Բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար ո՛չ նոր ծրագրի վրա է պետք աշխատել, ո՛չ էլ նոր հեծանիվ հնարել. ամեն բան արդեն իսկ պատրաստ է, մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարում Սերժ Սարգսյանի այսօր հայտնած այն մտքին, թե առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծել, այլև Հայաստանին կայունություն բերել:
«Եթե Սերժ Սարգսյանն օլիգարխներին բերի հարկային դաշտ, կատաղած կապիտալիզմը միջին քաղաքացուն չի բզկտի: Հեծանիվ հնարել պետք չէ, ընդամենը պետք է բարի կամք ունենալ, չունես այդ կամքը՝ թող գնա: Չկա ռեխից արյուն ու թունավոր լորձ թափող, շնացած, վայրագ կապիտալիզմ, ուրեմն կա ապահովված ՀՀ քաղաքացի: Կատաղության հասած, մարդկանց հոշոտող կապիտալիզմը, մոնոպոլիաները պետք է վերացնել: Մեկը գրանցվել է բենզինի վրա, մեկը գրացվել է յուղի վրա, մեկը` ձեթի, մյուսը՝ դեղորայքի վրա և այլն»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը` հավելելով, որ «եթե թողնեն, որ նորմալ շուկայական հարաբերություններ լինեն, Հայաստանում ամեն օր գների աճ չի գրանցվի»:
Ամփոփելով` ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ բիզնեսը Հայաստանում կբարգավաճի, եթե որոշ մարդկանց ախորժակը զսպվի և նրանք «փայ չմտնեն»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր Արդյունաբերողների և գործարարների (գործատուներ) միության 6-րդ համագումարում ասել է, որ մի մեծ ծրագրի նախանշման գործում մասնագիտական խումբ է աշխատում: Ըստ այդմ՝ առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն աշխատատեղեր ստեղծել, այլև երկրին կայունություն բերել։ «Բիզնեսին պետք է բարենպաստ գործարար միջավայր, մենք դա ապահովելու ենք»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.