понедельник, 15 октября 2007 г.

Կոչ են անում առաջադրվել


Երեկ «Մարիոթ» հյուրանոցում լրատվամիջոցների համար փակ հավաք են կազմակերպել Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները: Մեր տեղեկություններով` հավաքին մասնակցել է մոտ 100 մարդ: Օրվա վերջում «Իմփիչմենթի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը մամուլի հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին:

Հավաքի մասնակիցները նաեւ պատրաստակամություն են հայտնել նախագահական առաջիկա ընտրություններում համակողմանի աջակցություն ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Ապա հաղորդագրության մեջ ծայրից ծայր ներկայացված էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի ելույթը, թեեւ հավաքի ընթացքում ելույթ են ունեցել շուրջ մեկ տասնյակ քաղաքական գործիչներ` ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանը, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, գորիսեցի Սամվել Հարությունյանը եւ այլք: Հավաքը վարել է Ալեքսանդր Արզումանյանը:

Առաջիկա օրերին Երեւանի կենտրոնում կբացվի գրասենյակ, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները կարող են հավաքվել, քննարկել անելիքները, առաջարկություններ ներկայացնել ու աշխատել Տեր-Պետրոսյանի օգտին: Խոսքը ոչ կուսակցական գրասենյակի մասին է: Նման գրասենյակներ առաջիկայում կբացվեն նաեւ մի շարք մարզերում: «Եթե այս գաղափարը ընդունելի լինի ներկաների համար, մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն համարի այդ քաղաքական շտաբի համահիմնադիր: Եւ մենք պետք է դառնանք այն միջավայրը, որը դեպի իրեն է ձգում նորանոր ուժերի, որը գեներացնում է քաղաքական գաղափարներ, լուծում մարտավարական եւ ռազմավարական խնդիրներ», - բացելով հավաքն ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը` շարունակելով. «Այսպիսով, մեր թիվ մեկ խնդիրը փոխադարձ ավելի լայն շփումների անհրաժեշտությունն արձանագրելն է, եւ դրա համար պայմաններ ստեղծելը»: Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նաեւ ՀՀ առաջին նախագահի առաջադրման հավանականության հարցին. «Կարծում ենք` հարցի պատասխանը քաղաքական գործընթացներն իրենք էլ տալիս են: Ակնհայտ է, եւ կարծում ենք` ձեզնից յուրաքանչյուրը ունի նաեւ տեղեկատվություն, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացումը եւ հատկապես վերջին քայլերը իշխանական շրջանակներում խուճապին մոտիկ տրամադրություններ են առաջացնում, եւ այդ տրամադրությունները վարակի նման տարածվում են: Ակնհայտ է, որ մենք քոչարյանասերժական վարչակազմից ազատվելու բացառիկ եւ պատմական հնարավորություն ունենք, մեր պետությունը կայուն զարգացման ճանապարհի վրա դնելու, ժողովրդավարությունը որպես այլեւս անշրջելի համակարգ արձանագրելու պատմական շանս: Կա այդ շանսը իրացնելու ընդունակ քաղաքական լիդեր, մնում է, որ ձեւավորվի այդ շանսը իրացնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմ: Եւ այդ թիմի ձեւավորման գործընթացի մեկնարկն ենք մենք ուզում այսօր ազդարարել: Բոլորս հասկանում ենք, որ Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ. նա պետք է դառնա համաժողովրդական թեկնածու, իսկ սա հնարավոր է անել միայն ամենալայն հասարակական-քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու շնորհիվ»:

Հաղորդագրությունից դուրս տեղեկություններ ստանալու մեր փորձերը կարելի է ասել` դատապարտված էին. ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` խորհուրդ տալով սահմանափակվել Նիկոլ Փաշինյանի տարածած մամլո հաղորդագրությամբ: Մոտավորապես նույնը ասաց Արտակ Զեյնալյանը: Ազատական-առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հավաքից հետո շտապել էր Ծաղկաձոր` զեկույց կարդալու միջազգային մի սեմինարում: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նիստի կեսից դուրս էր եկել:

Հ.Գ. Ուղղակի զարմանալ կարելի է, որ իրեն ազատական ուժ հռչակած եւ դեմոկրատական արժեքներ դավանող այս հանրույթն ու իր ղեկավարն իրենց պահում են ճիշտ եւ ճիշտ իրենց իսկ կողմից մերժված Հայ հեղափոխական դաշնակցության ոճով` գաղտնի, փակ հավաքներ, զտված տեղեկատվություն տալու, ցանկացած այլ ինֆորմացիա տալը մերժելու միահամուռ պահվածք: Պարզ չէ, թե ինչն են այդքան թաքցնում հասարակությունից եւ այդ դեպքում ինչով են տարբերվում իշխանական տարբեր օղակներում նստած չինովնիկներից:
http://www.zhamanak.com/article/7287/