среда, 21 января 2009 г.

Նարեկ Գալստյան. «Կոնգրեսը կարճաժամկետ գործունեության քաղաքական պլան է»


Շարունակում ենք ներկայացնել ՀԱԿ մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների պատկերացումները Կոնգրեսի գործունեության, կառուցվածքի, ինչպես նաեւ՝ զարգացման մասին: Այս անգամ մեր զրուցակիցն է ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Կոնգրեսում ներկայացված են տարբեր քաղաքական հոսանքներ: Դա խանգարո՞ւմ է Կոնգրեսի աշխատանքներին, թե՞ ընդհակառակը՝ հարստացնում գաղափարական բազան:

- Ես առհասարակ չեմ կարծում, թե Կոնգրեսը գաղափարական կառույց է այն առումով, որ միտված է որոշակի գաղափարախոսությունների: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այն զուտ քաղաքական կազմակերպություն է, որը ենթադրում է հստակ նպատակների առկայություն: Իմ տպավորություններով՝ Կոնգրեսը կարճաժամկետ գործունեության քաղաքական պլան է, որի հիմնական նպատակը ՀՀ-ում սահմանադրական կարգի վերահաստատումն է: Իսկ ինչ վերաբերում է Կոնգրեսի առանձին քաղաքական կուսակցություններին եւ գաղափարախոսություններին, ապա այս պահին, փաստորեն, կուսակցական գաղափարախոսությունները դրվել են մի կողմ, եւ բոլորը լծվել են մի գործի, մի խնդրի, այն է՝ ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնմանը: Ես, իհարկե, մեծ ուրախությամբ կփորձեի խոսել այսօրվա Հայաստանում առկա տարբեր տիպի քաղաքական հոսանքների՝ լիբերալիզմի եւ պահպանողականության, սոցիալիզմի եւ ազգայնականության միջեւ տարբերությունների մասին, բայց իրավիճակը այդպիսին չէ ու չի ենթադրում զուտ գաղափարական խնդիրներ: Շատ քիչ են գաղափարական կուսակցությունները ողջ հանրապետությունում:

- Ըստ մամուլում տարածված ինֆորմացիայի՝ դուք էլ եք մասնակցում Կոնգրեսին հարող սոցիալիստական ուժերի կլոր սեղաններին, քննարկումներին: Ըստ ձեզ՝ դա բերելո՞ւ է, արդյոք, կազմակերպչական որեւէ կառույցի ստեղծման, թե՞, այնուամենայնիվ, այդ քննարկումները որեւէ բան չեն պարտադրում:

- Ես վստահ եմ, որ այդ քննարկումները որեւէ բան չեն պարտադրում, եւ չեմ էլ կարծում, թե Հնչակյան կուսակցությունը որեւէ նոր ֆորմատում իր մասնակցությունը կցուցաբերի:

- Իսկ ձեր կուսակցությունը ի՞նչ կրեդո ունի, ո՞րն է ձեր արժեհամակարգի մեխը, եթե կարելի է այդպես ասել: Չէ՞ որ ձախ ուղղվածության քաղաքական ուժը բազմաշերտ հասկացություն է:

- Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դասական ձախ ուղղվածության քաղաքական կուսակցություն է, եւ մեր արժեհամակարգի հիմնական մեխը, մեր թիվ մեկ նպատակակետը մարդն է՝ ՀՀ-ի քաղաքացին իր սոցիալական, իրավական բազմաթիվ խնդիրներով: Եվ երկրորդը՝ Հայաստան երկիրը իր տարածքային եւ բազմաթիվ այլ առկա խնդիրներով: Այսօր Հնչակյան կուսակցությունն իր հիմնական ծրագրային կանոնադրական կետերը մի կողմ է թողել եւ զբաղված է իրավական երկիր ստեղծելու գործընթացով:

- Իսկ ինչ մնում է ՀԱԿ-ի մարտավարությանը, ի՞նչ եք կարծում, առաջիկա ԵԽԽՎ նստաշրջանը, «7»-ի ընթացիկ դատավարությունը կարո՞ղ են հանդես գալ որպես ինդիկատորներ, որոնք կստիպեն ընդդիմությանը վերանայել թայմ-աութի մարտավարությունը:

- Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: «7»-ի գործը, ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանը լակմուսի թուղթ կարող են հանդիսանալ իշխանությունների համար այն առումով, որ երկու խնդիրների բացասական եզրափակման թիվ մեկ պատասխանատուն, թիվ մեկ մեղավորը իշխանությունն է` իր սուբյեկտներով: Ինչ վերաբերում է ընդդիմության մարտավարության փոփոխմանը, ապա կարծես թե՝ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարեց՝ եթե անգամ 10 կամ 15 տարի, առհասարակ՝ երբեք չգանք իշխանության, չենք վտանգի Հայաստանի Հանրապետության կամ Արցախի ինքնիշխանության կամ անվտանգության խնդիրները: Վստահ եմ՝ որքան էլ մեր քաղբանտարկյալ ընկերների խնդիրը կա այսօր, եւ որքան էլ մենք ցավում ենք նրանց՝ ճաղերի ետեւում գտնվելու համար, այնուամենայնիվ, Արցախի խնդիրն այսօր մի քանի գլուխ ավելի բարձր է ծառացած այլ խնդիրներից: Այդ իսկ պատճառով՝ չեմ կարծում, որ Կոնգրեսում որեւէ մարտավարություն կփոխվի, բնականաբար, եթե չառաջանա որեւէ ֆորսմաժորային իրավիճակ:
http://www.zhamanak.com/article/11125/