суббота, 16 октября 2010 г.

Իշխանությունները ստիպված են հեռանալու, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ դա խաղաղ արվի.

«Ես միանշանակ կարծում եմ, որ այդ օրը, երբ մեր համբերության բաժակը կլցվի ու մենք որոշենք մտնել Ազատության հրապարակ, շատ մոտ է։ Ուղղակի պետք է որոշենք օրը, բայց մինչ օրը որոշելը մենք իրավական բոլոր քայլերն անում ենք և փաստում ենք, որ անհիմն ձևով իշխանություններն ամեն անգամ մերժում են Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր հայտը», – Теrt.am–ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Ըստ նրա, Կոնգրեսն ամեն ինչ անում է օրենքի սահմաններում, և միայն օրենքի բոլոր միջոցները սպառելուց հետո կորոշի իր անելիքները։
«Հետևաբար արդեն սպառվում է այն սահմանը, երբ մենք կարող ենք օրենքի միջոցով ստիպել իշխանություններին, որ մեզ տրամադրեն Ազատության հրապարակը և, ընդհանրապես, այդ հրապարակն ազատեն ոստիկանական շրջափակումից։ Ես ինքս դրա զոհերից մեկն եմ եղել, երբ ընդամենը զբոսնելիս ինձ ձերբակալեցին»– ասաց ՍԴՀԿ ատենապետը։ Կուսակցության ղեկավարը նշեց, որ Ազատության հրապարակը մեր ժողովրդի համար խորհրդանշական վայր է, որտեղ ընդդիմությունն ու իր համակիրներն իրենց ավելի ազատ են զգում։

Մեր հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը մտածել է այն մասին, թե ինչպես կվարվի ոստիկանությունը, երբ իրենք առանց թույլտվության մտնեն Ազատության հրապարակ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ գալու է մի պահ, երբ ոստիկանությունն ինքը հասկանալու է, որ այլևս բավական է։ Իրենց մարդկային տեսակն արթնանալու է իրենց մեջ և իրենք ևս հասկանալու են, որ այլևս չեն ուզում խամաճիկ լինել և պարտավոր են իրենց բուն գործունեությամբ զբաղվել և ժողովրդի շահերը պաշտպանել։ Ես վստահ եմ մեր ոստիկանության վրա, որ գալու է այդ պահը»։

Ինչ վերաբերում է իշխանություններին, Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ իշխանությունները հեռանալու են ոչ թե կամովին, այլ ստիպված։

«Նրանք ոչ թե գիտակցաբար են հրաժարվելու իրենց իշխանությունից, որը բռնի ուժով ամեն կերպ, ամեն ինչի գնով, ամեն կարգի զիջումների արդյունքում փորձում են պահել, այլ ստիպված են լինելու հեռանալ։ Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա լինի խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով, և մեր երկիրը ցնցումների մեջ չենք գցի»,– համոզմունք հայտնեց Լյուդմիլա Սարգսյանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.