четверг, 12 марта 2009 г.

Նրանք տառապում են բուլիմիայով


Հարցազրույց ՍԴՀԿ կենտրոնական վարչության խորհրդական, ԱԱ նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Երկրում առկա քաղաքական ճգնաժամին այսօր գումարվել է նաեւ տնտեսական ճգնաժամը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երեւույթը:

- Քաղաքական ճգնաժամը սկսվեց ոչ թե երեկ կամ այսօր, այլ` 2008թ. փետրվարի 19-ին, երբ ՀՀ ընտրատեղամասերում իշխանությունները գնացին ահաբեկչության, առեւանգում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, խոշտանգում: Այդ պայմաններում պարոն Պրեսկոտը եւ նրա գլխավորած պատվիրակությունը ընդունեցին ՀՀ-ում կատարված ընտրությունները` դրանք համարելով եվրոպական չափանիշներին համապատասխան: Օրերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները` Մեթյու Բրայզան ու Բեռնար Ֆասիեն բավական հետաքրքիր հայտարարություն արեցին ԼՂ խնդրի մասին: Նրանք ասացին, որ ԼՂ խնդիրը կլուծվի այն դեպքում, եթե ԼՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ գնա ինքնորոշման ճանապարհով: Ցավալին այն է, որ նույն միտքը կրկնել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ու հիմա հարց է առաջանում` ո՞ր ժողովրդի մասին են նրանք խոսում, արդյո՞ք խոսքը ադրբեջանցի փախստականների մասին չէ: Ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը, երբ ԼՂ ժողովուրդն արդեն երկու անգամ ինքնորոշվել է` Անկախության հռչակագրով, Սահմանադրության ընդունումով, ու դրանից 15-16 տարի է անցել: Ի՞նչ է, ԼՂ-ն պետք է նորից երրորդ անգամ ինքնորոշվի: Համանախագահները շատ պարզ ասացին, որ այո, պետք է ինքնորոշվի` ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո: Ու եթե նրանք թվաքանակով ավելի շատ են, քան ԼՂ-ում ապրող հայերը, ապա արդյունքներն էլ ակնհայտ են: Նրանք հայտարարեցին, որ ԼՂ խնդիրը կլուծվի այն դեպքում, եթե ԼՂ-ն ՀՀ-ի հետ ունենա ցամաքային սահման: Կարելի է ենթադրել, որ այլեւս ԼՂ-ն ՀՀ-ի հետ չունի սահման: Ինչեւէ, իշխանություններից ոչ մեկը չփորձեց ընդդիմանալ այդ հայտարարություններին: Մինչդեռ Բաքվից վերադառնալուց հետո` համանախագահները Երեւանում հայտարարեցին, որ ԼՂ հարցն, ըստ էության, լուծված է, եւ լուծված հօգուտ Ադրբեջանի: Ու հայկական կողմից ոչ մի արձագանք չեղավ: Այս մասին չխոսեցին ոչ իշխանությունների առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ դեմքերը: Սա այն գինն էր, որ պետք է ՀՀ-ն վճարեր փետրվարի 19-ի դիմաց, եւ այդ գինն արդեն վճարել են: Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, ապա այն ոչ մի կապ չունի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Հրանտ Բագրատյանից հետո տնտեսական թեմայով վերլուծություններ անելը ես մեղք եմ համարում, քանի որ նա լավագույնս ներկայացրել է ամեն ինչ: Նա բազմիցս ասել է, որ այս պայմաններում դրամի արժեւորումը ՀՀ-ում պարզապես հանցագործություն է: Դրամի արժեւորումը նպատակ ուներ խրախուսելու ներմուծողներին: Սակայն դրա հետեւանքով ՀՀ-ում սկսեցին փակվել ձեռնարկությունները, մենք կորցրինք սեփական արտադրողին:

- Ինչպե՞ս հասկանանք Ձեր խոսքերը, որ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամը որեւէ կապ չունի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ:

