вторник, 21 сентября 2010 г.

Վահան Շիրխանյանը երգեց իր կարապի երգը



«Վահան Շիրխանյանը երգեց իր կարապի երգը»,– Теrt.am–ի հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմանը՝ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց ՍԴՀԿ շիրխանյանական թևի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, որով հայցվորը կողմը վիճարկում էր Սարգսյանի ատենապետության օրինականությունն ու պահանջում նրանից կուսակցության կնիքը։
Ինչպես հայտնի է, ՍԴՀԿ–ից մի խումբ կուսակցականներ՝ Վահան Շիրխանյանի, Գևորգ Պերկուպերկյանի, Սեդրակ Աճեմյանի, Նարեկ Գալստյանի գլխավորությամբ առանձնանալով ՍԴՀԿ–ից՝ դատական հայց ներկայացրին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի դեմ՝ վիճարկելով նրա ատենապետության օրինականության հարցը։
Շիրխանյանական թևի հայցն առաջին ատյանի դատարանում մերժվել էր վաղեմության հիմքով, նույն հիմքով էլ Վերաքննիչ դատարանը երեկ մերժեց հայցը։
«Մեզ համար ամեն ինչ դեռ առջևում է»,– Վերաքննիչ դատարանի երեկվա վճիռը գնահատելով՝ Tert.am-ին ասաց Նարեկ Գալստյանը՝ միաժամանակ հավելելով, որ այս պահին իրենք քննարկում են կուսակցության իրավաբանական ձևակերպման հարցը լուծելու մի քանի տարբերակներ։
«Տարբերակներից մեկն այն է, որ դիմենք Վճռաբեկ դատարան, սակայն սա դեռ վերջնական որոշում չէ։ Վերջնական որոշումը կլինի այս երկու օրերի ընթացքում։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ կուսակցության գործունեության շարունակականությունը ապահովելու համար իրավաբանական պատշաճ ձևակերպում կտրվի»,– ասաց Նարեկ Գալստյանը։
Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար կանխատեսելի էր Վերաքննիչ դատարանի որոշումը, քանի որ, ըստ ՍԴՀԿ ատենապետի, եթե առաջին ատյանի դատարանը հայցը մերժել էր վաղեմության ժամկետով, Վերաքննիչ դատարանը չէր կարող այդ հիմքն անտեսել։ Ինչ վերաբերում է դատարանի որոշման քաղաքական գնահատականին, Լյուդմիլա Սարգսյանը նշեց.
«Այդ որոշումը նշանակում է, որ այն նախնական համաձայնությունը, որ կար Սեդրակ Աճեմյան, Վահան Շիրխանյան–իշխանություն համագործակցության արդյունքում, նրանք չկարողացան կյանքի կոչել։ Խոսքը վերաբերում է կուսակցությունը պառակտելու, ՀԱԿ–ից անջատելու ծրագրին, ինչը չկարողացան կյանքի կոչել և ՍԴՀԿ–ն այսօր շարունակում է լինել ՀԱԿ–ի առանցքային կուսակցություններից մեկը։ Դա մի ընդարձակ ծրագիր էր, որը Սեդրակ Աճեմյանն ու Վահան Շիրխանյանը ձախողեցին՝ ոչ առանց մեր մասնակցության»։
Ի դեպ, Սարգսյանը, ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի որոշումները չի համարում դատական համակարգի բարեփոխման կամ արդարության արդյունք։ ՍԴՀԿ ատենապետի խոսքով, դատարանների նման որոշումների պատճառը միայն այն է, որ պարզապես տապալվեց վերը նշված ծրագիրը։ «Եթե բավարարեին նրանց հայցը, կնշանակեր ուղիղ հրահանգ կա վերևից, և քաղաքական պատվեր է իրականացվում»,– նկատեց Սարգսյանը։
Նա, միաժամանակ, ափսոսանք հայտնեց ՍԴՀԿ–ից հեռացած հատկապես երիտասարդ կադրերի համար. «Ես ցավում եմ, որ այս ամենի արդյունքում ոմանք սպանեցին երիտասարդների քաղաքական ապագան»։
Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ նաև ՍԴՀԿ համահնչակյան կառույցի ղեկավարության վերջերս տարածած այն հայտարարությունը, թե ՍԴՀԿ–ն չի ցանկանում շարունակել իր համագործակցությունը ՀԱԿ–ի հետ։ «Այդ հայտարարությունը, զրոյական արժեք ունենալով, չկարողացավ ազդել իշխանությունների տրամադրությունների վրա։ ՍԴՀԿ–ն շարունակում է մնալ ՀԱԿ առանցքային ուժերից մեկը և շարունակելու է իր պայքարը ՀԱԿ–ի հետ՝ մինչև վերջնական հաղթանակ», – ասաց նա։

http://www.tert.am/am/news/2010/09/18/sdhk11/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.