суббота, 11 апреля 2009 г.

Հայաստանը Սփյուռքին ներքաշում է կոնֆլիկտի մեջ


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցից հետո ԱՄՆ հայ համայնքի տպավորություններն իմանալու համար զրուցեցինք ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ:

Ըստ մեր զրուցակցի` այսօր ամերիկահայ քաղաքացուն հետաքրքրում է, թե նոր քաղաքական իրավիճակը համաշխարհային լարվածության կոնֆլիկտային իրավիճակում ինչպես կնպաստի Ցեղասպանության հարցի լուծմանը: «Դա շատ ավելի պետք է կարեւորվի, քան թե Օբամայի «ցեղասպանություն» ասելը կամ չասելը», - նշեց Համբիկ Սարաֆյանը: Մեր այն հարցին, թե արդյոք այս պարագայում, ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունները չպե՞տք է փոխեն ձեւակերպումները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ` Համբիկ Սարաֆյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա պետք է վերապահված լինի միայն լոբբիստական կազմակերպություններին, որովհետեւ սա շատ ավելի մեծ եւ շատ ավելի լայնածավալ հարց է, եւ սա պետք է ընդգրկի հասարակության բազմաթիվ շերտեր: Մենք չենք կարող բավարարվել միայն լոբբիստական կազմակերպություններով: Նախ պետք է ճշտվի, հստակեցվի Սփյուռքի եւ Հայաստանի դերը հայ-թուրքական զարգացումների առումով, որովհետեւ սա շատ ավելի բարդ է եւ շատ ավելի բազմաշերտ է, քան թե պարզապես ասել` դե, քանի որ Հայաստանը սկսել է բանակցային գործընթացը, լոբբիստական կազմակերպություններն էլ հետեւեն կամ հարմարեցնեն իրենց գործելաոճը որոշ հանգամանքների հետ», - նշեց մեր զրուցակիցը: Համբիկ Սարաֆյանը այս պահին ավելի կարեւոր է համարում, որ Հայաստանը որպես պետություն հարեւանների հետ հարաբերությունները ճշտի, քանի որ նորմալ հարաբերություններ ունենալը նաեւ կնպաստի Ղարաբաղի խնդրի լուծմանը, որից հետո կարելի է խոսել Ցեղասպանության հարցի մասին: Համբիկ Սարաֆյանը նաեւ նշեց, որ Քոչարյանի օրոք Ցեղասպանության հարցի հիմնախնդիր դառնալու հանգամանքը մեծ վնաս է հասցնում: «Նախեւառաջ Հայաստանը այդ հարցն արծարծելով կամ քննարկելով ինքնաբերաբար Սփյուռքին ներքաշում է կոֆլիկտի մեջ, որովհետեւ գոնե վերջին 43-44 տարում Սփյուռքի հիմնական հարցը եղել է Ցեղասպանության հարցի արծարծումը եւ հանկարծ Հայաստանը անհասկանալի պատճառներով իր վրա է վերցնում այդ հարցի արծարծումը», - ասաց Սարաֆյանը: Վերջինս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը արծարծելը, առավել եւս` եթե Հայաստանը ինչ-որ ձեւով նպաստել է այդ քայլին, համարում է Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնել:
http://www.zhamanak.com/article/11814/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.