пятница, 28 марта 2008 г.

Հայտարարություն


Մարտի 28-ին մենք` հնչակյան երիտասարդներս, համարձակություն ցուցաբերեցինք եւ որոշեցինք «Կոնգրես» հյուրանոցում «պետության հիմքերը խարխլող» եւ «սադրիչ» մի միջոցառում անցկացնել` ուսանողական քննարկում` «ՄԱԿ-ի ընդունած հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով:

Ի սկզբանե որոշվել էր մեր միջոցառման ժամանակ ապահովել օբյեկտիվություն, եւ այդ առումով հրավիրել էինք նաեւ ԱԳՆ ներկայացուցչին:

Մեկ շաբաթ առաջ դիմել էինք հյուրանոցի համապատասխան մարմիններին եւ խնդրել դահլիճ տրամադրել: Պայմանավորվածություն եղավ, եւ մենք հանդգնեցինք հրավիրել շահագրգիռ կողմերին եւ տարբեր երիտասարդական կազմակերպությունների` այդ թվում եւ իշխանական: Միջոցառումից 10 րոպե առաջ, սակայն, մեզ զանգահարեց հյուրանոցի ներկայացուցիչը եւ փաստեց, որ դահլիճ տրամադրել չի կարող: Այլ մեկնաբանություններ չեղան: Մենք, ամենեւին չցանկանալով խաթարել պետության հիմքերը եւ տեղի տալ օտարերկրյա գործակալների ցանկություններին, հանդգնում ենք փաստել, որ մեզ դահլիճից զրկելն ունի հստակ քաղաքական ենթատեքստ:

Ելնելով այս ամենից` ուղղում ենք հետեւյալ կոչը.

Բոյկոտել Կոնգրես հյուրանոցի աշխատանքները:

Սփյուռքի մեր հայրենակիցներին եւ կուսակցական ընկերներին խնդրել` Հայաստան գալու դեպքում Կոնգրեսում համար չվարձել:

Միջազգային եւ տեղական իրավապաշտպան կառույցներին այդ հյուրանոցում քննարկումներ չանցկացնել:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի»

ուսանողական-երիտասարդական միություն

Ներեցեք հանդգնության համար

28.03.2008 թ.
http://www.zhamanak.com/article/8772/

четверг, 27 марта 2008 г.

Մեկ ա՝ հանդիպման վայրը չի փոխվում: Անգամ՝ ժամը: Մարդիկ էլ...


Մարտի 20-ից երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում ամեն օր հավաքվող քաղաքացիները երեկ, ժամը 18.30-ին պետք է ընթերցանության ակցիա անցկացնեին, սակայն հայրենի իրավապահները մարդկանց «ցրման» յուրօրինակ գործելաոճ էին որդեգրել...

Փսիխոզ` իշխանական վերնախավում


Ժամը 18.00-ից սկսած արդեն պարզվեց, որ տասնյակ մարդկանց «բռնում-լցնում» են մեքենաները ու տանում են Հյուսիսային պողոտայից: «Մաքրում են»... Երեկվա մյուս առանձնահատկությունը հետեւյալն էր` արդեն կանանց են համատարած բերման ենթարկում: Կանայք երեկ շատ սիմվոլիկ բնորոշեցին Հայաստանում ստեղծված իրավիճակը` «Սադամին երեւի պետք է երնեկ տալ»: Իրավամբ` մի ռեժիմի իրավապահներ, որոնք արդեն ստիպված են կանանց «հավաքել», վկայում է միայն մեկ բանի մասին` իշխանական վերնախավում մասսայական փսիխոզ է, սա` աներկբա:

ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ում եւս երեկ բերման էին ենթարկել եւ դեռ ժամը 21.00-ի դրությամբ գտնվում էր Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնում ու մեզ հայտնեց, որ 5-10 րոպեից իրեն ազատ կարձակեն, տեղեկացրել էր, որ բերման են ենթարկել մոտ 50 կանանց եւ 10-ից ավելի տղամարդկանց, որոնց բնակության հասցեն պարզելուց հետո տեղափոխում են համապատասխան ոստիկանության բաժիններ: Հյուսիսային պողոտայից երեկ բերման ենթարկվածների մեջ էին` Գագիկ Ներսիսյանը, ում Շենգավիթի ոստիկանության բաժին էին տարել, Պահպանողական կուսակցությունից` Թաթուլ Մկրտչյանը, ՀՀՇ-ից Սոնա Մուրադյանը, «Սկսել» հասարակական շարժման անդամ Արսեն Խառատյանը: Ականատես կանանցից մեկը` Անուշը, ում եւս ցանկացել էին բերման ենթարկել` ուշագնաց էր եղել եւ այդ պատճառով էլ նրան փաստորեն ոստիկանները չեն կարողացել «հավաքել» տարածքից: Մյուս ականատեսներից` Կարինեն, մեզ պատմեց, որ իրենք` չորս կանանցով կանգնած, զրուցելիս են եղել, մոտեցել են ոստիկանները, ասել են` «հիմա լուռ նստեք մեքենա», կանայք պատասխանել են` «ոչ, մեր հողի վրա իրավունք չունե՞նք կանգնել», ոստիկանները սկսել են քաշքշել նրանց, սակայն կանայք իրար ձեռքերից պինդ բռնել են, այնուհետեւ մոտեցել է ոստիկանության պաշտոնյաներից մեկը ու աշխատակիցներին հրահանգել` «Լավ, թողեք»: «Զբոսանքի» եկած երիտասարդ աղջիկներից մեկն էլ լսել էր, թե ինչպես է ոստիկաններից մեկը մյուսին հաղորդել` «ասացին` 15 րոպեից նայում եք, ով մնացել է` նստած, թե կանգնած` տանում եք»: Իսկ երկու լրագրողների «բարեխիղճ» շարքային ոստիկաններն էլ զգուշացրել էին` «լավ կլինի այսօր այստեղից շուտ գնաք...»:

