вторник, 15 ноября 2011 г.

Կառավարությունը խաբե՞լ էր

p15Առողջապահության նախկին նախարարը՝ 2012-ի բյուջեի մասին

«2012-ի բյուջեով գոնե կոալիցիոն կառավարությունը որոշակի գաղափարական փոփոխություններ ամրագրեր, որպեսզի ընտրողների առջեւ ասելու բան ունենային. ասենք՝ խոստացված տարածաշրջանային առողջապահական կենտրոնների վերաբերյալ այսպիսի գումարներ ենք հատկացրել եւ այսպիսի ծրագրեր ենք անելու… ՀՀԿ նախընտրական ծրագրում առողջապահական ոլորտի առաջնահերթություն էր ամրագրված պետպատվերի տեղադրման նոր ձեւի ներդնումը: Դժբախտաբար, այս բյուջեում էլ դա չենք տեսնում, եւ, որ ամենակարեւորն է, 2012-ի բյուջեի նախագծով էլ չի նախատեսվում կատարել կառավարության ծրագրում ամրագրված հիմնական խոստումներից մեկը՝ առողջապահական բյուջեին հատկացումները հասցնել 2,2 տոկոսի՝

համախառն ներքին արդյունքից, որը բացարձակ թվերով ներկայիս դրությամբ մոտ 93 միլիարդ դրամ կկազմեր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով ԱԺ լիագումար նիստի օրակարգում հանգրվան գտած 2012 թվականի ՀՀ պետբյուջեի նախագծի առողջապահական հատվածը՝ ասաց ՀԱԿ առողջապահական հանձնախմբի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: «Այն ոչնչով չի տարբերվում իր նախորդներից»,- վստահ է մեր զրուցակիցը, չնայած եկող տարվա բյուջեով առողջապահական համակարգին 3,4 միլիարդ դրամ ավելի գումար է տրամադրվել. նախկին 61,4 միլիարդի փոխարեն՝ 64,8 միլիարդ դրամ: ՀՆԱ-ի մոտ 1,5 տոկոս կազմող այս թիվը, ըստ նախկին նախարարի, «շատ քիչ» է, ուստի ոլորտում եկող՝ նախընտրական տարում էլ որեւէ բարելավում չի սպասվում: Իսկ փոքրիկ ավելացումն էլ, ըստ նրա, կտարրալուծվի սղաճի, գնաճի եւ մյուս «աճ»-երի մեջ: Արարատ Մկրտչյանը նաեւ «բիզնես-ռիսկային» ազդեցություն է տեսնում այդ նախագծում. «Դա նկատելի էր վերջին մի քանի տարիների ընթացքում, այս նախագծում էլ շեշտվել է՝ ֆինանսական միջոցների տարեցտարի ավելացում ախտորոշիչ ծառայությունների եւ մանկական բուժհիմնարկներին հատկացումների մասով: Մի կողմից՝ կարելի է գնահատել, որ սա նորմալ տենդենց է, բայց մյուս կողմից էլ՝ երբ դիտարկում ենք, որ կառավարման մասին որոշումներ կայացնող անձինք՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը եւ առողջապահության նախարարը, համապատասխանաբար, տվյալ ոլորտներում անձնական, բիզնես շահագրգռություններ ունեն, նման տեղաշարժերը՝ ընդհանուր 64 միլիարդի սահմաններում, ավելի բացատրելի են դառնում»:

Ի դեպ, արդեն որերորդ տարին է՝ մեր զրուցակիցը բոլոր հնարավոր առիթներով բարձրաձայնում է, որ արտերկրում բուժօգնություն ստացողների ճանապարհածախսը հատուցելու համար նախատեսված 40 միլիոն դրամը անիմաստ եւ անարդյունավետ ծախս է, բայց համառորեն այդ տողն ամեն անգամ հայտնվում է հերթական բյուջեի նախագծում: 2012-ն էլ բացառություն չէ: Մինչդեռ արտասահման բուժման մեկնողները, ովքեր լուրջ ծախսեր են անում՝ նվազագույնը 50 հազար դոլար, ծիծաղելի է, երբ պետությունը մեծահոգաբար նրանց ճանապարհածախսն իր վրա է վերցնում՝ այն դեպքում, երբ այդ գումարը առավել նպատակային ծախսելու թիրախները քիչ չեն: Որոշ պաշտոնյաներ շատ դեպքերում հեգնում են նախկին նախարարին՝ «էդ 40 միլիոնն ի՞նչ ա, որ անընդհատ խոսում եք դրա մասին», բայց փաստ է, որ տարիներ շարունակ բյուջետային միլիոնները անարդյունավետ մսխվում են մեր՝ հարկատուներիս հաշվին:

Իսկ Արարատ Մկրտչյանին, մեղմ ասած, զարմացրել է «Օքսֆամ» հեղինակավոր կազմակերպության վերջերս կատարած 2012-ի բյուջեի նախագծի առողջապահական հատվածի հսկայածավալ ուսումնասիրությունը, որի վրա եւ մեծ ֆինանսներ, եւ ժամանակ էր վատնվել, ու արդյունքում պարզել էին ընդամենը, որ արտահիվանդանոցային ծառայությունների գծով 5 միլիոն դրամի պակասեցում է եղել, եւ որ դա լավ չէ: «Իրենք նշում են, որ բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունները հինգ միլիոնով նվազել են: Նման բան տեղի չի ունեցել: Առողջության առաջնային պահպանումը, որը արտահիվանդանոցային ծառայությունների ենթածրագիր է, ոչ միայն չի նվազել, այլեւ 0,4 տոկոսով ավելացել է»,- նման հեղինակավոր կազմակերպության անփութությունից զարմացած՝ ասում է Արարատ Մկրտչյանը: Արտահիվանդանոցային ծառայությունների կրճատումը նա օբյեկտիվ է համարում, քանի որ սոցիալական վճարների աճ է նախատեսված, բացի այդ, վերջին տարիներին նախարարության իրականացրած քաղաքականությունը՝ պոլիկլինիկական առաջնային օղակում նեղ մասնագետների կրճատումը, համարում է ճիշտ մոտեցում, քանի որ պոլիկլինիկաներն աստիճանաբար ինտեգրվում են հիվանդանոցներին: Նա ճիշտ է համարում նաեւ 2012-ի բյուջեի բացատրագրում բերված փաստարկը, որ սարքավորումներ էլ չեն գնելու. «Եվ շատ ճիշտ են անում, որովհետեւ երկիրը համաշխարհային ճգնաժամի հետեւանքով գտնվում է լուրջ տնտեսական խնդիրների դաշտում: Դեռ 2008-ին ՀԱԿ-ը ահազանգեց, որ նման ծրագրերը պետք է դադարեցվեն, եւ կառավարությունը արձագանքեց ու ճիշտ արեց: Ո՞վ է ասել, որ մենք ճգնաժամից դուրս ենք եկել, ուստի կառավարության այս որոշումը ճիշտ է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.