вторник, 29 сентября 2009 г.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ


Մտավախությունները, որ հայ-թուրքական արձանագրություններից սփյուռքահայերի դժգոհությունը կարող է արտահայտվել նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` նոյեմբերին կայանալիք մարաթոնի ժամանակ, գնալով մեծանում են։

Ու եթե մինչեւ վերջերս այդ մտահոգությունները հնչում էին միայն Հայաստանից, ապա երեկ արդեն դրանց աշխարհագրությունն ընդլայնվեց։ ՍԴՀԿ Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետ Համբիկ Սարաֆյանը, ով նաեւ Կալիֆոռնիայի հայկական հիմնադրամի կառավարող մարմնի անդամ է, երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ դեռեւս անցած հեռուստամարաթոնի ժամանակ, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ գումարներ ներդրողների թիվը կտրուկ պակասել է, ինչը, ըստ Սարաֆյանի, «շատ բաների հետ է կապված»։ Սարաֆյանը ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ճգնաժամի մեջ է, ինչը կապված է ոչ միայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ։ «Հայաստանի վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը դուր չի գալիս Սփյուռքին, եւ դրա համար հիմնադրամին այլեւս գումարներ չեն ցանկանում փոխանցել»,- ասել է Սարաֆյանը։ Վերջինս դա բացատրել է նրանով, որ սկզբում «գործում էր ազգային տուրքի մոտեցումը, եւ յուրաքանչյուր հայ իր պարտքն էր համարում հիմնադրամի միջոցով իր ազգային պարտքը կատարել»։ Բայց հետո, ըստ Սարաֆյանի, հիմնադրամը վերածվեց մրցարշավի։ «Ամեն մի նախագահ, որ եկավ, իր շոուն սարքեց, ու ամեն ինչ իմաստազրկվեց»,- ասել է նա։ Ուշագրավն այն է, որ Սարաֆյանի ասուլիսը համընկել էր հիմնադրամի ներկայիս գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ասուլիսի հետ, ով երեկ լրագրողներին պատմում էր այն մասին, թե ինչ լավ արդյունքներ է ունեցել հիմնադրամը անցյալ տարի եւ թե ինչ լավ է աշխատում հիմա։ Ավելին, մեզ հետ զրույցում Արա Վարդանյանը հայտարարեց, որ ինքը մտավախություն չունի, որ հայ-թուրքական արձանագրություններին Սփյուռքի բացասական արձագանքը կարող է ազդել այս տարվա հեռուստամարաթոնի վրա. «Նախ, երբ որ մենք ասում ենք, որ Սփյուռքը վատ արձագանքեց... նույնիսկ ես ինձ թույլ չեմ տալիս ասել, որ Սփյուռքը աջակցում է հիմնադրամին, քանի որ «Սփյուռք» ասածը մոտ 7 մլն հայ է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ով ինչպես է արձագանքում, եւ ով ինչպես է գնահատում։ Երկրորդը` հիմնադրամը ոչ քաղաքական կազմակերպություն է, եւ մենք մեր բոլոր բարերարներին միշտ կոչ ենք անում մոռանալ այդ ամենը, երբ որ իրենք աջակցում են հիմնադրամին»,- ասաց Վարդանյանը։ Հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, սակայն, իր փորձից գիտի, թե որքան զգայուն է Սփյուռքը, եւ թե քաղաքական հարցերը ինչպես կարող են ազդել հանգանակության արդյունքների վրա։ «Այն, որ Սփյուռքը իր դժգոհությունն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների հետ կապված, դա շատ բնական է եւ հասկանալի. Սփյուռքը ծնունդ է Ցեղասպանության։ Եւ ես վստահ եմ, որ այդ անդրադարձը լինելու է նաեւ հեռուստամարաթոնի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Պետրոսյանը։ Ըստ նրա, Սփյուռքի զգայուն արձագանքը նկատվեց նաեւ նախորդ հեռուստամարաթոնի ժամանակ։ «Անցյալ հեռուստամարաթոնին շատ ցածր էր սփյուռքահայության մասնակցությունը։ Իհարկե, այնտեղ ինչ-որ թվեր հռչակվեցին, բայց դրանք Հայաստանի եւ Ռուսաստանի մի քանի մեծահարուստների նվիրատվություններն էին, եւ դա մարաթոնի ելակետային գումարն էր։ Մենք, սակայն, սովորաբար մարաթոնի մասնակցությունը գնահատում եւ որոշում ենք մարդկանց քանակի մասնակցությամբ, եւ ոչ թե գումարի առումով։ Անցյալ տարի այդ մասնակցությունը, կարելի է ասել, շատ տագնապալից էր. անտարբերության հասնող չափերի։ Ես վստահ եմ, որ այս տարի կլինի ավելի վատ։ Ցավոք սրտի, այդպես կլինի»,- հավելեց տիկին Պետրոսյանը։ Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ Արա Վարդանյանը, անկախ իրենից, ըստ էության` ապացուցեց, որ ասվածի մեջ ճշմարտություն կա։ Վարդանյանի խոսքերով, վերջին 3-4 տարիների ընթացքում հիմնադրամի հավաքած ամբողջ գումարի 50-60 տոկոսը նվիրաբերել են Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչները։ Անցած տարի այդ ցուցանիշը, ըստ Վարդանյանի, հասել է 90 տոկոսի։ Այսինքն` եթե 3-4 տարի առաջ հավաքված գումարների կեսը տալիս էին սփյուռքահայերը, ապա անցած տարի, ըստ գործադիր տնօրենի, Սփյուռքից հավաքվել է ողջ գումարի 10 տոկոսը միայն։
http://www.armtimes.com/3206

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.