Հավաքվածների եւ լրագրողների ներկայությամբ երեկ երկու ոստիկան մոտեցան Լեւոն Զուրաբյանին, ում ծանուցագիր հանձնեցին` այսօր ժամը 11.00-ին ոստիկանություն ներկայանալու վերաբերյալ: Զավեշտը այն էր, որ ծանուցագիր բերողը, որին անմիջապես շրջապատեցին լրագրողները կմկմալով Լ.Զուրաբյանին մեծ դժվարությամբ կարողացավ պարզաբանել, որ նրան «չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու համար» են հրավիրում: Լ.Զուրաբյանը վերցրեց ծանուցագիրը եւ լրագրողներին հայտարարեց. «Սա քաղաքական հետապնդում է»: Ի դեպ, երեկ հավաքվածների մեջ էին քաղաքացիական հագուստով ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, որոնք աչալրջորեն լսում էին հավաքվածներին (նրանցից երկուսը-երեքը, օրինակ, ըստ մի քանի տղամարդկանց հավաստիացումների` Շենգավիթի ոստիկանության աշխատակիցներ էին), ուսումնասիրում, հայացքով զննում էին, իսկ ոստիկանության աշխատակիցներով շրջապատված երիտասարդ օպերատորը, ում թիկնապահ-ոստիկաններն անընդմեջ հորդորում են` «ոչ մեկի հարցերին չպատասխանես», երեկ էլ շարունակում էր նկարահանել մարդկանց:

Հյուսիսային պողոտայում երեկ հավաքվածները «զբոսանքի» չգնացին, նախորդ օրվա համեմատությամբ շուտ հեռացան: Իսկ բերման ենթարկվածների վերաբերյալ ժամը 21.00-ից սկսած լուրեր էինք ստանում, որ մարդկանց ազատ են արձակում:
http://www.zhamanak.com/article/8759/

вторник, 25 марта 2008 г.

Շիրխանյանը խախտեց իր ու Վազգենի պայմանը


Ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը մարտի 21-ին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: Երեկ զրուցեցինք նրա հետ:

-Պարոն Շիրխանյան, Ձեր` հնչակյան դառնալը եթե ոչ զարմանալի, ապա զարմանալիին մոտ քայլ էր: Ինչու՞ որոշեցիք անդամակցել հենց այս կուսակցությանը եւ ինչո՞ւ հենց այժմ:

- Ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ` 1988-ից, իսկ մինչ այդ եղել եմ կոմունիստ, այսինքն` նորից եղել եմ քաղաքականության մեջ: Դա վկայում է, որ քաղաքականությունն ինձ համար երբեք խորթ չի եղել, իսկ քաղաքականություն ասելով ես միշտ հասկացել եմ լինել ժողովրդի կողքին: 2000թ.-ին դուրս գալով իշխանությունից մշտապես մասնակցել եմ ընդդիմադիր տարբեր շարժումների, պահպանելով իմ տեսակետները, շատ անգամ համաձայն չլինելով այն քաղաքական ուղղությունների հետ, որ տարել են ընդդիմադիր գործիչները, բայց միշտ ունեցել եմ մի գլխավոր նպատակ ու համոզմունք, որ Հայաստանում բռնազավթված իշխանության դեպքում մենք չենք կարող երկիրը կայուն զարգացման վիճակի բերել: Եթե չկա իշխանություն-ժողովուրդ, բանակ-ժողովուրդ միասնություն, եթե չկա համահայկական միասնություն, հոգեւոր վերելքի վիճակ, մենք Ղարաբաղին տեր կանգնել չենք կարող: Քաղաքականության մեջ Վազգեն Սարգսյանի հետ հայտնի պայման ունեինք` լինել շատ ակտիվ, բայց ոչ կուսակցական: Այն ժամանակ դա միակ ճիշտ տարբերակն էր, որովհետեւ կուսակցությունները շատ էին, մենք քիչ, բոլորի հետ պետք էր շփվել, բոլորի հետ աշխատել, բոլորի ուժերը գումարել: Բայց այս տարիների ընթացքում, ես ցավով եմ դա նշում, հասկացա մի բան, որ շատ կուսակցություններ` որպես այդպիսին, դարձել են քաղաքական դաշտի տերը` չունենալով դրա իրավունքը, միայն անուն, հիմնադիր եւ այդ հիմնադիրի շուրջ ծավալվող ինչ-որ խաղեր, կուսակցականներին ինչ-որ տաքուկ տեղեր տեղավորելու նպատակներ եւ այլն: Ու ես միշտ մտածել եմ` այ եթե ես որոշեի անդամակցել որեւէ կուսակցության` ու՞ր կգնայի: ՍԴՀԿ-ն միշտ առանձնացել է ինձ համար, 120 տարեկան է ու փառավոր անցյալ ունի եւ միշտ ծառայել է ազգին, երբեք չի վարկաբեկվել, դավաճանությունների մեջ չի մեղադրվել, ունի հրաշալի գաղափարախոսություն, որը ինձ շատ հոգեհարազատ է` դա սոցիալական-սոցիալիստական գաղափարախոսությունն է: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը ձգտելու է ապահովել արդարություն, հավասարություն եւ օրինականություն: Հենց այդ չափանիշներով էլ ես ընտրել եմ այս կուսակցությունը: Սա ոչ այնքան զարմանալի, որքան վճռական քայլ է քաղաքական իրավիճակի զարգացման այս փուլում:

- Իսկ կուսակցությունը Ձեզ գրկաբա՞ց ընդունեց, ինչ-որ ինստանցիաներով կամ խողովակներով ստիպված չեղա՞ք անցնել:

- Եղել է երդման արարողություն` Եռաբլուրում, Անդրանիկի շիրիմին, շիրիմի վրա փռված էր 1914թ.-ի դրոշ, որն անցել է ցեղասպանության դաշտերով, արտասահմանյան երկրներով եւ հասել այստեղ: Դա ինձ համար խիստ խորհրդանշական էր: Ինչքան ես հասկանում եմ, կուսակցությունը դեմ չի եղել իմ անդամությանը:

- Ինչպե՞ս է իրեն զգում, ինչպես ընդունված է ասել` նորաթուխ հնչակյանը:

- Այն, որ ՍԴՀԿ-ն որոշել է սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, հասնել Հայաստանում օրինականության վերականգնման, դա ինձ համար միանշանակ ընդունելի ծրագիր է: Ոչ միայն այս երկու օրը, այլ նաեւ դրան նախորդող երկու շաբաթը, որի ընթացքում ես միշտ այստեղ եմ եղել, ինձ համոզել են, որ կուսակցությունը շարունակելու է այդ գիծը` մինչեւ խնդիրն ավարտին հասցվի: Դա շատ կարեւոր է:

- Իսկ արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու ՍԴՀԿ-ի որոշումը վերջինիս անդամագրվելու նախապայմաններից մեկը եղավ: Եթե ՍԴՀԿ-ն այլ թեկնածուի սատարելիս լիներ կամ վերջին ընտրություններում քաղաքական չեզոքություն պահպանած լիներ, դա կուսակցական դառնալու Ձեր որոշման վրա կազդե՞ր:

- Իհարկե կազդեր, ես այդ դեպքում կսպասեի: Ես ընտրեցի հենց ՍԴՀԿ-ն, որովհետեւ կուսակցությունը շատ ակտիվ դիրք է ընդունել ներկա քաղաքական իրավիճակում, իսկ ես ակտիվ ու ճշմարիտ քայլերի հետեւող եմ: Եթե ՍԴՀԿ-ն սատարեր, ասենք, Վահան Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին կամ Սերժ Սարգսյանին, բացառվում է, որ ես անդամակցեի: Բայց քանի որ կուսակցությունն իրեն շատ ճիշտ է պահել այս ընթացքում, դա միայն իմ համոզմունքը չի, ես վստահաբար եմ եկել: ՍԴՀԿ-ն տարբերվում է բոլոր կուսակցություններից նրանով, որ այն մարդ կուսակցություն չի, ինչպես շատ այլ կուսակցություններ: Այն գաղափարական շատ լուրջ ուղղություն է եւ թույլ տվեք ասել` ճիշտ ազգային ուղղություն:

Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` առկա քաղաքական իրավիճակին վերաբերող հատվածը կներկայացնենք հաջորդիվ:
http://www.zhamanak.com/article/8728/