вторник, 15 ноября 2011 г.

Այդ վերջացած մարդը, կատարյալ սրիկան...

1-ej-verevi-lur«Մի կողմ թողնելով, թե ով է կինը եւ ինչ պրոբլեմ կա նրանց միջեւ, ես կարծում եմ, որ եթե Սյունիքի մարզպետը նույնիսկ չի կարողացել իրեն զսպել եւ կնոջը հարվածել է, այդտեղ արդեն գնահատականներ տալն անիմաստ է»,- yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեկվա վարքագիծը, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

«Նա վերջացած մարդ է, մի կատարյալ սրիկա, որին իշխանությունները պահում, պահպանում, գուրգուրում են, որ օգտագործեն»,- հավելեց ընդդիմադիր գործիչը:

Հարցին` որո՞նք պետք է լինեն իշխանության քայլերն այս միջադեպից հետո, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե Բեգլարյանին պարզապես հեռացրեցին, ապա սրան պետք է ոչ միայն հեռացնել մարզպետությունից, այլ նաեւ դատի տալ եւ երկար ժամանակով ձերբակալել, որովհետեւ, բացի իր կատարած մնացած բոլոր հանցագործություններից, որոնք երբեմն քողարկված են եղել, նա համարձակվել է բացահայտ ու հրապարակավ հարվածել կնոջը»:

Սակայն ՀԱԿ ներկայացուցիչը չբացառեց, որ մարզպետը գուցե «մարսի» այս միջադեպը, որովհետեւ իշխող կուսակցությունը շատ ակտիվ նախընտրական արշավ է ծավալել, Սյունիքի մարզում էլ արագ վերադասավորվելու հնարավորություն դժվար թե ունենա, հետեւաբար, կփորձի նրան նորից օգտագործել ընտրությունների ժամանակ:

Հարցին` ի՞նչ տպավորություն ստացավ մեկ այլ բարձրաստիճան հանրապետականի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «հարբած» ելույթից, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Առաջին զգացողությունը, որ ունեցա, ամոթի զգացումն էր, որ մարդը, լինելով երկրի երրորդ դեմքը, չի էլ գիտակցում իր պաշտոնի կարեւորությունը եւ չի էլ հասկանում, որ այդ կերպարը գոնե արտաքուստ պիտի հարգանք ներշնչի: Էնքան անլրջություն կա վարչապետի վարքագծի եւ պահվածքի մեջ եւ էնքան անհարգալից վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ, որ այսօր, շարունակելով պաշտոնավարել, նա ուղղակի վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը»:

ՀԱԿ ներկայացուցչից հետաքրքրվեցինք նաեւ, թե, ըստ նրա, այս երկու սկանդալները կազդե՞ն, արդյոք, Հանրապետական կուսակցության վարկանիշի վրա: «Կարծում եմ, որ Հանրապետականն ընդհանրապես վարկանիշ չունի, այլ գոյատեւում է իշխանական ռեսուրսների հաշվին: Եթե, իրոք, մաքուր ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն, Հանրապետական կուսակցությունն ի վիճակի չի լինի անգամ 3 տոկոս ձայն հավաքել»,- կարծիք հայտնեց ընդդիմության ներկայացուցիչը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.