суббота, 8 мая 2010 г.

"Հորս արեւ"-ը քաղաքական կատեգորիա չէ

Պարոն Եղիազարյան, Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցից հետո մի տեսակ անորոշ վիճակ է, Սերժ Սարգսյանը փորձում է ղարաբաղյան հարցով  ստուս քվոն պահպանել, ինչին իհարկե դեմ են լինելու միջնորդները եւ բնականաբար` Թուրքիան ու Ադրբեջանը: Երեւանին դեռ որքա՞ն կհաջողվի պահել այս վիճակը:

"Հորս արեւ"-ը քաղաքական կատեգորիա չէ

  -Պարոն Եղիազարյան, Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցից հետո մի տեսակ անորոշ վիճակ է, Սերժ Սարգսյանը փորձում է ղարաբաղյան հարցով  ստուս քվոն պահպանել, ինչին իհարկե դեմ են լինելու միջնորդները եւ բնականաբար` Թուրքիան ու Ադրբեջանը: Երեւանին դեռ որքա՞ն կհաջողվի պահել այս վիճակը:

- Եւրոպան ու Ռուսաստանը՝ մասնավորապես, Ձեր նախաբանի հետ կապված: Իսկ առհասարակ, օրվա իշխանություններն իրոք ելք չունեն: Կանգնել են կոտրած տաշտակի առջեւ՝ ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Եւ որն է ավելի վտանգավոր՝ դժվար է ասել` նե՞րսը, թե՞ դուրսը:
- Ի՞ր համար է վտանգավոր, թե՞ Հայաստանի:
- Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին: Խնդիրը հիմա այն է՝ ուր ենք գնում, ինչ ենք անելու, եւ 21-րդ դարի սկզբի՞ն էլ մեր գլխին հերթական ողբերգությունը կջարդվի: Հիմա նույնիսկ չեմ ուզում խոսել ոչ լեգիտիմ նախագահի մասին, չեմ ուզում խոսել խայտառակ պրեսկոտյան ընտրությունների մասին: Պարզվում է` այդ ստորի դեմ կաշառակերության մեղադրանքով 4 քրեական գործ է հարուցված: Նրա, որ եկավ ու այդ պիղծ ընտրություններն անցկացրեց` "եւրոստանդարտների մեջ": Դրա մասին էլ չեմ ուզում խոսել: Նույնիսկ  Սերժ Սարգսյանին չեմ ուզում քննադատած լինել, անիմաստ եմ համարում: Մի բան է մնում` այդքան վատություն արեց ինձ, իմ ընկերներին, ամբողջ հայ ժողովրդին: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա մասին ասել է, եւ այդ խոսքերը մարգարեացան: Եղիազար Այնթապցու մասին պատմությունը, որ օր օրի ավելի արդիական է դառնում:  Մենք ամեն ինչ կներենք, մենք մարդ չենք սպանել, իրենք են սպանել, կալանավորել: Կոնկրետ ինքը մարդ չի սպանել մարտի մեկին: Նա, ըստ իս, երկու ճանապարհ ունի. ամենապարզ, ամենամաքուր ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանից ու հայ ժողովրդից ներողություն խնդրելն է եւ հանդես գալ առաջարկներով` ինչպես այս վիհից դուրս գանք: Իսկ մյուս` երկրորդ եւ երրորդ   ճանապարհներին առայժմ չեմ անդրադառնա:
- Հավանակա՞ն է, որ նա Ռոբերտ Քոչարյանին փոխանցի իշխանությունը:
- Չէ, չեմ կարծում, որովհետեւ նա խայտառակ մեծ վատություն է արել Սերժ Սարգսյանին. ուրեմն՝ մարտի մեկի արյան գնով չի կարելի իշխանություն պահել: Ինչու են Նիկոլայ Երկրորդին կոչում Արյունոտ` կռավավի ցար, եթե հիշում եք: Բայց այդ խեղճ մարդը կապ չուներ այդ  արյունի հետ. նրա հարսանիքի ժամանակ գեղջուկների վրա  քանդվեց այն բեմը, որտեղ նվագախումբն էր, եւ հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Հիմա Սերժ Սարգսյանը   նախագահ դարձավ մարտի մեկից  հետո. փշալարերով պատված դատարկ քաղաքում, որտեղ դեռ մահն էր թեւածում, երդվեց: Իսկ ինչու նրան չի կարող փոխանցե՞լ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը նախ դեռ պետք է պատասխան տա մարտի մեկի համար. առաջին անգամ հայը հայի վրա ձեռք է բարձրացրել, ու այդ արյունը դեռ Երեւանի կենտրոնից մաքրված չէ: Մինչեւ մարդասպանները չկանգնեն դատարանի առջեւ:
- Իսկ հեղաշրջման հավանականությունը: Չե՞ք կարծում, որ իրականում հենց այս ուժերին էր դիմում Ալիկ Սարգսյանը՝ ասելով, որ օրորոցում կխեղդի հեղափոխությունը:
 - Սերժ Սարգսյանին ոնց որ թե հաջողվեց կանգնեցնել այդ պրոցեսները. ԱՄՆ-ից առաջ պալատական հեղաշրջման ուրվականը թեւածում էր, բայց հիմա ոնց որ հանդարտվել է: Խելոքացել են, որովհետեւ երեւի հեղաշրջում անողների վրա մի քանի հատորանոց  վարկաբեկիչ նյութեր ունեին, որոնք անմիջապես շրջանառության մեջ կդրվեին: Ինչ վերաբերում է Ալիկ Սարգսյանին, ապա նա ոնց որ թե իրենց գեղի քյոշեքում մոռացել է ինչ կարող է խեղդել: Նախեւառաջ նախարարն իրավունք չունի նման հիմար հայտարարություններ անելու: Ինքը Սերժ Սարգսյանի նախարարը չի, ինքը կոչված չի պաշտպանելու ինչ-որ մեկի իշխանությունը, որ ասում է` խեղդեմ, այս անեմ, այն անեմ: Նախ թող ինքը հասկանա ինքը ով է, հետո խեղդի: Ղրղզստանի մասին ինչ-որ կիսատ-պռատ մտքեր է շրջանառության մեջ դնում: Հասկանում ենք, որ ոգեւորվել է գեներալ-լեյտենանտի պագոններից:
- Ռոբերտ Քոչարյանի ու իր սպանած կենդանիների մասին ի՞նչ կասեք:
- Նախ, այդ նկարները տեղադրվել են այդ կայքերում, որովհետեւ դա Աֆրիկայի համար չորրորդ կամ հինգերորդ բիզնեսն է, իսկ առաջինը թանկարժեք քարերի արտահանումն է: Եթե թանկարժեք քարերի համար կա Քեմբերլի, ապա գազանների համար Քեմբերլի չկա, ու Աֆրիկայում միջին որսը սկսվում է 25 հազարից եւ ավարտվում մի քանի միլիոն դոլարով: Այսինքն` այնտեղ պատահական մարդիկ չեն գնում:  Բացի այդ, լիցենզիա ձեռք բերելու համար պիտի մի երկու այդքան էլ մուծես, որ համապատասխան թիկնազոր ունենաս թիկունքիդ կանգնած: Աֆրիկայում չկա մի երկիր, որտեղ մարդ չգողանան, մեկ-մեկ էլ գողանում-ուտում են, իսկ եթե չեն ուտում, ուրեմն հիշում եք "վոժդի" մասին անեկդոտը, չտարածվեմ: Ինչեւէ, ամենակոպիտ հաշվարկներով` մեկ որսը, նայած ինչ են խփել, նստում է 200-ից մինչեւ 500 հազար դոլար: Իսկ  այնտեղ հայր ու որդի են եղել: Ու հետաքրքիր է, որ երբ  այդ մարդու ունեցվածքը տեղադրվեց ռուսական կայքերում, եւ այդ մարդը, որը մեկ բառի համար դատի էր տվել "Հայկական ժամանակին", ուրեմն 4 միլիարդի համար 4 բառ չասաց: Թող գնա, բարով որս անի ու թող վոժդի չհանդիպի:
- Այնուամենայնիվ, կա վարկած, որ այդ որոշ առումով վարկաբեկիչ լուսանկարները հենց այնպես չեն տեղադրվել:
- Կրկնում եմ` Աֆրիկայում նստած սպասում են, որ մի մարդ ընկնի ձեռքները, եթե մի նավաստու համար 2 միլիոն դոլար փրկագին են պահանջում, ապա երկրի նախկին նախագահի համար, որի կարողությունը հասնում է 4 միլիարդ դոլարի, ինչ կարող է տեղի ունենալ: Ամբողջ Աֆրիկան` Ալժիրից մինչեւ Քեյփթաուն կհամախմբվի, որ Ռոբերտ Քոչարյանին գցեն ձեռքները: Այսինքն` այն ֆիրման, որը երկրի նախկին նախագահի, միլիարդատիրոջ անվտանգությունն է ապահովում, որ նա մտնի Աֆրիկա ու անփորձանք Աֆրիկայից դուրս գա,  ոչ միայն մի քանի միլիոն դոլարից սկսվող թանկարժեք  հաճույք է, այլեւ գովազդի միջոց: Աշխարհով մեկ տեղադրում են, որ մնացած հարուստները չվախենան ու գան: Տեսեք, եթե երկրի նախկին նախագահը` միլիարդատերը բարով-խերով մտել է Աֆրիկա, բիզոնի հետ նկարվել է, ուրեմն դուք էլ կարող եք ձեզ համար գալ-որս անել: Իրենց բիզնեսն են մարդիկ անում:
- Վերադառնանք արտաքին խնդիրներին. հայ-թուրքականի մասով ի՞նչ կասեք: Չնայած ԱՄՆ վարչակարգի հայտարարություններին, հետագայում եթե հանկարծ միջազգային հանրության` Սերժ Սարգսյանի հետ կապված հույսերը չարդարանան, մեզ չե՞ն մեղադրելու ապակառուցողական լինելու մեջ:
