суббота, 23 февраля 2008 г.

ԵՐԹԻ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԿԱՆԱՅՔ

DSC_0036


Կանայք պահանջում են «Հ1»-ի օրինական գործունեություն եւ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հրաժարականը: Նրանք երթով Ազատության հրապարակից գնացին մինչեւ ռադիոտուն, ապա հակառակը:
Երթին մասնակցում էին հազարավոր կանայք, իսկ նրանց շրջապատել էին հիմնականում երիտասարդ տղաները, որոնք ձեռքերը բռնած շրջան էին կազմել ու կանանց առել մեջը:
«Մենք պահանջում ենք ՀՀՌԸ խորհրդի նախագահի հրաժարականը, «Հ1» հեռացիր»,-այս խոսքերով կանաց առաջնորդում էր ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ում խոսքերին բուռն արձագանքում էին ներկա կանայք` «հիմա» «հեռացիր» կոչերով: Նրա կողքին էր կանգնած նաեւ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Ռադիոտան շենքի մոտ քաղաքային ոստիկանության հատուկ ջոկատայիններն էին կանգնած, որոնք մեծ շառավղով փակել էին ռադիոտան մուտքը:
«Ամոթ», «ամոթ» էին գոռում հավաքված կանայք: ԵՊՀ-ի մոտով անցնելիս նրանց կոչերը սաստկացան, իսկ ահա մետրոյի «Երիտասարդական»-ի կանգառում կանգնածներին գառում էին «միացիր», «հիմա»: «Եթե Արմեն Ամիրյանը մեզ արհամարհեց նաեւ իր կնոջը, քրոջը, դստերը, երբ կանայք են ոտքի կանգնում, արդեն վերջն է»,-«Ա1+»-ին ասաց վանաձորցի Սուսաննան, ով ծանր դրոշ էր թափահարում ողջ երթի ընթացքում:
«Այս երթը նշանակում է, որ մենք մեր եղբայրների, ամուսինների, որդիների կողքին ենք, էլ տուն չենք գնա, մինչեւ արդարություն չհաստատվի»,-«Ա1+»-ին ասաց մեկ այլ կին ակտիվիստ:
«Եթե հազարավոր կանայք են խառնվել գործին, կասկածից վեր է, որ հաղթելու ենք»,-ասաց ուսանողուհի Աննան: Նշենք, որ ողջ երթի ընթացքում կանանց ջերմ էին ընդունում եւ նրանց կոչերին արձագանքում բազմաթիվ մարդիկ, շատ վարորդներն էլ միացնում էին իրենց ազդանշանները եւ բռունցքներով պայքար ցույց տալիս:
«Ազատության» հրապարակ հասնելիս, հրապարակում ներկա տղամարդիկ ջերմ ծափողջույններով դիմավորեցին իրենց բառերով ասած` «հաղթանակած կանանց»:
Արդեն հրապարակում էլ ելույթ ունեցավ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, ով դիմեց հավաքվածներին «ՀՀ ազատ քաղաքացիներ» կոչով եւ ասելով, որ իրենց` կանանց պատգամը այլեւս իրողություն է:
«Եթե մենք ուզում ենք մեր թոռներին ազատ քաղաքացի դաստիարակել, ուրեմն խոսքի ազատություն պիտի լինի եւ նրանք պետք է հրաժարական տան: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները ստանան հայեցի դաստիարակություն, մուղամներ ու խուժանի, անգրագետ փողոցայինի խոսք չլսեն հեռուստատեսությամբ ու մեր արդարացի պահանջով հաղթել ենք»,-ասաց ներկաներին նա,որին բուռն արձագանքեցին բոլորը. «հիմա», «հիմա»:
DSC_0030 DSC_0031 DSC_0032 DSC_0033 DSC_0034
DSC_0035 DSC_0017

среда, 20 февраля 2008 г.

