вторник, 17 августа 2010 г.

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏ Է


ՍԴՀԿ կենտրոնական վարչությունն օգոստոսի 16-ի առավոտյան հայտարարություն է տարածել, թե ՍԴՀԿ-ն ու Հայ Ազգային Կոնգրեսը համատեղելի չեն իրար հետ: ՍԴՀԿ Կենտրոնական վարչության` այսօր տարածած հայտարարության վերաբերյալ զրուցեցինք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

Ինչպես կմեկնաբանեք ՍԴՀԿ կենտրոնական վարչության վերջին հայտարարությունը, որտեղ նրանք խոսում են ՍԴՀԿ-ի եւ Կոնգրեսի համագործակցության անհամատեղելիության մասին:

Այդ հայտարարության հեղինակը համահնչակյան կենտրոնական վարչությունն է, որն այսպիսով անցել է իր լիազորությունների սահմանները: Նա իրավունք չունի որեւէ նման հայտարարություն անելու Հայաստանում, քանի որ Հայաստանում գրանցված կառույց չէ: Բոլոր կարգի հայտարարությունները, որ կհնչեն նրանց անունից, կարող եք լուրջ չընդունել, քանի որ այստեղ հայտարարություններ անելու իրավունք ունի միայն Հայաստանում գրանցված կառույցը:

Այդ դեպքում` ինչու են նման հայտարարություն տարածել:
Իմ կարծիքով, սա արվում է, որպեսզի Վերաքննիչ դատարանում փորձեն իշխանություններին պարտադրեն, որպեսզի քաղաքական, այլ ոչ թե իրավական որոշում կայացնեն: Ես կարծում եմ` իշխանությունները զերծ կմնան նման միջամտությունից, քանի որ խնդիրը շատ աղմկահարույց է: Եթե առաջին ատյանի դատարանը վաղեմության ժամկետն է հիմք ընդունել, ապա մյուս հանգամանքները նույնիսկ խորությամբ չուսումնասիրելով, որեւէ մեկը չի կարող բացառել:
Իսկ այսօր ինչպիսին է ձեր համագործակցությունը Հայ Ազգային Կոնգրեսի հետ:
Անխախտ, անխաթար: Մենք միավորվել ենք կոնկրետ նպատակների շուրջ եւ մինչեւ վերջ հետապնդելու ենք այդ նպատակները, հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը:
Այդ հայտարարության մեջ գնահատական կար նաեւ ՍԴՀԿ հասցեին եւ նշվում է, որ ՍԴՀԿ-ն չի կարող լինել որեւէ այլ քաղաքական ուժի, տվյալ դեպքում` Հայ Ազգային Կոնգրեսի կցորդ:
Քանի որ իրենք ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ ձեւով է գործում Հայ Ազգային Կոնգրեսը եւ ինչ դերակատարում ունի ՍԴՀԿ-ն Կոնգրեսում, հետեւաբար ծիծաղելի է նրանց հնչեցրած այդ կարծիքը: ՍԴՀԿ-ն երբք որեւէ քաղաքական ուժի կցորդը չի եղել եւ այսօր եւս անկախ կառույց է, բայց կոնկրետ նպատակների շուրջ համագործակցում է Հայ Ազգային Կոնգրեսի մյուս կուսակցությունների հետ:
Ինչ եք կարծում` այս հայտարարության տարածման հարցում Վահան Շիրխանյանն ու իր թեւը որեւէ ազդեցություն ունեն, թե ոչ:
Միանշանակ: Սրա հեղինակը առաջին հերթին Վահան Շիրխանյան-Սեդրակ Աճեմյան զույգն են: Իսկ կենտրոնական վարչության մեր ընկերների մեծագույն մասը որեւէ պատկերացում չունի, թե նրանք այստեղ ինչ գործունեություն են ընդհանրապես ծավալում: Ես հիմա չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց եթե նրանք ցանկանային, կարող էին դա իմանալ: Ես ցավում եմ, որ Կենտրոնական վարչությունը առողջացման պրոցես չի իրականացնում:
Այդ հայտարարությունից հետո ձեր գործողությունները որոնք են լինելու:
Մեր քայլերի մեջ որեւէ բան չի փոխվել: Մենք մեր նպատակների շուրջ պիտի համագործակցենք ում հետ ուզում ենք, երբ ուզում ենք: Իսկ մենք համագործակցում ենք Հայ Ազգային Կոնգրեսի հետ, համարվում ենք Կոնգրեսի առանցքային ուժերից մեկը:
Փաստորեն, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի եւ համահնչակյան կառույցի մեջ մի տեսակ հեռացվածություն կա:
Մենք չենք հեռացել, այլ` իրենք են հեռացել բուն հնչակյան նպատակներից: Մենք հավատարիմ ենք մնացել մեր 123-ամյա պատմությանը, մեր նահատակների հիշատակին: Մենք այսօր ծառայում ենք մեր երկրին, մեր ժողովրդին, փորձում ենք բարեփոխումներ կատարել, փորձում ենք երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ապահովել խոսքի ու մամուլի ազատություն, որ մեր երկրում հայն ապրի արժանապատիվ, արժանավայել: Մենք մտահոգված ենք ժողովրդի սոցիալական ծանր խնդիրներով, մենք համարում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը բռնազավթված է իշխանությունը, ժողովրդի իրավունքները ոտնահարված են եւ պայքարում ենք ընդդեմ դրա: Իսկ եթե համահնչակյան կառույցը կարծում է, որ դրանք կարեւոր նպատակներ չեն, հետեւաբար` հենց իրենք են շեղվել բուն նպատակներից: Մեզ համար չպետք է կարեւորագույն խնդիր համարենք համահնչակյան կենտրոնական վարչությանը գոհացնելը, մեր բուն նպատակն այս երկրին ծառայելն է:
http://www.lragir.am/armsrc/country37638.html

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.