четверг, 19 августа 2010 г.

Մոյ ադրես սովետսկիյ սոյուզ

ՍԴՀԿ Կենտրոնական վարչություն ստորագրությամբ նախօրեին հայտարարություն տարածվեց այն մասին, որ այդ անվանումով կառույցը անհամատեղելի է համարում Հայ ազգային կոնգրեսի հետ հետագա համագործակցությունը:
Ինչպես հայտնի է` 2008-ի օգոստոսի 1-ից, այսինքն Կոնգրեսի կազմավորման օրվանից ՍԴՀԿ-ն ստորագրել է Կոնգրեսին միանալու մասին հռչակագիր: Նախօրեին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բազմաթիվ լրատվամիջոցներով հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը շարունակելու է անդամակցել Կոնգրեսին: Ու այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ ՍԴՀԿ անունից էին հանդես գալիս Կոնգրեսի հետ չհամագործակցելու մասին հայտարարության հեղինակները, ովքեր 2009-ից առանձնացել են Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից, հայտնի են Շիրխանյանական թեւ անվանումով եւ նոր ատենապետ են ընտրել Գեւորգ Պերկուպերկյանին:
Երեկ ՀՀ ԱՆ Պետռեգիստրից փորձեցինք պարզել` արդյոք ՀՀ-ում կա՞ ՍԴՀԿ անունով գրանցված մի քանի կուսակցություն: ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց, միությունների գրանցման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ ԱՆ-ում գրանցված է մեկ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն, որի կենտրոնական վարչության ատենապետը Լյուդմիլա Սարգսյանն է: Էդիկ Մարգարյանը ավելացրեց, որ կա նաեւ Հայաստանի սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն, որի ղեկավարն է Էռնեստ Սողոմոնյանը: Սա նշանակում է, որ Կոնգրեսի հետ անհամատեղելի աշխատանքի մասին էր հայտարարում մի կառույց, որը գրանված չէ Հայաստանում, ասել է թե` գործում է ՀՀ օրենքներից դուրս: Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի Հոդված 8-ի 3-րդ կետում հստակ նշվում է, որ «Կուսակցությունները ենթակա են պետական գրանցման»: Պետական գրանցումը, ըստ նույն օրենքի, կատարվում է պետական լիազոր մարմնի կողմից, գրանցման մասին փաստը վկայող փաստաթուղթը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում կատարված համապատասխան գրառումը եւ դա հավաստող պետական գրանցման մասին վկայականն է: ՍԴՀԿ-ի Շիրխանյանական թեւի անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանից հարցրինք, թե որտեղ է գրանցված այն կառույցը, որի անդամ է ինքը. «Հնչակյան կազմակերպությունը որպես այդպիսին դա Գեւորգ Պերկուպերկյանի գլխավորած Հնչակյան կազմակերպությունն է եւ այն, ինչը պահպանվել է Լյուդմիլա Սարգսյանի հետ միասին»: Մեր հարցին, թե արդյո՞ք Պերկուպերկյանի ղեկավարած կառույցը իր գոյության մասին հաստատող վկայական ունի, պատասխանեց. «Հիմա եթե ընթանում է դատական գործընթաց, դուք գտնում եք, որ այդ ընթացքում կարելի է գրանցվե՞լ»:
Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից առանձնացած Վահան Շիրխանյանը` ի պատասխան մեր հարցի, թե որտեղ է գրանցված այն կառույցը, որի անդամ է ինքը, ավելի աբսուրդ հայտարարություն արեց. «Աշխարհում, աշխարհում»,- պնդեց նա` չմանրամասնելով, թե աշխարհի հատկապես որ մասում: ՍԴՀԿ-ից առանձնացած մասի ատենապետ ընտրված Գեւորգ Պերկուպերկյանը, պարզվեց, նույնիսկ անդամատոմս չունի, որը կվկայի իր կուսակցական լինելը: Ասաց, որ այն մնացել է Լ. Սարգսյանի գրասենյակում: «Էս պահին մեր կառույցը բնականաբար որեւէ տեղ գրանցված չէ, որովհետեւ ո՞նց կարա գրանցված լինի երկու ՍԴՀԿ»,- տարակուսեց Պերկուպերկյանը: Մեր հարցին, թե իր կարծիքով կարո՞ղ է մի չգրանցված կառույցը հայտարարություն անել գրանցված կառույցի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, Պերկուպերկյանը պատասխանեց. «Էտի հետաքրքիր հարց եք տալի, իսկ ՀԱԿ-ը գրանցվա՞ծ է ինչ-որ տեղ»,- հարցրեց նա: Նրան հիշեցրինք, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները գրանցված են եւ բացի այդ, նրանք համատեղ գործելու հռչակագիր են ստորագրել: Պերկուպերկյանը գրեթե փոշմանեց իր բերած օրինակից, համենայնդեպս ընդունեց, որ սխալ օրինակ է բերել. «Ես օրինակ բերեցի առաջին մտքիս եկածը, ոչ թե կոնկրետ: Ասենք երիտասարդներ են իրար հետ համախմբվում ինչ-որ անվան տակ, գրանցված չեն, հիմա պարտադի՞ր է ամեն ինչը գրանցված լինի, որ հայտարարությո՞ւն անեն: Քանի դատական գործընթացը չի վերջացել, ես իմ հայտարարությունները ո՞նց պետք է տամ, եթե ոչ ՍԴՀԿ անունից»,- հարցրեց Պերկուպերկյանը: Նա հաստատեց, որ Հայաստանում գրանցված չէ նաեւ ԿՎ-ն. «Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը գրանցված չէ, որովհետեւ այն համախմբում է 22 երկրում գործող կառույցներ ու կոնկրետ հասցե չունի»,- ասաց նա: Նշենք նաեւ, որ ՍԴՀԿ ԿՎ անունից տարածված հայտարարության մեջ պարզ չէր, թե ինչ համագործակցություն է դադարեցվում Կոնգրեսի հետ, քանի որ համագործակցություն Կոնգրեսի հետ ունեցել է միայն Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած կառույցը: Պերկուպերկյանը ասաց, որ համագործակցությունը դադարեցվել է դեռ 2009-ի հունվարի 9-ին` Լ. Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից առանձնանալուց հետո հրավիրված համագումարի օրը: «Ճիշտ է, ասենք բոլոր կամուրջները այրված չէին մեր կողմից համենայնդեպս, բայց այնպես եղավ, որ որոշեցինք հիմա հայտարարել»,- ասաց Պերկուպերկյանը: Ստացվեց, որ նախօրեին Կոնգրեսի հետ համագործակցությւնը դադարեցնելու մասին հայտարարել է մի կառույց, որը հայտնի չէ, թե ինչ կառույց է, ուստի չէր էլ կարող համագործակցել Կոնգրեսի հետ եւ հայտարարություն է արել ուղղակի իր մասին հիշեցնելու համար:

http://www.armtimes.com/15734

Շիրխանյանի պիկը


Գոյություն ունի քաղաքական գործունեության պիկ` գագաթ հասկացություն: Այսպես բնորոշվում է ամենաբարձր կետը, որին գործունեության ընթացքում հասնում է քաղաքական գործիչը: Մեկի համար պիկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակն է, մյուսի համար` երկրի նախագահ դառնալը, երրորդի համար` նախարարի կամ պատգամավորի կարգավիճակը, չորրորդի համար էլ` Հայ ազգային կոնգրեսից դուրս գալը: Պիկի առանձնահատկությունն այն է, որ այլեւս չի գերազանցվում, այսինքն այդ կետին հասած քաղաքական գործչի կարիերան սկսում է անկում ապրել եւ ավելի բարձր ցուցանիշներ այլեւս երբեք չի արձանագրում: Այս պրոցեսի հաշվարկման կոնկրետ բանաձեւեր չկան, եւ քաղաքական գործունեության պիկը խիստ անհատական ցուցանիշ է:

вторник, 17 августа 2010 г.

Ինչ է կատարվում հնչակների ներսում


Վերջին մեկ տարում ՍԴՀԿ շուրջ ծավալվող իրադարձությունները հասան իրենց տրամաբանական հանգրվանին. Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը երեկ հայտարարեց, որ իր լիագումար նիստում որոշել է այլեւս չհամագործակցել ՀԱԿ-ի հետ: “Հայ իրականության առաջին քաղաքական կուսակցությունը չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: Կենտրոնական վարչությունը առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս”,- ասված է հայտարարության մեջ:

Սեդրակ Աճեմյանը կատարեց իշխանության հրահանգը


Նա հրապարակավ դադարեցրեց համագործակցությունը ՀԱԿ-ի հետ

Լոսանջելեսաբնակ շինարար Սեդրակ Աճեմյանի ղեկավարած համահնչակյան ԿՎ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով, ի վերջո, վերջիններս բացահայտ անցան իշխանական դաշտ` հայտարարելով, թե դադարեցնում են իրենց համագործակցությունը Հայ Ազգային Կոնգրեսի հետ:

ՍԴՀԿ ԿՎ-ն կողմ է «ոչ»-ի քաղաքականությանը


Հայ ազգային կոնգրեսին անդամակցող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի լեգիտիմության հարցը բարձրացնելուց, ապա եւ նրանից առանձնանալուց հետո ՍԴՀԿ շիրխանյանական թեւը 2009-ի դեկտեմբերի 16-ին Ծաղկաձորում համագումար անցկացրեց եւ ատենապետ ընտրեց Գեւորգ Պերկուպերկյանին:

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏ Է


ՍԴՀԿ կենտրոնական վարչությունն օգոստոսի 16-ի առավոտյան հայտարարություն է տարածել, թե ՍԴՀԿ-ն ու Հայ Ազգային Կոնգրեսը համատեղելի չեն իրար հետ: ՍԴՀԿ Կենտրոնական վարչության` այսօր տարածած հայտարարության վերաբերյալ զրուցեցինք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

ՍԴՀԿ ԿՎ հայտարարությունն «աբսուրդ» է. Լյուդմիլա Սարգսյան


Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը (ՍԴՀԿ ԿՎ) իրավունք չունի հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության կամ այն դադարեցնելու վերաբերյալ որեւէ հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ին անդամակցած  ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը չի համագործակցում ՀԱԿ-ի հայաստանյան որեւէ կառույցի հետ, հետեւաբար՝ այդ մասին որեւէ բան հայտարարելու իրավունք չունի: Իրենք կարող են համագործակցել սփյուռքում գոյություն ունեցող ՀԱԿ կառույցների հետ եւ հայտարարություններ անել միայն այդ կառույցների հետ համագործակցություն սկսելու կամ դադարեցնելու վերաբերյալ»,-նշեց Սարգսյանը:

понедельник, 16 августа 2010 г.

Մենք երբեք ՀԱԿ–ի կցորդը չենք եղել.


Օրերս Երևանում կայացած համահնչակյան կենտրոնական վարչության լիագումար նիստին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցել։ Այս մասին Tert.am-ին ասաց Լյուդմիլա Սարգսյանն՝ ընդգծելով. «Խոսքը համահնչակյան կենտրոնական նիստի մասին է, որը կայացել է Երևանում, և որին ես չեմ մասնակցել։ Իմ և Սեդրակ Աճեմյանի (ՍԴՀԿ կենտրոնական վարչության ղեկավարն է - Теrt.am) միջև հաշտության եզրեր չկան, և պարզ է, որ չէին հրավիրի ինձ։ Ես էլ առանձնապես տոգորված չէի մասնակցելու ցանկությամբ»։

пятница, 13 августа 2010 г.

