четверг, 24 ноября 2011 г.

Ո՞ւմ համար ենք կառուցում

Thursday_Daily-Lyudmila-Ամենամյա դարձած համահայկական դրամահավաքն այս տարի էլ կարծես կկայանա, առաջիկա օրերին կեզրափակվի այն: Ցավալիորեն դա շարունակում է համահայկական լինել: Իրականում կցանկանայի ունենային այնպիսի երկիր, որի քաղաքացին այնքան ապահովված լիներ, որ մարաթոնը ոչ թե համահայկական, այլ՝ հայաստանյան միջոցներով կայանար: Իհարկե, դեմ չեմ, որ այսօր իր մասնակցությունն ունի ակտիվ Սփյուռքը, որը հայ ժողովրդի կարեւորագույն մասնիկն է, բայց, իբրեւ ՀՀ քաղաքացի, ինձ լավ կզգայի, ավելին՝ նվաստացած չէի լինի, երբ հայրենիքում ապրողներս այնքան ապահովված չենք՝  ինքներս լուծելու ճանապարհների, ջրագծերի եւ այլնի կառուցման հոգսերը:

Ինչեւէ, բարի երթ մաղթելով մարաթոնին, գումարը, որը հավաքվում է հանգանակության միջոցով, գոնե ծառայի ճիշտ նպատակին: Քանի որ գաղտնիք չէ` այս իշխանությունները սոսկ սեփական գրպանի եւ սեփական բարեկեցության մասին մտածողներ են, դրանում մենք բազմիցս ենք համոզվել: Մյուս կողմից, մենք ի սկզբանե պետք է համոզված լինենք, որ ոչ մի թիզ հող չպետք է տրվի թշնամուն: Դժբախտաբար, այդ համոզմունքը ոչ այս պետության մեջ, ոչ քաղաքական ուժերի եւ ոչ էլ բուն ղարաբաղցիների մեջ չկա: Այսօր, ցավոք, իշխանության ղեկին են կանգնած ղարաբաղցիներ, որոնք որեւէ վստահություն չեն տվել, որ իրենց ներկայությունն իշխանության մեջ կարդարացնի այս հարցում հայանպաստ լուծումներ ունենալու շատերիս ակնկալիքները: Իսկ Ղարաբաղն այսօր իրոք վտանգված է:

Թերեւս ամենակարեւոր հանգամանքը. հայտնի չէ՝ ղարաբաղցին հինգ տարի հետո արդյո՞ք ապրելու է իր հողում: Ավելին՝ ո՞ւմ համար ենք կառուցում այդ ճանապարհներն ու դպրոցները, եթե ղարաբաղցին Ղարաբաղում ապրելու այլեւս ցանկություն չունի: Այդ օրինակն իրականում շարքային ղարաբաղցուն տվել են այնտեղի բարձրաստիճան իշխանավորները, որոնց մեծ մասը հետո տեղափոխվել է Երեւան: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը վերաբնակեցնում էր սահմանային հողերը` Ղարաբաղն անկախ տեսնելու հեռանկարով:

Այս իշխանությունների հիմնական նպատակն էլ պետք է լիներ սահմանամերձ գյուղերի վերաբնակեցումը, սահմանների ամրացումը: Մեր հոգեբանությունից ընդհանրապես պետք է բացակայի, որ կարելի է որեւէ գործարքի մեջ մտնել Ադրբեջանի իշխանությունների հետ կամ էլ տեղի տալ միջազգային հանրության պարտադրանքներին: Այսօր, դժբախտաբար, այդ վստահությունը չկա:

Լյուդմիլա Սարգսյան, ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ

http://www.hraparak.am/2011/11/24/um-hamar-enq-karucum/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.