вторник, 10 августа 2010 г.

ՍԴՀԿ-ում վեճը դեռ շարունակվում է

 Թեեւ սպասվում էր, որ ՍԴՀԿ-ից առանձնացած եւ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի հովանավորությամբ գործող թեւի` կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի դեմ ներկայացրած հայցը առաջին ատյանի դատարանում մերժվելուց հետո կփակվի ՍԴՀԿ-ում եղած վեճերի թեման, սակայն այդպես չեղավ:


ՍԴՀԿ-ից առանձնացած շիրխանյանական թեւը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը երեկվա դրությամբ դեռ վարույթ չէր ընդունվել: Բողոքի իմաստն է` վիճարկել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով վաղեմության ժամկետն անցած համարելով մերժվեց ՍԴՀԿ-ից առանձնացած թեւի հայցը: Շիրխանյանական թեւն առաջին ատյանի դատարանից պահանջել էր չեղյալ համարել 2004-ին ՍԴՀԿ-ում տեղի ունեցած ընտրությունները, որոնց ժամանակ ատենապետ էր ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը: Ինչպես տեղեկացրել ենք, այդպիսով փորձ էր արվելու ՍԴՀԿ-ն հեռացնել Հայ ազգային կոնգրեսից:

Մամուլում վերջերս հրապարակված տեղեկությունների համաձայն` առաջին ատյանի դատարանը մերժել էր Աճեմյանի հովանավորած թեւի հայցը` փորձելով պատժել Ս. Աճեմյանին, քանի որ Աճեմյանը հրաժարվել է հայցի բավարարման դիմաց հրապարակավ ուղիղ հայտարարել, թե ինքը սատարում է Սերժ Սարգսյանին: Ու ստացվում է, որ նորից Աճեմյանի պահվածքից է կախված, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչ դատարանը: Երեկ, երբ փորձեցինք ՍԴՀԿ-ից առանձնացած երիտասարդ հնչակյան Նարեկ Գալստյանից մեկնաբանություն ստանալ այն մասին, թե արդյո՞ք Աճեմյանը նման ընտրության առաջ է կանգնած եղել, Գալստյանն այդ ամենը հիմարություն որակեց եւ ասաց, թե ինքը որեւէ հարցի չի պատասխանում, քանի որ միեւնույն է` մենք գրելու ենք այն, ինչ ուզում ենք: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը Աճեմյանի այդ պահվածքին մամուլից է ծանոթ, բայց չի բացառում, որ մերժած լինի հավատարմության խոստում տալու առաջարկը: Իսկ մեր այն հարցին, թե ինչու Աճեմյանը կարող էր հրաժարվել Սերժ Սարգսյանին հավատարմության խոստում տալուց, Լ. Սարգսյանն ասաց. «Ես կարծում եմ` նրան խանգարում էր այն հանգամանքը, որ գոյություն ունի համահնչակյան կենտրոնական վարչություն, որը համամիտ չէր լինի նման հայտարարությանը եւ միգուցե շատ ծանր հետեւանքներ ունենար»: Վերջերս Լյուդմիլա Սարգսյանը կուսակցությունից հեռացած, իր խոսքերով` որոշ մոլորյալների խորհուրդ էր տվել վերադառնալ կուսակցություն: Կուսակցություն վերադարձողներ երեկվա դրությամբ չէին եղել, ինչը, ըստ Սարգսյանի, սպասելի էր իր համար: Պատճառն, ըստ ՍԴՀԿ ատենապետի, այն է, որ որոշ մարդիկ դեռ շարունակում են սիրաշահել եւ նյութապես օգտակար լինել կուսակցությունից հեռացած երիտասարդ գործիչներին: Հարցին, թե ովքեր եւ ում են սիրաշահում ու վարձատրում, Լ. Սարգսյանը չցանկացավ պատասխանել` նշելով միայն, որ դրա վկայությունն է այն, որ 6 տարվա մեջ առաջին անգամ ՍԴՀԿ երիտասարդները ներկայումս բանակում են անցկացնում. «Իմ ատենապետության 6 տարիների ընթացքում երբեւիցե մեզ հնարավորություն չի տրվել նման բանակում անցկացնել...Իհարկե, հիմա մեր երիտասարդներն էլ Կոնգրեսի հետ մասնակցում են նման միջոցառումների: Ոչինչ, որ փոքրիկ են այդ միջոցառումները, դե մենք իշխանություն չենք»,- ասաց Սարգսյանը: Ներկայումս, չնայած շարունակվող վեճերին, ՍԴՀԿ-ն` ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարությամբ, որի մոտ էլ շարունակում է գտնվել կուսակցության կնիքը, հիմա շարունակում է գործել Հայ ազգային կոնգրեսի կազմում եւ մասնակցել քաղաքական պրոցեսներին: Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ից առանձնացած թեւին, ապա վերջինիս քաղաքական գործունեությունը, ինչպես մամուլի արխիվներում երեկվա մեր փնտրտուքները ցույց տվեցին, սահմանափակվում են ինչ-որ դատապարտող կամ գովերգող հայտարարություններով եւ վերջին բանակումով:
Սյուզաննա Պողոսյան
http://www.armtimes.com/15546

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.