Ինչպես դադարեցրել ենք մեր շփումները, այնպես էլ կարող ենք վերականգնել


Ինչպես հայտնի է, վարչական դատարանը անցած ամիս մերժել էր ՍԴՀԿ վահանշիրխանյանական թեւի հայցն` ընդդեմ իրական ՍԴՀԿ-ի, որով շիրխանյանենք պահանջում էին իրենց տրամադրել կուսակցության կնիքը:

Ու չնայած դատարանի մերժելուն, շիրխանյանենք այժմ էլ դիմել են վերաքննիչ դատարան` հույս ունենալով թերեւս, որ կնիքը իշխանությունները կտան իրենց: Հիշեցնենք, որ այդ ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, որ իշխանությունները թույլ տվեցին, որ դատարանը նման արդարացի որոշում կայացնի, որպեսզի այդպիսով պատժեն ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանին, ումից ներքին համագործակցությունից բացի, չէին կարողացել Սերժ Սարգսյանին հրապարակավ սատարելու մասին հայտարարություն կորզել:

Այդ համաձայնագրի փոխարեն, ՌԴ-ն թող Հայաստանին ցորեն վաճառի


Որ էլի օրհնենք ռուսի սապո՞գը
Միաժամանակ, կրկին նույն ռուսական մամուլի միջոցով փորձ է արվել ներկայացնել տեսակետ, թե իբր «Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին նոր համաձայնագիրը կբացառի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մասշտաբային զինված հակամարտությունը` ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեպքում»:
Այսինքն` ռուսական կողմը, փաստացի, ՀՀ իշխանությունների հետ միասին փորձ է անում այդ համաձայնագրի ստորագրումը ներկայացնել այնպես, թե այն ԼՂ հարցում պատերազմից խուսափելու մեր փրկությունն է լինելու, կոպիտ ասած` նորից մեզ ուզում են կերակրել «օրհնվի էն սհաթը, երբ ռուսի սապոգը մտավ Հայաստան» կտերով: Մինչդեռ ակնհայտ է, որ եթե մինչ այս հրապարակված կետերը իրոք տեղ գտնեն ստորագրվելիք համաձայնագրում, ապա թե՛ Մեդվեդեւի այցը, թե՛ համաձայնագրի ստորագրման փաստը անհետեւանք չեն մնալու` հատկապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, քանի որ ի վերջո հայ հասարակության համար պարզ կդառնա, որ մեր խնդիրները օգտագործելով որպես պատրվակ` Ռուսաստանը ընդամենը փորձում է ավելի ամրապնդել իր ներկայությունը Հայաստանում, եւ այդ ամենը կատարվում է ՀՀ ինքնիշխանության հաշվին: Ու քանի որ Մեդվեդեւի այցին հետեւելու է նաեւ ընդդիմության հանրահավաքը կամ ինչպես հայտարարվել է` հանրահավաքների շարքը, ապա ակնկալելի է, որ այս հարցում ընդդիմությունը կասի իր խոսքը, որը գուցե նաեւ գործի կվերածվի:
Երեկ մեզ հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի անդամ ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը անդրադառնալով Մեդվեդեւի այցին եւ նախատեսված համաձայնագրի կնքմանը` հայտարարեց, թե Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում բացի էմոցիաներից, իրական հարաբերություններ արդեն չկան: «Կա նոստալգիա ավագ սերնդի մոտ, իսկ պրագմատիկ հարաբերություններ` ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ վաղուց գոյություն չունեն: Հարաբերությունները ձեւավորվում են գործող խունտայի` սեփական իշխանությունը պահելու, ամեն գնով պահելու մոլուցքով, ընդհուպ մինչեւ նման համաձայնագրեր ստորագրելով: Հասարակությունը տեսնում է, որ այս ռեժիմը 10 տարուց ավել ռուսական իշխանության կողմից կարողանում է վերարտադրվել: Ու քանի որ հասարակությունը հոգնել է այս ռեժիմից, ուզում է օր առաջ ազատվել նրանից, այդ դեպքում տրամադրությունները արդեն դառնում են իսկապես հակառուսական, եւ դա պիտի հասկանան նաեւ ՌԴ իշխանությունները», - հայտարարեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է համաձայնագիրը` ԼՂ հիմնախնդրով պայմանավորելու լուրին, ապա դա, ՀԼԿ նախագահի խոսքով, «ակնհայտ պոպուլիզմ է»: «Իհարկե, ե՛ւ ռուսական կողմը, ե՛ւ Մինսկի խումբը, ե՛ւ ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է ձեռնարկեն համապատասխան քայլեր, որ իսկապես պատերազմ չլինի: Բայց ռուսական ռազմաբազաներ տեղադրելով եւ ռազմաբազաներին