Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արարատ Մկրտչյանը կասկածում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, սեփական պաշտոններից հրաժարվելով, «գնում են» ՀՀԿ շտաբը ղեկավարելու, և նրանց` նման որոշում կայացնելու պատճառներն ավելի խորքային է համարում: Նման տեսակետ Մկրտչյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Միաժամանակ, չեմ կարող հստակ ասել, թե ո՞ւր են նրանք երկուսը գնում, բայց դժվար թե ՀՀԿ շտաբը ղեկավարելու: Ընտրություններից մի քանի ամիս առաջ շտաբի ղեկավար և առաջին տեղակալ նշանակելը ժամանակավրեպ է, իսկ եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ուրեմն մենք գնում ենք արտահերթ ընտրությունների: Բացի այդ, այն ձևակերպումը, որ հրաժարականից հետո արեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, մի քիչ տարակուսանք է հարուցում և կասկածներս հիմնավորում:
Նա հայտարարում է, թե գնում է Հովիկ Աբրահամյանի հետ միասին թափանցիկ, անաչառ ընտրություններ կազմակերպելու համար: Դժվար թե մի կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը կամ տեղակալը կարողանան երկրում թափանցիկ, անաչառ և լեգիտիմ ընտրություններ կազմակերպել: Սրանք սեփական լիազորություններից ավելի լայն հայտարարություններ են և այստեղից էլ` իմ տարակուսանքը, որ սա ուղղակի շատ անակնկալ հեռացումների շարք է: Միայն թե այս ամենը ներկայացվում է իբրև հրաժարական, այլ պաշտոնի անցում և այլն: Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հետագա գործունեությունը զուտ քաղաքական գործունեություն է և ոչ պաշտոն»,- նկատեց Արարատ Մկրտչյանը:
ՀԱԿ ներկայացուցիչը նաև չբացառեց, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում կարող է ցրել Ազգային ժողովը: «Բյուջեի մասին օրենքը լավագույն տարբերակն է, որպեսզի խորհրդարան-կառավարություն հակասության խնդրի առնչությամբ նախագահը ցրի ԱԺ-ն: Մասնավորապես, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի` լրացուցիչ 100 մլրդ դրամ հավաքագրելու մասին բացեիբաց վերջին հայտարարությունները ես դիտարկում եմ որպես որոշակի լոբբինգ: Նա ԱԺ-ում լոբբինգ է անելու 2012 թվականի բյուջեն տապալելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու նպատակով: «Այս տեսանկյունից նայելով` Հովիկ Աբրահամյանն ու Միքայել Մինասյանը, հնարավոր է, գնացել են հենց արտահերթ ընտրություններ կազմակերպելու»,- ամփոփեց Արարատ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 1-ին: Նա իր հրաժարականը կներկայացնի խորհրդարանի նոյեմբերի 14-ի նիստում: ԱԺ նախագահը հայտարարել էր, որ գլխավորելու է ՀՀԿ շտաբը:
Իսկ ահա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել էր երեկ` նոյեմբերի 3-ին: Նա նշել էր, որ գնում է «օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում» և կարծում է, որ դա է այսօրվա առաջնահերթությունը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.