոնական վարչությունից հեռացրեց Գուրգեն Եղիազարյանին, իբր Եղիազարյանը խախտել է ներկուսակցական էթիկան, ծաղրել կուսակցական սրբությունները: Բնականաբար, հարց է առաջանում` ի±նչ ծաղրի մասին է խոսքը: Պարզվեց, որ հնչակյան ձեռնադրվելու ժամանակ Վարդան Խաչատրյանը երդվել է Ֆիրդուսու շուկայից գնված խաղալիք դաշույնի վրա, ու այս փաստն արձանագրած Գուրգեն Եղիազարյանին Սեդրակ Աճեմյանը որոշել է չներել: Եթե մտովի ետ դառնանք այն փաստին, որ 19-րդի դարավերջին հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր Սասունի և Զեյթունի զինված ապստամբությունները, իսկ 20-րդի դարասկզբին կազմակերպել է Կնյազ Գոլիցինի` այդ հայտնի հայատյացի սպանությունը` Հայկ Բժշկյանցի գլխավորությամբ, ապա ապշելու բան է, որ այսպիսի ավանդություն ունեցող կուսակցության որոշ անդամներ ընդունելության արարողությունը զավեշտի են վերածել ու Վարդան Խաչատրյանին երդվեցրել են խաղալիք դաշույնի վրա:
Մի առիթով ես գրել էի, որ սփյուռքից եկած մեր հայրենակիցները երկու տեսակի են` եղբայրներ և ախպարներ: Եղբայրները` Մոնթեի, Հացպանյան Սարգիսի, Ժիրայր Սեֆիլյանի տեսակներն են: Այս մարդիկ հայրենիք մտան շքամուտքից ու մինչ օրս պայքարում են` հանուն ազատ Հայաստանի, իսկ ախպարները` Սեդրակ Աճեմյանի տեսակներն են: Սրանք հետնամուտքից են ներս մտնում, Ճիշտ կլիներ ասել` սողոսկում: Եվ այսպես, որպես իսկական ախպար` ակնկալելով իշխանական պարգևներ, Սեդրակ Աճեմյանը երկակի խաղ սկսեց խաղալ: Առաջին ճակատում նա դավել սկսեց սերժական թևի հետ` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, երկրորդ ճակատը` քոչարյանական թևն է` հայտնի Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Երկակի այս խաղը նույնիսկ դավերի մեծ վարպետ, իշխանությունը գողացածների մոտ տարակուսանք առաջացրեց, ընդհուպ մինչև Տիգրան Սարգսյանը որոշ շրջանակներում բաց տեքստով հայտարարեց, թե` ես այս մարդուց բան չեմ հասկանում: Պատկերացնում եք` Ներսես Շնորհալու բարդ տաղերը անգիր իմացող Տիգրան Սարգսյանն անգամ Սեդրակ Աճեմյանին չկարողացավ հասկանալ: Արդյունքում, Սեդրակ Աճեմյանը վտանգեց քաղաքական բիզնեսը, վտանգի տակ է վերջինիս տնտեսական բիզնեսը: Սեդրակ Աճեմյանի հայաստանյան ունեցվածքի մասին այս պահին կլռեմ, բայց Հայաստանի Հնչակյան կուսակցության գրասենյակի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը չլռեց, իսկ համահնչակյան կենտրոնական վարչության փոխանդամ Արարատ Մկրտչյանը պարզապես հրաժարվեց իր կարգավիճակից` այդպիսով բողոք արտահայտելով Սեդրակ Աճեմյանի մեքենայությունների դեմ:
Լավ, ինչու± է Սեդրակ Աճեմյանը ժողովրդի կողքը կանգնելու փոխարեն հաճոյանում ՀՀ իշխանագողերին, և որտե±ղ է այս մարդու շարժիչ ուժը: Փորփրելով վերջինիս անցյալը` նախ արձանագրեցինք, որ Սեդրակ Աճեմյանը չի փայլում բարձր ինտելեկտով, նրա մտավոր ներուժը խիստ սահմանափակ է: Վերջինիս վրա, թերևս, խոր ազդեցություն է թողել կամ ինքն էլ զարմացել է, թե ինչպես երեկվա սառնարան վերանորոգող վարպետ Սեթոն, այսօր համահնչակյան կուսակցության ատենապետն է: Ու այս զարմանքը և վերջինիս ծուռտիկ դիրքորոշումն ուղիղ հարցերի վերաբերյալ հիշեցնում են ԱՄՆ-ում հայտնի` մարդու մի տեսակի մասին, որ մեքսիկացիք կոչում են մաչո: Ի±նչ է իրենից ներկայացնում մաչոն: Անկախ տարիքից` միշտ երիտասարդ երևացող, եռանդուն, նախաձեռնող, հաջողակ մարդ` կյանքի բոլոր բնագավառներում` հասարակ քաղաքականից սկսած` անկողնով վերջացրած: Մաչոյի կերպարը բնորոշ է պարզունակ, անկիրթ, կյանքից վայելքներ ակնկալող մարդկանց: Սեդրակ Աճեմյանը, փաստորեն, մարդկային այդ տեսակին է պատկանում: Սրա համար մաչոն կուռք է: Սեդրակ ախպարը դույզն-ինչ չի մտահոգվում բռնազավթված իշխանության համար, բանտերում ապօրինի պահվող մարդկանց համար: Մեկ խոսքով, սառնարան վերանորոգող նախկին վարպետը հասել է այնպիսի բարձունքների, ինչպես ժողովրդական ասացվածքն է դիպուկ բնութագրել` չտեսավ պատին կախ, տեսավ ճակատին կախ: Բայց հենց այստեղ են ասել, որ գերանդին քարին դեմ առավ: Պարզունակ իմացությունների տեր այս մարդը հայաստանյան քաղաքական դաշտը չէր պատկերացնում` քիչ է, հաշվի չէր առել նաև դիմացինների կրթական բարձր մակարդակը և պատրաստվածությունը: Ու բախվելով բարձր ինտելեկտի տեր մարդկանց մերժողական վերաբերմունքին` մազերը ներկած մեր մաչո Սեդրակը մնաց առանց մաչոյի մ-ի` դառնալով աչո Սեդրակ:
Եթե Սեդրակ Աճեմյանը կկարդա գիրս ու կշարունակի ասպատակել Հայաստանում, ապա հաջորդ անգամ կետ առ կետ կներկայացնենք Սեդրակ Աճեմյանի հայաստանյան ունեցվածքը, իսկ եթե դեռ մի պտղունց հայրենասիրություն ու էլի ինչ-որ մաքուր բան է մնացել, ապա Սեդրակ Աճեմյանը ներողություն կխնդրի սեփական կուսակիցներից և կաջակցի վերջիններիս Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման պայքարում:
Սուրեն Սարգսյան
Մի միջամտեք մեր խոհանոցին
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի օր առաջ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի առաջարկով` ՍԴՀԿ ԿՎ 9 հոգանոց անդամները, ձայների 2/3-րդ համամասնությամբ, ԿՎ կազմից հեռացրել են հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին։
Սեդրակյանն այդ քայլին էր գնացել այն բանից հետո, երբ Եղիազարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմել էր այն մասին, որ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երդվել էր ոչ թե ավանդական թրի, այլ` խաղալիք սիպուկո թրի վրա։ Եղիազարյանի այս արարքը Աճեմյանը որակել էր որպես «ՍԴՀԿ սրբության սրբոցը` երդման արարողությունը, ծիծաղի առարկա դարձնելու» փորձ։ Իր հերթին, Գուրգեն Եղիազարյանը երեկ մեր թերթին ասել էր, որ Աճեմյանը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքն ընտրվել է Համահնչակյան համագումարի ժամանակ, իսկ համագումարի որոշումներն ուժի մեջ մնում են մինչեւ մյուս համագումար։
ՍԴՀԿ-ում սկիզբ առած խմորումների մասին երեկ զրուցեցինք նաեւ Սեդրակ Աճեմյանի հետ։
- Պարոն Աճեմյան, իրականում ինչո՞ւ եք ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունից հեռացրել Գուրգեն Եղիազարյանին։
- Դա իմ որոշումը չէր, դա Կենտրոնական վարչության որոշումն էր։
- Բայց Ձեր առաջարկով է, չէ՞, այդ որոշումը կայացվել։
- Ոչ։ Կենտրոնական վարչությունն է համապատասխան որոշում վերցրել։
- Իսկ Դուք անձամբ այդ որոշմանը կողմ չէի՞ք։
- Մեր ներքին խոհանոցին որեւէ մեկը իրավունք չունի միջամտելու։ Դա մեր ներքին խոհանոցն է։
- Պարոն Աճեմյան, բայց չէ՞ որ ԿՎ անդամներն ընտրվում են համագումարով, եւ միայն հաջորդ համագումարի ժամանակ ԿՎ կազմը կարող է փոխվել։