«Չեն անցնի» ասում է Գուրգեն Եղիազարյանը


Երեկ Աբովյանում դաժան ծեծի են ենթարկվել «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Եղիազարյանի որդին` Համբարձում Եղիազարյանը:

Երեկ մեզ հետ զրույցում պրն Եղիազարյանը կատարվածի մասին պատմեց հետեւյալը. «Առավոտյան ժամը 9-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` Աբովյան քաղաքի շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանը կապվել էր Երջանիկ Աբգարյանի հետ եւ ասել, որ մեր վստահված անձանց տոտալ ահաբեկման են ենթարկում եւ հեռացնում ընտրատեղամասերից, մասնավորապես` 28/06 տեղամասից: Մենք` ես, որդիս, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ Երջանիկ Աբգարյանը շտապ մեկնեցինք Աբովյան ու տեսանք երկու ահաբեկված կանանց` Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Նրանցից մեկը մոտ 20 տարեկան երիտասարդ աղջիկ է, որին ահաբեկած մարդիկ, այսպես ասած, խոստացել էին գիշերը սպանել, եթե փորձի վերադառնալ ընտրատեղամաս: Մյուսը` Լարիսա Թադեւոսյանը, ասաց, որ ոչ մի դեպքում ընտրատեղամաս չի վերադառնա, այնքան որ ահաբեկված էր ու մեզ էլ խորհուրդ տվեց չգնալ այդ տեղամաս: Մենք, այնուամենայնիվ, գնացինք տեղամաս: Տեղամասում նստած էին նախագահի մյուս թեկնածուների 4 վստահված անձինք, ովքեր մեր հարցերին չէին պատասխանում, միայն ասացին, որ առավոտյան եկել առեւանգել են մեր վստահված անձանց, նստեցրել մեքենա ու տարել: Նրանցից մեկին` Լարիսա Թադեւոսյանին ահաբեկչական խմբի անդամները տարել էին քաղաքից դուրս, իջեցրել մեքենայից, սպառնացել, թե եթե վերադառնա, ոտքերը կոտրելու են ու թողել ամայի այդ վայրում: Երբ մենք տեղամասում էինք եւ փորձեցինք զրուցել վերը նշված վստահված անձանց հետ ու մանրամասներ իմանալ կատարվածի կապակցությամբ, միայն Արթուր Բաղդասարյանի վստահված անձը համարձակվեց պատմել կատարվածի մասին: Այդ ընթացքում Լյուդմիլա Սարգսյանի հետ խոսքի բռնվեց Արտաշես Գեղամյանի վստահված անձը` ասելով, թե մենք գիտեինք, որ դուք գալու եք եւ գրեթե գոռալով ասաց` հենց հիմա ազատեք տարածքը: Ես միջամտեցի խոսակցությանն ու առաջարկեցի հանձնաժողովի աշխատանքին չխոչընդոտելու համար դուրս գալ ու դրսում պարզաբանել հարցերը: Այդ ընթացքում զանգ տվեց հանձնաժողովի նախագահն ու շուտով երկու-երեք ավտոմեքենայով ընտրատեղամասի մոտ հավաքվեցին մի խումբ հաստավզեր` սկզբում 7-8 հոգի, ապա շատացան ու այսպիսի խոսակցություն սկսեցին տանել` «մեր դեմ խաղ չկա, Սերժը նաղդով նախագայա»: Մենք էլ ասացինք, որ ձեր Սերժը նախագահ չի ու վաղ է ուրախանալու համար: Այդ խոսակցությունը տեւեց մոտ 20 րոպե, որի ընթացքում նրանցից մեկն անընդհատ ձեռքը տանում էր դեպի կողքի զենքն ու ասում` արա թող գյուլլեմ, սրանց պետք ա գյուլլել, կյանքներս կերան եւ այլն...: Դրանց նպատակն այն էր, որ արձանագրություն չկազմվի մեր վստահված անձանց առեւանգման առնչությամբ, հակառակ դեպքում, ինչպես որ մեզ սպառնացին` «սետկա ենք սարքելու»: Այդ հաստավզերից մեկը խոսակցության ընթացքում հարցրեց Երջանիկ Աբգարյանին, թե ով է: Վերջինս ներկայացավ` ասելով, որ ապրում է Առինջում: Այդ ընթացքում այդ տմարդին սկսեց հայհոյել Աբգարյանին, ես էլ նրան հայհոյեցի: Իսկ քիչ անց նրանցից մեկը` ոմն Էդո, փոքր-ինչ հեռացավ ու սկսեց խոսել հեռախոսով: Վերադառնալուն պես, տղաս, ես ու Երջանիկ Աբգարյանը միաժամանակ հարված ստացանք ու երեքս էլ գետնին ընկանք: Ոհմակն էլի ավելացավ ու սկսեցին բոլորիս վրա հարվածներ տեղալ, մեզ մնում էր միայն պաշտպանել դեմքներս (Գուրգեն Եղիազարյանի ճակատն ամբողջությամբ վնասված է, նրա որդու` Համբարձումի դեմքն ամբողջությամբ այտուցված է, կապտած, իսկ Երջանիկ Աբգարյանի քիթը կոտրվել է, գլխին ծանր հարվածներ է ստացել): Քիչ անց այդ մարդիկ դադարեցին մեզ հարվածել, հավանաբար հրահանգ ստացան ու շարժվեցին փողոցի կողմը: Ես վեր կացա, նորից մտա ընտրատեղամաս ու ասացի հանձնաժողովի նախագահին, որ կատարվածի կապակցությամբ արձանագրություն կազմվի: Վերջինս հիստերիա սարքեց ու մոտ 40 րոպե թույլ չէր տալիս, որ արձանագրությունը կազմվի: Փաստորեն, տոտալ բռնություններ են կատարվում, իսկ մենք դրա դեմը չենք կարողանում առնել»: (Եղիազարյանն ասաց նաեւ, որ վերը նշված ընտրատեղամասում ժամը10.30-ի դրությամբ քվեատուփը կիսով չափ լցված էր` այն դեպքում, որ քվեարկությանն այդ պահին մասնակիցել էր 124 հոգի, սակայն 500 քվեաթերթիկ արդեն իսկ բացակայում էր, այսինքն` քվեարկված էին):

«Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ում համար թանկ է մեր երկրի ապագան, վախվորած գառների նման չմտնել փարախն ու սպասել, թե երբ են իրենց խժռելու: Նրանք մի մարդու նման փետրվարի 20-ին, ժամը 15-ին թող գան «Ազատության» հրապարակ ու մասնակցեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Սրանք չպետք է անցնեն, մաֆիայի հաղթանակը չի լինելու: Վաղը, ամենայն հավանականությամբ, մաֆիան ոստիկանության հետ միասին կհոգա այն մասին, որ մեր համախոհները չկարողանան Երեւան գալ: Իսկ հանրահավաքի ժամանակ հանկարծ կհայտնվի ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի մորաքրոջ տղան` Պազոլինին, իր կոչերով` «ոչ բախումներին», «ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին» ու սադրելով հավաքվածներին բախում կհրահրի իր պես այդպիսի բազում «խաղաղարար» կազմակերպությունների, օրինակ` «Համերաշխություն» շարժման կազմակերպիչների հետ: Հիշենք, որ քիչ առաջ նկարագրածիս մասին ժամանակին խոստացել են երկու մարդ` «դհոլը»` Արտաշես Գեղամյանը եւ նույն Գորիկ Հակոբյանը: Սրանք ամեն կերպ կփորձեն իրենց շնիկների միջոցով տապալել փետրվարի 20-ի միտինգը, որին կփորձի միջամտել ոստիկանությունը, մի քանի հոգու կհավաքի եւ... Բայց, այնուամենայնիվ, ասեմ` NO PASARAN, սրանք չեն անցնելու, թույլ չպիտի տանք վանդալիզմի վերադարձը», - հայտարարեց պրն Եղիազարյանը:

Հ.Գ. Պրն Եղիազարյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, սակայն ոստիկանությունը, վերջինիս հավաստմամբ, տեղեկություն է տարածել այն մասին, որ տուժածները անհայտ ուղղությամբ հեռացել են: Սա այն դեպքում, որ դեպքից մոտ մեկ ժամ անց` ժամը 13.30-ին Եղիազարյանն ու մյուս տուժածները մամուլի ասուլիս են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի` Եկմալյան հասցեում գտնվող քարոզչական կենտրոնում ու եւս մեկ ժամ, այսպես ասած, հնարավորություն տվել «գտնել» նրանց:
http://www.zhamanak.com/article/8362/