среда, 30 апреля 2008 г.

Չկեցցե՞ մայիսի 1-ը


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ս/թ ապրիլի 23-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում 2008թ.-ի մայիսի 1-ին, ժամը 13: 00-16: 00-ն ՍԴՀԿ-ի կողմից միջոցառում անցկացնելու մասին եւ, բնականաբար, մերժում ստացել:

Ինչու՞ բնականաբար. որովհետեւ հայրենի օրենսդրությունը հոգացել է, որպեսզի քաղաքապետարանն առանձնակի նեղություն չկրի որեւէ միջոցառման անցկացումն արգելելու համար: Ահա այդ` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը, ըստ որի հրապարակային միջոցառումների անցկացումը կարող է արգելվել, եթե «ըստ հավաստի տվյալների` դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների եւ հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը»: Իսկ այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ներկայացրել են պաշտոնական եզրակացություն: «...քանի որ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային հրապարակային միջոցառումը վեր է ածվել զանգվածային անկարգության, որը հանգեցրել է մարդկային զոհերի ու փաստի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ոչ բոլոր հանգամանքները ու հանցանք կատարած անձինք են բացահայտված, դեռեւս ամբողջությամբ չեն հայտնաբերվել օգտագործված զենք-զինամթերքը, որի շրջանառությունը կարող է վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ուստի հրապարակային միջոցառում անցկացնելու դեպքում հնարավոր չի լինի կանխել նոր հանցագործությունների կատարումը»: Սա է ոստիկանության վկայակոչած «խոխմա» եզրակացությունը, իսկ ԱԱԾ-ինը այսպես է հիմնավորված. «...նշված միջոցառման թույլատրումը կհանգեցնի պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը, անկարգությունների ու հանցագործությունների հանգեցնելու դեպքերի»: Հետաքրքիր է, հայրենի ոստիկանությունն այդ ու՞մ կողմից օգտագործված զենքի ու զինամթերքի մասին է թափանցիկ ակնարկներ անում եւ հետո ինչու՞ է այդքան ոչ պրոֆեսիոնալ ու փնթի իր պարտականություններն իրացնելիս` տվյալ դեպքում «չհայտնաբերված» զենքն ու զրահը հայտնաբերելիս` ի դեպ նույն շշմեցուցիչ օպերատիվությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Սասուն Միքայելյանին պատկանող ձկնաբուծական լճակում պահվող զինամթերքը մամուռների միջից պեղելիս: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի` վերը նշված սրտաճմլիկ եզրակացությանը. փաստորեն, մայիսի 1-ը` աշխատավորության տոնը, հակասում է նժդեհականների ու տարոնականների «ստիլին»: Պարզ է, թե ինչու` նրանք աշխատել չեն սիրում, իսկ աշխատանքի հետ ասոցացվող ցանկացած երեւույթ, տվյալ դեպքում զանգվածային միջոցառման կազմակերպում, նրանք «հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը» նպաստող դիտավորություն են համարում: Գուցե նժդեհական մեծամասնությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ մայիսի 1-ն այսուհետ հռչակի ոչ թե աշխատավորության, այլ, ասենք, աշխատանքային սգո օր:
http://www.zhamanak.com/article/9083/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.