- Ոչ, այդպես չէ։ ԿՎ որեւէ անդամ կարող է հեռացվել ձայների 2/3-րդով։ Դա ԿՎ կանոնադրությամբ է, մենք, անշուշտ, կանոնադրություն ունենք։ Գուրգեն Եղիազարյանը չի իմանում կուսակցության օրենքների մասին, կամ գիտի, բայց չի ասում այդ մասին։ Իսկ ընդհանրապես, մեր երկիրը այսօր լուրջ խնդիրներ ունի, այսօր մենք թողել ենք այդ հարցերը եւ նստել ենք ներքին խոհանոցային հարցերի մասին ենք խոսում։ Մենք մեր որոշումները կայացնում ենք եւ առաջ ենք շարժվում, եւ եթե նկատել եք` մամուլով էլ հայտարարություններ չենք տարածում, որովհետեւ դա մեր կուսակցության ներքին խոհանոցն է։
- Պարոն Աճեմյան, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դուրս գա Կոնգրեսից։
- Դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մենք ընդհանրապես ոչ միայն Հայաստանի մեջ ենք կողմնակից եղել Կոնգրեսին, այլ ամբողջ Հնչակյան կուսակցությունը պաշտպանել էր Կոնգրեսին։ Դրանք երեւակայական արտահայտություններ են եւ չգիտեմ` ինչու են տարածվում։
- Այսինքն, ուզում եք ասել, որ դուք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի եւ Կոնգրեսի համագործակցության դեմ ոչինչ չե՞ք անում։
- Այո։
- Այդ դեպքում ինչո՞ւ Համահնչակյան վերջին համագումարի ժամանակ դուք Կոնգրեսից դուրս գալու հարց բարձրացրեցիք։
- Այդ տեղեկությունները, չգիտեմ, թե որտեղից եք քաղել։ Մեր համագումարը փակ համագումար էր։ Ինչ վերաբերում է համագումարում հնչած հայտարարություններին, ապա մեր դռնփակ ժողովներուն ներս մենք շատ բաների մասին ակնարկած ենք, եւ դրանք կմնան մեր «խոհանոցային» քաղաքական աշխատանքը։
- Պարոն Աճեմյան, ասում են, որ դուք Վարդան Խաչատրյանի պարագայում խախտել եք հնչակյանների համար սրբություն համարվող երդման արարողությունը եւ Խաչատրյանից երդում եք ընդունել խաղալիք թրի վրա։
- Այդպիսի բան գոյություն չունի։ Դա ոչ քաղաքական արտահայտություններ են։ Խաչատրյանին մենք օծել ենք կուսակցական, եւ այսօր ԿՎ-ում պաշտոն կվարե։
- Պարոն Աճեմյան, լուրեր են շրջանառվում նաեւ, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չվերընտրվի։
- Չէ, դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մեր կուսակցական կարգով` շարքերը ընտրում են վարչությանը, հետո վարչությունը կընտրի իր ատենապետին։
ՀԳ. Երեկ Գուրգեն Եղիազարյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սեդրակ Աճեմյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ՍԴՀԿ ԿՎ-ն կանոնակարգ ունի, որով նախատեսվում է, որ ԿՎ անդամները ցանկացած պահի` ձայների 2/3-րդով կարող են հեռացնել ԿՎ անդամի։ Ի պատասխան Աճեմյանի այս հայտարարության, Եղիազարյանն արձագանքեց. «Սեդրակ Աճեմյանը երեւի այդ կանոնակարգը տարել է իրենց տանը պահել է, որպեսզի ոչ ոք չտեսնի։ ՍԴՀԿ-ում երբեք նման նախադեպ չի եղել, որ ԿՎ անդամները իրենց կազմից հեռացնեն որեւէ մեկին»։
http://www.armtimes.com/4993
пятница, 4 декабря 2009 г.
Ցավակցականներ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՍԴՀԿ Հայաստանյան կենտրոնական վարչությունը ցավով գուժում է իրենց ընկերոջ` ԿՎ անդամ Էդիկ Պետրոսյանի վաղաժամ մահը եւ իր ցավակցություններն է հղում ընկերներին, հարազատներին եւ ողջ կուսակցությանը։ Ընկերներ, ՍԴՀԿ հայաստանյան կառույցը մեծ կորուստ ունեցավ։
ՍԴՀԿ Հայաստանյան կառույց