- Ուշադիր կարդացեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Երկու նախադասությամբ ասեմ, որ ընդամենը ասում է` "հորս արեւ": Սա է ասում, ուրիշ ոչ մի բան չի ասում: Այսինքն, ինքն է ասում` կներեք, մի թեթեւ սառեցնում եմ, որովհետեւ շատ խոսեցիք դրա մասին, պարբերաբար շրջանառության մեջ եք գցում մեր գաղտնի խոսակցությունները, հորս արեւ, ինձ ճիշտ եմ պահել, դուք ձեզ սխալ եք պահել: Բայց հոր արեւը հաստատ քաղաքական կատեգորիա չէ:
- Հոր արեւը անցավ-գնաց, ես հետեւանքների մասին եմ հարցնում:
- Տեսեք, թե Արեւմուտքը ոնց է նայում, շատ հանգիստ ու սառը, որովհետեւ գիտեն, որ ամեն ինչ լուծված-վերջացած է Ղարաբաղյան հարցով: Թուրքերը, ըստ "Հուրիեթի", պահանջում են, որ արձանագրությունների մեջ մտցվի ազատագրված տարածքների վերադարձի ժամանակացույցը: Բայց մենք չենք իմանում, արտգործնախարարը մի հոդաբաշխ բառ չասաց` "այո" կամ "ոչ": Ընդամենը անցանք "հորս արեւին": Հիմա, այս պարագայում պարզ չի` դա մտե՞լ է, թե՞ ոչ: Ամեն ինչից երեւում է, որ սա ընդամենը ղարաբաղյան թնջուկը լուծելու համար թայմաութ է: Այսինքն` չխոսենք հայ-թուրքական հարաբերություններից, մի հատ թողնենք տարածքներից հրաժարվի, հետո նոր կանցնենք արձանագրություններին: Սա է:
- Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանին այդ թայմաութը  տրվել է ամրանալու եւ ներքին ճնշումները բացառելու համար:
- Դրա մասին բազմիցս խոսվել է. յուրաքանչյուր հանդիպումից հետո խնդրում-աղաչում են, որ մի քանի ամիս էլ ժամանակ վերցնեն: Ոչ թե հարցը լուծեն, այլ մի քիչ էլ ժամանակ շահեն:
- Սա կարո՞ղ է մինչեւ 2013 թվականը շարունակվել:
- Ցավոք սրտի՝ ոչ, Հայաստանի համար լավ կլիներ, որ լիներ, բայց՝ չէ:  Եւ ես, որպես քաղաքացի, կողջունեմ Սերժ Սարգսյանին, որ ինքը գնա արտահերթ ընտրություններին, որովհետեւ նոր իշխանությունները հնարավոր է զրոյականից սկսեն, չնայած ինքս դրան չեմ հավատում: Բայցեւայնպես, եթե մի բան կարող է անել, կարող է անել նոր նախագահը: Եւ ամենակարեւորը` ՀՀ լեգիտիմ նախագահը: Հակառակ դեպքում աղետ է:
- ՀԱԿ-ի այս մարտավարությունը հիմա՞ էլ է տեղին: Երբ որ լրացուցիչ կհայտարարվի հաջորդ հանրահավաքի մասին: Հիմա, Ձեր կարծիքով, ակտիվանալու ժամանակը չէ՞:
- Միշտ այդ հարցը տալիս են, բայց Կոնգրեսը այսօր բանակցային կողմ չի, այսօր արտաքին քաղաքականությունը նրան չի ենթարկվում: Այսօր ՀԱԿ-ը այս առումով ոչ մի լծակ չունի եւ հիմա ասել` ակտիվանալու կամ չակտիվանալու դեպքում մենք պետք է որոշակի դերակատարություն ունենանք արտաքին կամ ներքին քաղաքականության մեջ, դա այդպես չի: Կրկնում եմ` բանակցային ողջ գործընթացը կատարվում է մեզնից դուրս: Եւ աստված գիտի, թե ինչ է կատարվում: Իսկ մեր պասիվությունը պայմանավորված է նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ մենք իրավունք չունենք խանգարելու իշխանություններին: Այսօր Հայաստանը կանգնած է ծանրագույն մարտահրավերների առաջ, ու այնպես չլինի, որ հետո Կոնգրեսի հասցեին մեղադրանք հնչեցնեն, որ "այ, եթե դուք չխանգարեիք, այս որոշումները Հայաստանի համար այսպիսին չէին լինի": Կոնգրեսն այսօր իրավունք չունի խանգարել, բայց դա չի նշանակում, որ մենք չենք հետեւելու գործընթացներին: Դանակն արդեն ոսկորին է հասնում, այդ դեպքում իրոք կմիջամտենք, բայց մինչեւ այդ ամեն ինչը մենք համբերատար պետք է սպասենք, տեսնենք, որ այս խոստումները, որ տալիս է, թե ամեն ինչ նորմալ է, այդպե՞ս է, թե՞ չէ: Չնայած ես որպես մարդ՝ չեմ հավատում, որ այդպես է:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=4991

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.