четверг, 26 июня 2008 г.

«ՍԴՀԿ-ն ժողովրդի հետ է ու ժողովրդի համար»


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության (համասփյոռ) ատենապետ Սեդրակ Աճեմյանը հունիսի 13-21-ը Հայաստանում էր: Մեր բացառիկ հարցազրույցը նրա հետ է:

-Պարոն Աճեմյան, վերջին անգամ Դուք Հայաստան էիք եկել վերջին նախագահական ընտրություններից առաջ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ետընտրական իրավիճակը եւ ի՞նչ կերպ արձագանքեց սփյուռքահայությունը մարտի 1-ի իրադարձություններին:

- Մարտիմեկյան արյունալի իրադարձությունները, որոնցով անցավ Մայր Հայրենիքը, լուրջ վրդովվեցրեց ու մտահոգեց հայրենիքից դուրս ապրող ողջ հայությանը: Մտահոգություններն առավելապես առնչվում են նրան, թե ի՞նչ կերպ է կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը ժողովուրդն` իր հերթին, իշխանություններն` իրենց հերթին: Այդ իրադարձությունների գլխավոր ու միակ պատճառը խորհրդարանական եւ նախագահական կեղծված ընտրություններն էին: Հենց այդ կեղծված ընտրությունները վիճարկելու իր իրավունքն էր փորձում իրացնել հայ հասարակությունը, ընդ որում` առաջին անգամ այդքան միասնակամ ու հաստատակամ: Իսկ ինչ արեց իշխանությունը: Բռնացավ ժողովրդի արդար պահանջին, որն էլ ծնեց մարտի 1-ը: Մենք` Ս.Դ.հնչակյան կուսակցությունը, ժողովրդավարության ջատագովն ենք, եւ այն երեւույթները, որոնք կատարվեցին ընտրություններից առաջ եւ հետո` չպետք է պատահեին իրեն ժողովրդավար երկիր հռչակած մեր պետության հետ: Հայտնի իրադարձություններից արդեն հինգ ամիս է անցել, սակայն դրական ոչ մի երեւույթ, մարտիմեկյան իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ որեւէ գործուն քայլ երկրում չի արձանագրվել: Դա մենք պայմանավորում ենք իշխանությունների ապաշնորհ կեցվածքով. վերջիններս չեն կարողանում պատշաճ դիրքերից ու պատշաճ ձեւով հարաբերվել միմյանց եւ հասարակության հետ: Համենայնդեպս, լավատես ենք, որ իրավիճակը կշտկվի, որքան էլ որ այն դուրս է եկել բնականոն հունից:


- Ընդդիմությունն առկա ճգնաժամից դուրս գալու ելքերից մեկը համարում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Դուք ե՞ւս համակարծիք եք այդ մոտեցմանը:

- Բնականաբար, պետք են ոչ միայն արտահերթ, այլ նախեւառաջ ազատ, արդար եւ ժողովրդավար ընտրություններ: Ով էլ որ այդպիսի ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվի, մենք պատրաստ կլինենք համագործակցել նրա հետ: Բայց, ըստ իս, մինչ ընտրությունները, առկա ճգնաժամի հաղթահարման քայլերից առաջինը քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելն է, որովհետեւ եվրոպական ընտանիքի անդամ եւ ոչ մի երկրում ու առհասարակ առաջադեմ աշխարհում ընդունված չէ, ամոթ է քաղաքական հայացքների համար բանտարկված քաղաքացիներ ունենալը: Շատ մտահոգիչ են նաեւ օրենքի ուժ ստացած այն արգելքները, որոնք նպատակ ունեն սահմանափակել մարդկանց խաղաղ հանրահավաքներ անելու իրավունքը: Կրկնում եմ. իրեն ժողովրդավար հռչակած երկրի համար հանրահավաք արգելելը, մեղմ ասած` անթույլատրելի է: Մտահոգիչ է նաեւ ԶԼՄ-ների կաշկանդված, եթե չասենք ընդգծված պրոիշխանական վարքագիծը: Շատ ուրախացա, երբ իմացա, որ «Ա1+» հեռուստաընկերությունը Եվրոպական դատարանում շահեց դատը, ինչը նշանակում է, որ մամուլը մեկ քայլով ազատ դարձավ: Հուսով եմ` այդ հ/ը-ն շուտով եթեր կվերադառնա, իսկ նրա օրինակը, որպես անկախ հեռուստաալիքի, վարակիչ կլինի մյուս հ/ը-ների համար:

- Պրն Աճեմյան, ՀՀ ԱԺ-ում մարտի1-2-ի դեպքերը հետաքննելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել: Դուք հավատ ընծայու՞մ եք այդպիսի հանձնաժողովի անկողմնակալության նկատմամբ:

- Նախապես ոչինչ ասել չեմ կարող, սակայն այդ եւ նույն նպատակով ստեղծված ցանկացած այլ հանձնաժողովի համար մարտյան իրադարձությունների մեղավորներին բացահայտելը ու մեղավորներին պարզելը պետք է գերնպատակ լինի, որպեսզի հերթական անգամ հասարակությունը չհիասթափվի` բախվելով անգործության մատնված հերթական կառույցին: Բացի այդ, պետք է փոխհատուցում ստանան մարտի 1-ի զոհերի ու տուժածների հարազատները:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանից:

- Այն քաղաքականությունը, որն այս ընթացքում վարել է Հայաստանը` երբեք չի համընկել այն սպասելիքների հետ, որոնք ունի մեր երկրի հանդեպ Եվրոպան: Այսօր չի կարելի չնկատել այն մեծ ճեղքը, որն առաջացել է ոչ միայն Հայաստան-Եվրոպա հարաբերություններում: Տարիների ընթացքում գործադրված մեծ ջանքերը` մեր երկրում ժողովրդավարություն արմատավորելու, մարդու իրավունքների պաշտպանվածության, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, արդյունք չեն տվել: Չասենք, որ Եվրոպայի համբերության բաժակը լցվել է, բայց այդ բաժակը դատարկ էլ չէ:

- Ի՞նչ չափով եք կարեւորում սփյուռքի գործոնը առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

- Մենք անհրաժեշտություն ենք համարում հայրենիք-սփյուռք կապն ապահովող մարմնի ստեղծումը, որպեսզի այդ մարմնի միջոցով կարողանանք համադրել առկա խնդիրներն ու միակամությամբ, համատեղ ջանքերով փորձենք դրանց լուծումներ տալ: Ս.Դ.հնչակյան կուսակցությունը միշտ պատրաստ է համագործակցել հայրենիքի հետ:

- Իսկ ի՞նչ դիրք ունեն Հայաստանում ընթացող պրոցեսների նկատմամբ ավանդական մյուս կուսակցությունների` ՀՅԴ-ի եւ Ռամկավար-ազատական կուսակցության սփյուռքի կառույցները եւ արդյո՞ք համագործակցում եք դրանց հետ առկա ճգնաժամը հաղթահարելու համար:

- Դժբախտաբար, երբ Հայաստանում մարտի 1-ի իրադարձությունները տեղի ունեցան, մենք դիմեցինք ՀՅԴ-ին ու ՌԱԿ-ին, որպեսզի միասնաբար հանդես գանք ու փորձենք լուծումներ առաջադրել, սակայն արձագանք չստացանք: Ներկա պահին մեր հարաբերությունները սառեցվել են, թեեւ չէի ասի, որ հակադիր կողմերում ենք: Սակայն Հնչակյան կուսակցությունը, ի մի բերելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, կանգնած է ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի կողքին: Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանն ունենա միմիայն արդար ընտրությունների արդյունքում ընտրված, լեգիտիմության դեֆիցիտ չունեցող իշխանություններ: Այլապես ոչ լեգիտիմ իշխանությունները միշտ խնդիրներ են ունենում դրսում, վերջիններիս նկատմամբ տարբեր կարգի ճնշումներ են գործադրվում` դրանցից բխող անցանկալի հետեւանքներով: Մեր կուսակցության քաղաքականությունը «ժողովրդի հետ, ժողովրդի համար» սկզբունքի վրա է կառուցված, եւ լիահույս ենք, որ սփյուռք-հայրենիք գործակցությամբ կկարողանանք հնարավորինս շուտ հաղթահարել ստեղծված ճգնաժամը: Միայն այդ պարագայում է, որ հնարավորություն կունենանք լուծել մեր երկրի առաջ ծառացած մյուս խնդիրները:
http://www.zhamanak.com/article/9636/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.