среда, 3 марта 2010 г.

Առուփա՞խ է սկսվում


Սպասվող ապապետականացումներ 

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ապապետականացնել դեռեւս պետական բժշկական հաստատությունները:

Նա նախ հավանություն է տվել առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին, որով պետական բուժհաստատությունների ապապետականացում է նախատեսվում, ապա եւ հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարությանը` մշակել եւ Կառավարության քննարկմանը ներկայացնել մասնավորեցման տարբեր մեթոդներ առաջարկող ծրագիր` ըստ բուժհաստատությունների առանձին խմբերի: Առողջապահության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամ Արարատ Մկրտչյանը մեզ հետ զրույցում, գնահատելով սույն հեռանկարը, նշեց, որ ինքն անձամբ կողմ է ապապետականացման գաղափարին, որն ընդունված է ամբողջ աշխարհում եւ որը պետական ու մասնավոր համակարգերի մրցակցության արդյունքում կարող է զարգացում ապահովել (եթե, իհարկե, մեր երկրի կառավարությունը չապապետականացված բուժհիմնարկ թողնի): Նրան, սակայն, մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամենը ձեռնարկվում է` առանց ապապետականացման նախորդ գործընթացը գնահատելու, առանց դրա առավելություններն ու թերությունները վերլուծելու` ի՞նչն էր վատ, որ չպետք է կրկնել ու ի՞նչը կարելի է շարունակել ու զարգացնել: Իսկ որ դա չի արվել, առողջապահության նախկին նախարարը չի կասկածում:
«Ես վստահ եմ, որ դեռեւս այդ գնահատականները չկան, թե չէ դրանք վաղուց ի վեր հանրայնացվել էին եւ հնչեցվել: Դրա անհրաժեշտությունը միանշանակ կա»,- նկատեց նա: Նշելով, որ ապապետականացման ենթակա քիչ հիվանդանոցներ կան, Արարատ Մկրտչյանը երկյուղեց, թե Աստված մի արասցե` փորձեն ապապետականացնել նաեւ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները: Ճիշտ է, 2001 թվականին ՀՀ կառավարության հաստատած հայեցակարգով արգելվել է այդ եւ, ասենք, այնպիսի բուժհիմնարկների ապապետականացումը, ինչպիսիք են հոգեբուժարանները, տուբդիսպանսերը եւ այլն: Բայց դե հայեցակարգերը, ինչպես նկատում է ԱՆ նախկին նախարարը, մնում են հայեցակարգեր, Կառավարության որոշումներն անտեսվում են: Նա հիշում է նաեւ ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը` արգելել առողջապահության ոլորտում սեփականաշնորհման որեւէ գործընթաց: «Նախ պետք է հիշենք այն լրջագույն դեբատները, որոնք ընթացան ԱԺ-ում` այն ժամանակ կոալիցիոն եւ ներկայումս կոալիցիոն ընկերակցության մեջ գտնվող «Օրինաց երկիր» կուսակցության կողմից: Մոռանալ հնարավոր չէ, որ Արթուր Բաղդասարյան քաղաքական գործիչը, կուրծք ծեծելով, լինելով ԱԺ նախագահ եւ կուսակցության ղեկավար, իսպառ արգելանք դրեց առողջապահության բնագավառում որեւիցե սեփականաշնորհման գործընթացին»,- հետադարձ հայացք ձգեց Արարատ Մկրտչյանը ու նկատեց, որ եթե Կառավարությունը որոշել է ապապետականացման գործընթաց ձեռնարկել, ապա այսօր արդեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար` ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժը պետք է արձագանքեին դրան: Ինչի բացակայությունը պետք է զարմանք առաջացնի թե սույն ոլորտի մասնագետների, թե ընդհանրապես քաղաքացիների մոտ: Արարատ Մկրտչյանը այս ամենում նաեւ «ինչ-որ առուփախի երանգներ» է նկատում: Ասել է թե` իշխանությունները վստահություն չունեն իրենց վաղվա օրվա նկատմամբ եւ ցանկանում են մնացածն էլ, այսպես ասած, իրենցով անել: Արարատ Մկրտչյանը, չիմանալով, թե սպասվող ապապետականացումների հիմքում ինչ վերլուծություններ են ընկած, նշում է նախորդ այդ գործընթացի վերաբերյալ իր տեսակետը: Ըստ այդմ, «հնարավոր է` ձեւը մի քիչ սխալ է եղել»: «Այսինքն` բաժնետերերը, որոնք բուժաշխատողներն էին, ամեն մեկը մի բաժնետոմս ուներ, օլիգարխ ղեկավարները ինչ-ինչ ճանապարհներով գնեցին նրանց բաժնետոմսերը: Կարող է` մի բուժհիմնարկում 3-4 բաժնետեր լինի` տեղակալներով, վերին սերուցքով: Ինքը` բուժաշխատողը, այսօր լծակներ չունի, որովհետեւ իր բաժնետոմսերը վաճառել է ժամանակին»,- ասաց ՀԱԿ անդամը:

Հ.Գ. Թե ինչպես են վերաբերվում նշված հեռանկարին այս կամ այն կերպ ոլորտին առնչվող մարդիկ, պարզվեց, իմանալն այնքան էլ հեշտ չէ: Համակարգում աշխատողները հրաժարվում էին կարծիք հայտնել, մանավանդ որ ՀՀ կառավարությունն իր այդ մտադրությունների մասին չի բարձրաձայնում` բացեիբաց հայտարարելով, թե գիտե՞ք, ցանկանում ենք ապապետականացնել պետական բուժհաստատությունները: Ավելին, այստեղ նույնիսկ գաղտնապահություն են անում: Իսկ ինչ վերաբերում է Արարատ Մկրտչյանի այն դիտարկմանը, թե ապապետականացման նախորդ գործընթացը չի գնահատվել, ապա Առողջապահության նախարարությունից երեկ փորձեցինք պարզել` դա իսկապե՞ս առանց նախորդը գնահատելու ձեռնամուխ են եղել հաջորդ փուլին: Մեզ, սակայն, հստակ պատասխան ստանալ այդպես էլ չհաջողվեց: Խոստացան այն տրամադրել առաջիկայում:
http://www.armtimes.com/3007
Աննա Զախարյան -
Մարտ 3, 2010

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.