вторник, 1 ноября 2011 г.

Հայաստանի իշխանական համակարգն այնքան փտած է, որ ոչ մի հրաժարական չի փրկի այն

arm132013021153Հայաստանի իշխանական համակարգն այնքան փտած է, որ ոչ մի հրաժարական ու նշանակում ի վիճակի չէ փրկել Սերժ Սարգսյանի իշխանությունը, առավել եւս ինչ-որ բարեփոխում իրականացնել այդ համակարգերում եւ դրա արդյունքում շահել ժողովրդի վստահությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով վերջին աղմկոտ պաշտոնանկությունները:

«Ոչ մի բան այս իշխանություններին փրկել չի կարող: Որովհետեւ հիմքից փտած է ամբողջ իշխանական համակարգը»,- նշել է Լ. Սարգսյանը:

Վերջինիս կարծիքով, շուրջ երեք տարի Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի կադրերից եւ դրա հնարավորությունը, կարծես թե, հիմա է տեսնում: «Նաեւ կանխազգալով Քոչարյանի վերադարձի վտանգը` փորձում է իշխանության ներսում բոլոր առանցքային կառույցներում, որտեղ Քոչարյանն ուներ իր մարդիկ, ազատվել նրանցից եւ նոր նշանակումներով ապահովել գալիք ընտրությունների ընթացքը: Նախեւառաջ դրանով են պայմանավորված նոր հրաժարականներն ու սպասվելիք նշանակումները»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը եւ հավելեց. «Հավանաբար վերադարձի վտանգը բարձր է գնահատում, եւ ամեն ինչ պետք է անի, որ Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա մեծ քաղաքականություն»:

ՀԱԿ անդամի խոսքով, Սերժ Սարգսյանը փորձում է նաեւ ավելի մաքուր կադրերով գնալ ընտրությունների: «Նաեւ ոստիկանության համակարգում վերջին տարիներին ընթացող բարոյազրկման գործընթացը հասել է գագաթնակետին, եւ այլեւս այդպես շարունակել հնարավոր չէ, հետեւաբար փորձում է ավելի ուժեղ մարդու հանձնել ոստիկանական համակարգը: Ակտիվ նախապատրաստվում է հերթական ընտրությունների` լավ չգիտակցելով, որ արտահերթ ընտրությունները կարող են ավելի շուտ գալ: Նոր նշանակումներն ու հրաժարականներն առանձին բողոքի դրսեւորումներ են ունենալու, որոնք նույնպես թուլացնելու են Սերժ Սարգսյանի իշխանությունը»,- նկատեց ՀԱԿ անդամը` հավելելով, որ իշխանական համակարգում արված փոփոխությունները որեւէ կերպ չեն կարող ազդել ընդդիմության հետագա քայլերի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.