տալով բավականին լուրջ կարգավիճակ` դրանով Հայաստանի անվտանգությունը չի պաշտպանվում, ընդհակառակը` Հայաստանի անվտանգությունը դրանով շատ ավելի խոցելի է դառնում: Մենք արդեն ունենք մի քանի համաձայնագրեր ռուսական կողմի հետ` ՀԱՊԿ-ի շրջանակներում, որոնք ապահովում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունը: Այնպես որ, այս համաձայնագիրը ընդամենը ավելի կփոքրացնի Հայաստանի` որպես սուվերեն պետության կարգավիճակը: Այդ համաձայնագրի փոխարեն, ՌԴ-ն թող Հայաստանին ցորեն վաճառի` հացի գինը երկու անգամ թանկացել է, ռազմավարական դաշնակիցը փոխանակ նման համաձայնագիր ստորագրի, որպեսզի Հայաստանում պարենային դեֆիցիտ չառաջանա, ռազմաբազաներից է խոսում», - նշեց ՀԼԿ նախագահը: Ինչ վերաբերում է Կոնգրեսի անելիքներին, ապա Հովհաննիսյանի խոսքով` դեռ «պետք է հավաքվել եւ քննարկել, քանի որ շատ բարդ իրավիճակ է»:
ՀԺԿ վարչության անդամ, Կոնգրեսի կենտրոնական շտաբում ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանն էլ հայտարարեց, թե չի կարծում, որ Մեդվեդեւի այցն ու համաձայնագրի ստորագրումը արձագանք կգտնեն հասարակության շրջանում: «Ամբողջ էներգետիկ համակարգը, կապը, ատոմային էներգետիկան, ամբողջը ռուսական կողմի ձեռքում է, հասարակությունը ինչպե՞ս արձագանքեց: Հասարակությունն այսօր արդեն նման բաներին չի արձագանքում, հասարակությանը բերել են մի այնպիսի վիճակի, որ ինքը օրվա հացի, ստամոքսի հարց է լուծում», - նշեց պարոն Հարությունյանը: Ինչ վերաբերում է ռազմաբազայի ներկայությունը այժմ էլ ԼՂ խնդրով պայմանավորելու հարցին, ապա ՀԺԿ ներկայացուցչի խոսքով` «դրանք ամենը հեքիաթներ են»: «Ո՛չ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, ո՛չ էլ Հայաստանը` Ադրբեջանի վրա: Համենայնդեպս, սեփական նախաձեռնությամբ նման բան չեն անի, եթե նման բան արվի էլ, ապա այլ ուժերի ազդեցության տակ կարող է արվել: Իսկ նպատակն այն է, որպեսզի ՌԴ-ն իր ներկայությունը ապահովի այստեղ, Ռուսաստանը դարեր շարունակ ձգտել է դրան», - նշեց պարոն Հարությունյանը` հավելելով, սակայն, թե պետք չէ սեպտեմբերին սկսվող հանրահավաքների շարքը կապել այդ զարգացումների հետ, առավել եւս` որ այդ հարցում որոշումներ կայացնելու համար պետք է տիրապետել բոլոր մանրամասներին, որոնք առայժմ չեն հրապարակվել:
Կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ հայտարարեց, թե թեեւ իրենք ամեն դեպքում ռուսական կողմին դիտարկում են որպես բարեկամ, բայց նաեւ այնքան միամիտ չեն, որպեսզի մտածեն, թե բարեկամը ուղիղ մեր շահերով է հետաքրքրված: «Բնականաբար, Ռուսաստանը փորձում է իր դիրքերը ավելի ուժեղացնել Հայաստանում` շատ լավ հասկանալով, որ Հարավային Կովկասում հիմնական հենակետը Հայաստանն է: Ես` որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, մտահոգ եմ երկրի անվտանգությամբ, բայց ես ուզում եմ, որ իմ երկրի անվտանգությունը մենք ինքներս կարողանանք ապահովել: Էլ չեմ ասում, որ 25 տարվա ժամկետը բավականին երկարատեւ ժամկետ է, որը երկարաձգելու կարիք չկար: Դեռ այդ ժամկետը չի ավարտվել, ինչը բավական ժամանակաշրջան էր, որպեսզի մենք կարողանայինք ճիշտ գնահատել իրավիճակը տարածաշրջանում եւ պարզել` մեկ այլ երկրի ռազմական ստորաբաժանումների ներկայությունը նպատակահարմար կլինե՞ր, թե՞ ոչ», - նշեց տիկին Սարգսյանը: ՍԴՀԿ ատենապետի խոսքով` ռազմաբազայի ներկայության ժամկետը ԼՂ հարցով պայմանավորելը իրական չէ: «Կարելի է բազմաբնույթ հիմնավորումներ բերել: Բայց ես համամիտ չեմ դրան, որովհետեւ տրամաբանություն չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Կոնգրեսին, ապա դեռ պայմանագիրը կնքված չէ, հետեւաբար խոսել այն մասին, թե ինչպիսի՞ քայլեր կարող են լինել կնքումից հետո` չեմ կարող հիմա ասել: Բայց այն իրոք կարող է անդրադառնալ մեր ներքաղաքական կյանքի վրա, եւ հետագայում մենք կարող ենք ներկայացնել մեր քալերը», - նշեց տիկին Սարգսյանը:


