Zham.am-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի երեկվա հրաժարականը:
- Ես կարծում եմ, որ իրենից հեռացնելով Միքայել Մինասյանին`Սերժ Սարգսյանը փորձեց միանգամից մի քանի խնդիրներ լուծել, այդ թվում աշխարհաքաղաքական: Տեսեք բոլոր հրաժարականները սկսվեցին Սերժ Սարգսյանի` Մոսկվայից վերադառնալուց հետո: Ես կարծում եմ, որ Կրեմլին այնքան էլ դուր չէր գալիս Միքայել Մինասյանի ընդգծված արևմտամետությունը և, նրան պաշտոնանկ անելով, Սերժ Սարգսյանը փորձեց դուր գալ Ռուսաստանին և ապացուցել Կրեմլին ռուսամետ քաղաքական կուրսին իր հավատարմությունը :
Բացի դրանից, նա հին հանրապետականներին ցույց տվեց, որ նրանք կարող են չանհանգստանալ այն մասին, թե Միքայել Մինասյանը իրենց «դուրս կանի» ՀՀԿ-ի համամասնական ցուցակից և նրանց փոխարեն կմտցնի իր երիտասարդ ընկերներին: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ այդպես էլ կլինի, չէ՞ որ Միքայել Մինասյանի ազդեցությունը Սերժ Սարգսյանի վրա չի նվազել, բայց Սերժ Սարգսյանը պիտի ցույց տար, որ կուսակցության «արժանապատվությունը» իր համար բարեկամական կապերից ավելի կարևոր է: Եվ վերջապես նա ուղարկեց Միքայել Մինասյանին Հովիկ Աբրահամյանին վերահսկելու`այդ խիստ նրբանկատ գործը հանձնելով մարդու, ում վստահում է`իր փեսային:
-Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և՞ս աշխարհաքաղաքական ենթատեքստ ուներ:
- Ոչ, այստեղ ամեն ինչ պարզ է: Սերժ Սարգսյանը նրան չի վստահում: Նա գիտի, որ Հովիկ Աբրահամյանը եղել ու մնում է «Ռոբերտ Քոչարյանի մարդը», որ նա Գագիկ Ծառուկյանի խնամին է: Այդ պատճառով էլ մի կողմից նրան պատասխանատու գործ է հանձնարարում`առաջարկելով ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, մյուս կողմից իր փեսային ուղարկում է` վերահսկելու նրան: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականին և քաղաքապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությանը, ապա ես կարծում եմ, որ Ղարաբաղյան կլանի կադրային ռեսուրսը սպառվել է և Սերժ Սարգսյանն էլ է այդ հասկանում:
- Ինչ եք կարծում, արժի՞ սպասել նոր հրաժարականների կամ պաշտոնանկությունների:
-Ես կարծում եմ`այո: Կարող եմ նույնիսկ ազգանուններ նշել` ովքեր շուտով կզրկվեն իրենց պաշտոններից: Առաջին հերթին խոսքը Ռոբերտ Քոչարյանի «համար առաջին մարդու»` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասին է: Համոզված եմ, որ նա իր պաշտոնավարման վերջին օրերն է ապրում: Նրանից բացի, իրենց պաշտոնները կլքեն Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
-Սերժ Սարգսյանը նրանց է՞լ է համարում Ռոբերտ Քոչարյանի “մարդիկ”:
-Նրանց հեռացնում է, որ 2008թ-ի մարտի մեկի դեպքերը վերջնականապես մնան անցյալում: Բայց կարծում եմ`դրանով Սերժ Սարգայանը մարտի 1-ի համար պատասխանատվությունից չի ազատվում:
-Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնգրեսը բաց է համագործակցության համար այն բոլոր ուժերի հետ, ովքեր կողմ են «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսին: Ինչ-որ համագործակցության առաջարկներ ՀԱԿ-ը ստացե՞լ է այդ հայտարարությունից հետո:
-Այո, ստացել ենք, ու մենք հիմա նրանց հետ բանակցութուններ ենք վարում: Բայց ես հիմա կոնկրետ անուններ չեմ նշի: Բանակցությունները չեն ավարտվել:
-Ի՞նչ սպասենք նոյեմբերի 25-ին սպասվելիք հանրահավաքից:
-Եկեք հանրահավաքին ու ինքներդ ամեն ինչ կտեսնեք ու կլսեք:
-Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ Կոնգրեսին 17 մանդատ են խոստացել: Դուք այդ մասին ինչ-որ բան գիտե՞ք:
-Մեր նպատակը ոչ թե պատգամավորական մանդատներ ստանալն է, այլ երկրում սահմանդրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության հաստատումը: Մանդատները մեզ չեն հետաքրքրում:
- Այսինքն Տիգրան Կարապետյանը թվի մե՞ջ է սխալվել, թե՞ Ձեզ նման պայմանավորվածության մասին ոչինչ հայտնի չէ, թե՞ Դուք հենց նման պայմանավորվածությունն եք հերքում:
-ՀԱԿ-ը իշխանությունների հետ ոչ մի գործարքի մեջ չի մտնում: Դա բացառված է:
-Ինչո՞ւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները իրենց հայտարարությունների ու մամլո-ասուլիսների ժամանակ չեն հիշատակում ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ձեզ համար ինչ-որ պահից հետո նրա ճակատագիրը սկսեց չհետաքրքրե՞լ:
-Ոչ, մենք նրա ճակատագրի նկատմամբ անտարբեր չենք և նրա մասին չենք մոռացել, բայց վերջին շրջանում շատ կարևոր բաներ են տեղի ունեցել, և մենք դրանց մասին ենք խոսում:
Գևորգ Խաչատուրյան
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.