- Ատամնացավ ունենալու համար պետք է առնվազն ատամ ունենալ: Առանց ատամ ունենալու` ատամնացավ չի լինում: Իսկ ՀՀ-ն մի երկիր է, որը չունի տնտեսություն: Ո՞նց կարող է մեզ վրա ազդել այդ ճգնաժամը: Արտասահմանում հարյուրավոր միլիոնատերեր սննկացան: Սակայն մեր դեպքում այդպես չեղավ: Մարտի 2-ին, երբ կատարվեց դրամ-դոլար փոխարժեքի այդ տատանումը, ովքեր հարուստ էին, հարստացան 30-35 տոկոսով, իսկ ովքեր աղքատ էին, այսինքն` ՀՀ-ի ազգաբնակչությունն աղքատացավ 30-35 տոկոսով` կորցնելով իր դրամը. գներն աննախադեպ աճեցին, եւ արդյունքում ներմուծողն ավելի հարստացավ, իսկ սպառողը` կորցրեց:

- Ձեր կարծիքով` իշխանությունները չե՞ն հասկանում, որ ժողովրդի սոցիալական վիճակը վատթարացնելով նրանք հասունացնում են սոցիալական բունտեր, երբ անգամ ընդդիմությունն ի վիճակի չի լինի զսպել փողոց դուրս եկած մարդկանց:

- Նրանք տառապում են Bulimia-ով, հայերեն` «գայլի ախորժակ» հիվանդությամբ: Սա հիվանդություն է, երբ մարդն անգիտակցաբար լափում է` առանց կշտանալու, արդյունքում` ի վերջո պայթում:

- Ձեր կարծիքով` ընդդիմությունն ի՞նչ պետք է անի նման իրավիճակից դուրս գալու համար, մանավանդ որ` իշխանությունները պնդում են, թե ընդդիմությունը գնալով թուլանում է:

- Այսօր փորձում են համոզել հասարակությանը, թե ընդդիմադիր շարժումը գնալով մարում է: Սակայն ես վստահեցնում եմ, որ իրականում ճիշտ հակառակն է. մենք օր օրի հզորանում ենք: Դրա լավագույն ապացույցը մարտի 1-ի հանրահավաքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր: Առաջին անգամ ՀՀ-ում ընդդիմադիր շարժումը մեկ տարի անց ավելի հզոր է, քան սկզբնավորման պահին: Ցանկացած ընտրությունից հետո երկու ամիս անց ընդդիմությունը աստիճանաբար մարել է: Մինչդեռ այսօր բոլորովին հակառակն է. մեկ տարի անց մենք շատ ավելի հզոր ենք: Եվ ամենակարեւորը` հարյուրավոր մեր ընկերներ հայտնվեցին բանտախցերում, ու նրանցից ոչ մեկը չկոտրվեց:

- Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ կանխատեսեց սոցիալական աղետ, որի արդյունքում կառավարությունը ստիպված կլինի հրաժարական ներկայացնել եւ ընդդիմությանն առաջարկել մաս կազմել ազգային փրկության կառավարության: Ձեր կարծիքով` իշխանությունները կգնա՞ն այդ քայլին:

- Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն իրականացան ընդամենը օր ու կես հետո: Խոսքը դրամի գահավիժման մասին է եւ սոցիալ-տնտեսական այն ծանր վիճակի մասին, որում հայտնվել է Հայաստանը, բացի, թերեւս, 40-50 ընտանիքից: Եվ այս ամենը նկատի ունենալով` Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի կոչ արեց ազգային փրկության կառավարություն կազմել: Այս տեմպերով մենք այլ ելք չենք կարող ունենալ: Մինչեւ ԱԺ եւ նախագահական ընտրությունները պետք է մտածել ազգային փրկության ճակատի մասին: Այս իշխանություններն արդեն իսկ կործանված են, ու այսպես շարունակվելու դեպքում մեր պետության ու պետականության հարցն է դրվելու սեղանին:
http://www.zhamanak.com/article/11583/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.