Քրիստինե Խանումյան 

http://www.zhamanak.com/article/15727/

Երկրում տիրող մթնոլորտը սպանում է մարդկանց

Վերջին շրջանում Հայաստանում շատացել է ոչ միայն ինքնասպանների, այլեւ ինֆարկտից ու ինսուլտից մահացողների թիվը: Եթե ինքնասպանների դեպքում պալատական ցոլակներն ու կարինենալչաջյանները գեղի նշանակության զանգվածային “հոգեթերապիայի” կիրառության միջոցով փորձում են հասարակությանը ներշնչել, որ այդ միտումը բնորոշ է ոչ միայն մեր երկրին, այլեւ ամբողջ աշխարհում է նույն պատկերը, ապա սրտի եւ ուղեղի կաթվածից մահացողների մասին ընդհանրապես մեկնաբանություն չկա: Թեպետ առողջապահության ոլորտի պատասխանատուները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ հատկապես երիտասարդ տարիքի մարդկանց շրջանում նկատվող մահացությունների պատճառները կապ ունեն էկոլոգիական փոփոխությունների հետ, սակայն առանձնապես չեն խորանում եւ ուսումնասիրություններ չեն արվում միտումը կանխելու նպատակով:
Քաղաքական հարթության ներկայացուցիչները, սակայն, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում պատճառները կապում են երկրում հաստատված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Մեզ հետ զրույցում ՍԴՀԿ անդամ, ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ թալանչիական հոգեբանությամբ ձեւավորված իշխանության քաղաքականության հետեւանքով է, որ մարդիկ, հատկապես երիտասարդ տղամարդիկ, ընկնելով հոգեբանական ծանր վիճակի մեջ, հասկանալով, որ անհնար է արդար վաստակով ընտանիք պահել, չունենալով սոցիալական որեւէ  հենարան, ստիպված են լինում հրաժեշտ տալ կյանքին:
Իրավիճակը լուրջ գնահատելու համար, ըստ պարոն Եղիազարյանի, գոյություն ունեն բարոմետրեր, որոնք չեն կիրառվում Հայաստանում: “Սուիցիդների վիճակագրությունն ուսումնասիրելիս ամեն հազար մարդուց պետք է առանձնացել ինֆարկտով եւ ինսուլտով մահացածներին: Որովհետեւ սուիցիդն ու ինֆարկտից եւ ինսուլտից մահացածներն այն բարոմետրերն են, որոնք հստակ ցույց են տալիս հասարակության իրական վիճակը: Երբ բարոյալքված, վաղվա օրվա նկատմամբ հավատը կորցրած քաղաքացին կորցնում է դիմադրողականությանը, նա կամ մահանում է նշված ախտանիշներով, կամ ինքնասպան է լինում:
Երբ ասում են տնտեսական ճգնաժամ կա ու խաբում, հայտարարելով, որ արդեն եսիմ քանի տոկոսով հաղթահարել են այդ ճգնաժամը, երբ հայտարարում են, որ մեր երկիրն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, իսկ մարդն իր մաշկի վրա զգում է իր ու իր ընտանիքի անդամների քաղցն ու կանգնում հացի խնդրի առաջ, եւ կամ նրան ազատ արտահայտվելու համար ոտնատակ է տալիս իշխանության ներկայացուցիչը՝ ոստիկանը, որը կոչված է պաշտպանելու այդ քաղաքացուն, մարդու սիրտը, ուղեղը, նյարդերը կարող են չդիմանալ”,-ասում է Գուրգեն Եղիազարյանը: Նրա կարծիքով՝ ինչպես մարտի մեկի սպանդից հետո ջրով լվացին ու մաքրեցին հանցագործությունների հետքերը, այնպես էլ սոցիալ-հոգեբանական ոլորտն են մաքրում ու զրկում իրական պատկերից, աղավաղում են վիճակագրական տվյալներն անգամ՝ դաշտում ուսումնասիրություններ կատարելու եւ հետեւություններ անելու հնարավորությունը չեզոքացնելու համար:

http://www.hraparak.am/2010/08/12/erkrum-tirox-mtnolorte-spanume-mardkanc/

среда, 11 августа 2010 г.

Ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար պետք է իշխանափոխություն

Արարատ Մկրտչյան
Ասում է առողջապահության նախկին նախարար, Հայ Ազգային Կոնգրեսի առողջապահության հանձնաժողովի անդամ, ՍԴՀԿ անդամ Արարատ Մկրտչյանը

- Պարոն Մկրտչյան, ՀՀՇ համագումարի ժամանակ ուենցած իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ահազանգեց ժողովրդագրական ցուցանիշների վատթարացման մասին: Նախօրեին էլ արդեն հրապարակված տվյալներով` 91-ից այս կողմ Հայաստանը լքել է 1.3 միլիոն հայ, եւ բացի այդ էլ` երկիրը լքելու ցանկություն ունեցողների թվով, նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում, ինչը ի դեպ, ըստ Gallup-ի տվյալների, ավելացել է 2008-ից հետո: Որպես առողջապահության ոլորտի մասնագետ, կարո՞ղ եք ասել` ինչո՞ւ է Հայաստանը կանգնել նման ցուցանիշների առաջ, ինչո՞ւ են առաջացել այս խնդիրները:

вторник, 10 августа 2010 г.

ՍԴՀԿ-ում վեճը դեռ շարունակվում է

 Թեեւ սպասվում էր, որ ՍԴՀԿ-ից առանձնացած եւ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի հովանավորությամբ գործող թեւի` կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի դեմ ներկայացրած հայցը առաջին ատյանի դատարանում մերժվելուց հետո կփակվի ՍԴՀԿ-ում եղած վեճերի թեման, սակայն այդպես չեղավ:

вторник, 3 августа 2010 г.

Սեյրան Օհանյանը պիտի հրաժարական տա

Խաղաղ պայմաններում զինվորների սպանության զանգվածային դարձած դեպքերը հարուցել են հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը: Հանրային բոլոր ոլորտներում՝ ինտերնետից մինչեւ երթուղային տաքսիներ, խոսում են միայն մեկ թեմայի շուրջ՝ պաշտպանության նախարարի հրաժարականի: Եվ որքան էլ ցավալի է, հասարակությունը հակված է այն մտքին, որ զինվորների կոտորածը համակարգում տիրող բեսպրեդելի հետեւանքն է: ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ անդամ, ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, բանակում տիրող ամենաթողության հիմնական պատճառներից մեկը մարտնչող տգիտությունն է: