среда, 11 октября 2006 г.

«Արդարության» ապագան կախված է ՀԺԿ-ից


«Արդարություն» դաշինքի գործունեության ապագային վերաբերող հարցերին պատասխանում է այդ դաշինքի անդամ, Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

- Տիկին Սարգսյան, ձեր տպավորությամբ «Արդարություն» դաշինքը դեռեւս գոյություն ունի՞:

- Քանի որ «Արդարություն» դաշինքը արդեն երկար ժամանակ ակտիվ գործունեություն չի ծավալում, նրա անդամների մի մասը տարբեր պատճառներով հեռացել է դաշինքից, մյուսները ակտիվ բանակցությունների մեջ են դաշինքից դուրս, այս պայմաններում դաշինքի գոյությունը սկսել է սիմվոլիկ բնույթ կրել: Եվ դա միանգամայն օրինաչափ է, քանի որ մենք գտնվում ենք նոր ընտրությունների նախընտրական շրջանում, եւ քիչ հավանական է, որ «Արդարություն» դաշինքը ընտրությունների կգնա նույն կազմով: Դաշինքի անդամների մի մասը իրենք այլեւս չեն ցանկանում լինել դաշինքում, մյուսների հետ կապված վերապահումներ կունենա դաշինքի առանցքը կազմող ՀԺԿ-ն:

- Իսկ ՀԺԿ-ի կողմից կա՞ նախաձեռնություն ձեւավորելու նոր դաշինք, կա՞ն այնպիսի ուժեր, որոնց հետ ՀԺԿ-ն բանակցում է այդ ուղղությամբ:

- Մեկ ամիս առաջ իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ Ստեփան Դեմիրճյանի հետ: Մենք երեք տարուց ավելի աշխատել ենք իրար հետ, եւ պետք է ազնիվ լինենք միմյանց նկատմամբ: Ես ասել եմ, որ շատ բան կախված է ՀԺԿ-ի կեցվածքից եւ ժամանակն է, որ ՀԺԿ-ն իր վերաբերմունքն արտահայտի իր գործընկերների նկատմամբ, անկեղծորեն եւ բաց հայտարարի, թե ինչ ֆորմատով է ինքը պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին: ՍԴՀԿ-ն գրեթե 4 տարի եղել է ՀԺԿ-ի ղեկավարած ընդդիմադիր դաշինքում, մենքՀԺԿ-ի հետ ունենք գաղափարախոսական ընդհանրություններ, ընդհանուր վերաբերմունք իշխանությունների նկատմամբ, եւ մեզ համար ցանկալի կլիներ առաջիկա ընտրություններին եւս մասնակցել ՀԺԿ-ի հետ:

- Այնուամենայնիվ, ըստ ձեզ` ՀԺԿ-ն միայնակ կգնա՞ ընտրությունների, թե՞ կձեւավորի նոր դաշինք:

- Կարծում եմ, որ ՀԺԿ-ն միայնակ չի գնա ընտրությունների, թեեւ այդ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր կողմ են միայնակ մասնակցությանը: Այն ուժերը, որոնք այսօր խուսափում են դաշինքներից, տպավորություն են ստեղծում, թե վախենում են հաղթահարել 7 կամ 10 տոկոսանոց արգելքը: Համոզված եմ, որ ՀԺԿ-ն նման խնդիր չունի:

- 2003-ին, երբ ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեցին ՀԺԿ-ի շուրջ եւ ստեղծվեց «Արդարություն» դաշինքը, տրամաբանությունն այն էր, որ ՀԺԿ ղեկավարը նախագահական ընտրություններում ստացել էր ընտրողների առավել մեծ մասի քվեները եւ համարվում էր ընդդիմության առաջնորդը: Այսօր այդ վիճակը պահպանվո՞ւմ է, թե՞ ընդդիմադիր ուժերը նոր առաջնորդի փնտրտուքի մեջ են:

- Ճիշտ է, որ 2003-ին ՀԺԿ-ն ընդդիմության առաջնորդն էր: Այսօր ես այս դաշտում չեմ տեսնում առաջնորդ կուսակցություն, որը կարող է իր շուրջ համախմբել բոլորին: Սակայն ակնհայտ է, որ ՀԺԿ-ն պահպանել է իր քաղաքական կշիռը եւ ցանկության դեպքում կարող է կրկին դառնալ ընդդիմության առանցքը: Նորից եմ կրկնում, ՀԺԿ-ն ինքը պետք է որոշի` ուզո՞ւմ է ստանձնել այդպիսի դեր, դառնալ միավորող ուժ, դառնալ ընդդիմադիր ուժերի լիդեր եւ նրանց միավորելով լուծել իշխանության հարցը, թե խնդիր է դնում մասնակցել ընտրություններին` խորհրդարանում որոշակի տեղեր ստանալու ակնկալիքով:

- Եթե ՀԺԿ-ն չստանձնի այդ լիդերի դերը, ինչպիսի՞ն կլինի ձեր կուսակցության դիրքորոշումը:

- Ես չեմ կարծում, որ մեր կուսակցության քաղաքական վարկանիշն այնքան ցածր է, որ քաղաքական դաշտում մենք չենք գտնի նոր գործընկերներ: Իհարկե մենք գերադասում ենք գնալ այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարախոսական ընդհանրություններ, իսկ այդպիսիք շատ են:

- Իսկ կարո՞ղ է այդպիսին դառնալ «հակաքրեական» շարժումը, որի հայտարարությանը միացել է նաեւ ձեր կուսակցությունը:

- Մենք մասնակցում ենք ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող բոլոր այն գործընթացներին, որոնք ուղղված են երկրում օրինականության եւ արդարության հաստատմանը, որը այսօր հասարակության թիվ 1 պահանջն է: Իսկ թե ինչի կվերածվի հակաքրեական շարժումը, կախված է նրա հետագա գործունեության արդյունքներից, եւ այդ շարժման մեջ միավորված ուժերի ընդհանրական դիրքորոշումից: Ուզում եմ նաեւ ՍԴՀԿ կենտրոնական վարչության զորակցությունը հայտնել «Հանրապետություն» կուսակցությանը եւ նրա քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանին: Համոզված ենք, որ իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիչների դեմ կազմակերպված եւ իրականացված այս եւ մյուս բռնարարքների պատասխանը պետք է լինի մեր համախմբումն ու այդ ուժերից Հայաստանի ազատագրումը: Այլընտրանք չկա:
http://www.zhamanak.com/article/4426/