пятница, 4 июня 2010 г.

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԱԿՑԻԱՆԵՐԻՑ



Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ, վերջերս Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված Լյուդմիլա Սարգսյանի հետ


- Տիկին Սարգսյան, Ձեզ հաջողվե՞ց պարզել, թե ինչու էիք հայտնվել ոստիկանությունում: 

- Միանշանակ չհաջողվեց, որովհետեւ իրենք էլ չգիտեին: Այն պատճառները, որ ներկայացնում էին, թե ինչու եմ ես այնտեղ, դա պատճառ չէր: Ասում էին, թե իբր կասկածվում եմ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ: Երբ հարցրեցի, թե ինչու էր իշխանության ներկայացուցիչը մոտեցել ինձ` քաղաքացուս, որը հանգիստ շրջում էր Ազատության հրապարակում, պատասխան չկար: Փորձում էի նրանց բացատրել, որ իրենք մոտենալով ինձ արդեն օրենք են խախտել: Ասացի, որ դուք իմ հանգիստը խանգարել եք: Այսինքն, դուք օրենքը խախտում, մոտենում եք ինձ, իմ հանգիստը խանգարում եք, հետո էլ ասում եք` դիմադրել եմ:

- Եվ ի՞նչ պատասխան էիք ստանում: 

- Պատասխան չկար: Ասում էին, թե կպատասխանենք, հարցի մեջ հստակություն կներկայացնենք ու այսպես շարունակ:

- Կոնկրետ ո՞ւմ մոտ էիք Դուք, ո՞վ էր իրականացնում Ձեր հարցաքննությունը: 

- Հարցաքննություն չի եղել, ընդամենը փորձել են սիրաշահել, հասկանալ, թե ինչու եմ ես այս դաշտում, փորձել են հասկանալ, թե ինչն է մեր նպատակը: Ես էլ պատասխանեցի, որ եթե դուք երկուսուկես տարվա ընթացքում չեք հասկացել, ուրեմն իմաստ չունի բացատրել, թե մենք ինչ ենք անում: Մի բան կարող եմ վստահաբար ասել, որ այն, ինչ անում ենք, դա նաեւ ձեզ համար է, որ այսպես ստորացված վիճակի մեջ չլինեք եւ օրենքներ չխախտեք:

- Քննիչի հետ էիք խոսո՞ւմ:

- Ես մի մարդու հետ եմ միայն զրուցել` ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Մարտիրոսյանի: Նա շատ բարեհամբույր էր իմ նկատմամբ, փորձում էր սիրաշահել, հասկանալ, վերջում նաեւ ասել, որ Դուք եզակի եք, ախր բոլորը այդպիսին չեն: Ես էլ իրեն հրավիրեցի ՀԱԿ, որպեսզի գա եւ համոզվի, թե այնտեղ ինչ մարդիկ են աշխատում, ինչ մարդկային որակ ունեն եւ համեմատի նրանց իշխանության մեջ եղած գործիչների որակի հետ: Ես վստահ եմ, իհարկե, որ նա չի գա, նաեւ հասկանում եմ, թե ինչու, ինչ-որ տեղ նաեւ խղճում եմ, որ իրենք իրենց չեն կարող թույլ տալ այն, ինչ մենք: Մենք շատ ավելի ազատ ենք, շատ ավելի համարձակ եւ կոնկրետ նպատակներ ունենք: Այդ նպատակը միանշանակ օրենքի սահմաններում է` երկրում օրինականության հաստատումը:

- Եթե փաստաթղթային լեզվով խոսենք` ի՞նչ հիմնավորում ի վերջո ներկայացվեց Ձեզ` ոստիկանության բաժին տանելու համար: 

- Փաստաթղթային լեզվով եթե խոսենք, ապա ոչ պատճառ կար, ոչ կարիք, ոչ էլ` իրավունք` ինձ այնտեղ տանելու: Իրենք ուղղակի սարսափում են այն մտքից, որ Ազատության հրապարակում կարող է 4-5 ընդդիմադիր հավաքվեն: Իսկ ի՞նչ էր եղել, մի քանի երիտասարդներ էին հավաքվել, քաղբանտարկյալների ազատության համար օրինականության շրջանակներում ակցիա էին իրականացնում: Ի դեպ, բոլորս ենք պարտավոր այդ ակցիային միանալու: Բոլորը պետք է պահանջեն քաղբանտարկյալների ազատությունը: Եթե սրանից էլ է իշխանությունը սարսափում, ուրեմն մեր երկրում իշխանություն չկա: Կա մի թույլ օղակ, որը արդեն օդի մեջ տատանվում է եւ անհայտ է, թե որ պահին կարող է ուղղակի քանդվել: Ակնհայտ է, որ ուժեղ իշխանությունը իրեն չէր կարող նման բան թույլ տալ: Ուժեղ իշխանությունը եւ ներողամիտ է, եւ իմաստուն, եւ շատ նորմալ է ընդունում բոլոր օրինական ակցիաները: Իսկ այն, ինչ որ անում է այս իշխանությունը, ուղիղ նշան է այն բանի, որ նրանք ենթակա են քանդման, փլուզման: Իսկ մեզ ընդամենը մնում է մի փոքր օգնել:

- Ձեզ տրված ծանուցագրում ի՞նչ է գրված: 

- Այստեղ ընդամենը նշվում է, որ ես բերման եմ ենթարկվել իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու կասկածանքով: Փաստ է, որ ես բերման եմ ենթարկվել, այլ փաստաթուղթ չկա:

- Եվ այսքանից հետո Դուք պատրաստվում եք կրկին գնալ Ազատության հրապարակ եւ զբոսնե՞լ այնտեղ: 

- Եթե նախօրեին ես գնացել էի Ազատության հրապարակ` զբոսնելու եւ ինձ տարան ոստիկանություն, ուրեմն այսուհետ գնալու եմ այնքան, ինչքան անհրաժեշտ է` մինչեւ ոստիկանությունն ու իշխանությունն ընդհանրապես հասկանան, որ այս երկրում անկախ Հայաստանի ազատ քաղաքացին որտեղ ուզի կարող է ման գալ, որտեղ ցանկանա` կարող է նստել եւ երբ անհրաժեշտ է, կարող է պիկետ կամ ակցիա կազմակերպել: Այսինքն` գնալու եմ այնքան, ինչքան անհրաժեշտ է: Որեւիցե բռնություն, ձերբակալություն, վիրավորանք, ոչ մի բան չի կարող ինձ վախեցնել կամ հետ պահել:

- Ազատության հրապարակ մուտք գործելու ակցիան կազմակերպում է Հայ Ազգային Կոնգրե՞սը: 

- ՀԱԿ-ը այդ ակցիայի հետ բացարձակ կապ չունի: Դա Վարդգես Գասպարիի նախաձեռնությունն էր, որին միացել էին նաեւ ընդդիմադիր դաշտում մեր համակիր երիտասարդները` այդ թվում եւ մեր կուսակցական երիտասարդները: Այդ մարդիկ ընդամենը ասում են, որ ազատ արձակեք քաղբանտարկյալներին: Կազատե՞ն, թե՞ ոչ` դա այլ խնդիր է, բայց մարդը իրավունք ունի իր պահանջը ներկայացնելու: Այնպես որ, ՀԱԿ-ը նման որոշում չունի, շտաբը նման որոշում չի կայացրել: Ուղղակի մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանք մարդիկ են, որոնք պայքարում են ազատության համար, որոնք իրավունք ունեն այդ ակցիաները կազմակերպելու եւ եթե այդ մարդկանց նկատմամբ բռնություն է կիրառվում, բնականաբար, մենք պարտավոր ենք նրանց կողքին լինել:

- Այսինքն, Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի այն մտահոգությունը, որ Ազատության հրապարակը ՀԱԿ-ը մի քանի օրում կարող է վերածել մարտի 1-ից առաջվա հրապարակին, իրականության հետ որեւէ կապ չունի՞: 

- Ոչ, մենք նման խնդիր չենք դրել: Մենք ընդամենը աջակցում ենք Հայաստանի ազատ քաղաքացիներին, որ նրանք կարողանան իրացնել իրենց իրավունքը:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ  http://www.chi.am/news/100603/10060308.htm



http://www.a1plus.am/am/politics/2010/05/31/liberty-square

ՍԴՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Հայ ժողովրդի  նկատմամբ շուրջ 2,5 տարի  կիրառվող իշխանական տեռորը վերջին  օրերին նոր երանգներ և որակներ է ստացել:

Իշխանությունը բռնազավթած օլիգարխիկ  կլանը չհագենալով մարտի 1-ի սպանդով, քաղաքական տեռորով, ընդդիմադիր գործիչների ապօրինի ձերբակալություններով և առ այսօր անազատության մեջ պահելով` կարծես նոր արյան ծարավ է զգում:

Արտաքին մարտահրավերներին դիմակայելու անընդունակ և քաղաքական իմաստությունից զուրկ իշխանությունը, կանխազգալով  իր մոտալուտ վախճանը, ընդդիմության հետ երկխոսելու և ներքաղաքական  լարվածությունը թուլացնելու փոխարեն առավել դաժան գործողությունների է մղում ոստիկանությանը` ավելի խորացնելով հասարակության և  իրավապահ մարմինների միջև գոյություն ունեցող անջրպետը:

Ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնք  ուղեկցվում են դաժան բռնություններով, ծեծով և մասսայական ձերբակալություններով `զուրկ լինելով օրինական հիմքերից, վերջնականապես բարոյազրկում են առանց այդ էլ ապականված ոստիկանական համակարգը և լրիվ կախվածության մեջ դնում իշխանությունների քմահաճություններից:

Ընդդիմադիր երիտասարդների մուտքի արգելափակումը Ազատության հրապարակ, իրավապահների կողմից բռնի ուժի միջոցով ոչ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման կասեցումը, այնուհետև լրագրողների և ակտիվիստների  ապօրինի  ձերբակալությունները` ուղիղ դրա վկայությունն են:

ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը պահանջում է`

1. Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին:
2. Վերջ տալ ոստիկանական տեռորին և ամենաթողությանը
Ազատության հրապարակը ազատել «իրավապահների» անպատեհ ներկայությունից:

ՍԴՀԿ  ԿՎ ատենապետ`Լյուդմիլա Սարգսյան
http://www.lragir.am/armsrc/country35533.html