вторник, 12 января 2010 г.

ՍԴՀԿ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ



Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
ՍԴՀԿ-ում կարծես թե չեն դադարել ներկուսակցական խմորումները. ՍԴՀԿ-ից առանձնացած թեւը Ձեր համագումարի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որ այն անօրինական է, եւ ուժի մեջ է դեկտեմբերին իրենց հրավիրած արտակարգ համագումարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:

ՍԴՀԿ-ում այլեւս խմորումներ չկան, քանի որ ՍԴՀԿ-ում այլեւս չկան այն մարդիկ, որոնք անառողջ մթնոլորտ էին ստեղծում կուսակցության ներսում: Չկա նաեւ ՍԴՀԿ-ի մյուս թեւ հասկացությունը, քանի որ իրենք անօրինական դաշտում են գործում: Այդ մարդիկ ՍԴՀԿ շարքերին, ՍԴՀԿ ատենապետին, վարչությանը չեն հուզում, եւ եթե նկատել եք` մենք նրանց ոչ մի հայտարարության չենք անդրադառնում եւ չենք արձագանքում: Ինչ անում են իրենք, ընդամենը սրտի մխիթարություն է եւ իրենց մասին հիշեցնելու փորձ:Բայց իրենք հանդես են գալիս ՍԴՀԿ-ի անունից, եւ հայտարարել են, որ դատի կտան Ձեզ` Ձեր մոտից ՍԴՀԿ կնիքը վերցնելու համար:

Եթե կարողանան ստեղծել հիմքեր` դատարան մտնելու համար, ապա թող դիմեն: Որքան էլ անօրինական լինի երկիրը, որքան էլ անարդար լինեն դատարանները, միեւնույն է, որեւէ հայց ընդունելու համար պետք է հիմքեր լինեն: Իսկ այս դեպքում նրանք չունեն հիմքեր. ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, որպեսզի մեր համագումարի որոշումները բեկանեն: Մեր համագումարը կանոնադրության համապատասխան իրազեկվել է, եւ մենք մարզերում անցկացրել ենք կոնֆերանսներ, ընտրել պատգամավորներ եւ ներկայացել ՍԴՀԿ համագումարին: Այնտեղ ընտրվել է նոր վարչություն, իսկ ես` միաձայն վերընտրվել եմ ատենապետ: Եթե կարող են գտնել մի փոքր բան, որի հիման վրա կարող են մտնել դատարան, բարի, թող դիմեն: Մենք խնդիր չունենք, քանի որ օրենքի դաշտում ենք գործում, իսկ իրենք` ոչ: Եվ եթե պնդում են, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը ճանաչում է, ապա բարի, թող ճանաչի: Իսկ մենք գործում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը համաձայն, գրանցված ենք որպես անկախ կուսակցություն, առաջնորդվում ենք մեր կանոնադրության համաձայն: Մենք այստեղ անխոցելի ենք: Եթե ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը իր մեջ ուժ չգտավ պատժելու ՍԴՀԿ պառակտման իրական մեղավորներին` Սեդրակ Աճեմյանին ու Վահան Շիրխանյանին, ուրեմն իրենք արժանի են այդ թեւին. թող համագործակցեն գոյություն չունեցող մի կառույցի հետ, որը իրավական դաշտում չկա:

Այսինքն` հնարավոր է, որ համահնչակյան կառույցից Հայաստանյան կառույցն օտարվի՞:

Մեր միասնությունը, անդամակցությունը համահնչակյան կառույցին սիմվոլիկ, բարոյական բնույթ է կրում: Մենք դա շատ կարեւոր էինք համարում: Եվ որքանով որ թույլ էր տալիս ՀՀ Կուսակցությունների մասին օրենքը, դրա համապատասխան մենք հաշվի էինք նստում համահնչակյան կառույցի հետ, մենք մեզ համարում էինք ընտանիքի հանդամ: Բայց եթե այդ ընտանիքն առողջ չէ, եւ իր իրավունքները պաշտպանող, օրենսդրության սահմաններում գործող զավակին դեմ է գնում, ապա դա իրենց խնդիրն է: Իսկ մենք հնչակյաններ ենք, մենք մեր գաղափարախոսությունը պետք է շարունակենք տարածել, Հայ Ազգային Կոնգրեսի կազմում շարունակենք պայքարը` երկրում սահմանադրական կարգի հաստատման եւ օրինականության վերականգնման համար: Եթե համահնչակյան կենտրոնական վարչությունը չի գնահատում Հայաստանյան կառույցի առողջ մոտեցումները, Հայաստանի քաղաքական դաշտում ունեցած կշիռը, թիմի միասնականությունը, ապա ես հաջողություն եմ մաղթում կենտրոնական վարչությանը` լիահույս լինելով, որ միեւնույն է, մենք մի օր նորից նույն ընտանիքում ենք լինելու: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու ՍԴՀԿ կենտրոնական վարչության հետ, իսկ եթե նրանց կողմից նման ցանկություն չի արտահայտվի, մենք անկախ կուսակցություն ենք ՀՀ-ի քաղաքական դաշտում, եւ կշարունակենք հնչակյան գաղափարախոսությունը տարածել, նրա ծրագիրն իրականացնել Հայաստանի քաղաքական հողի վրա:

Համագումարի ձեր ելույթում նաեւ հայտարարել էիք, որ մոլորյալներին հնարավորություն եք տալիս hետ վերադառնալու: Ի՞նչ հույս ունեք` ականջալուր կլինեն ձեր հայտարարությանը:

Ես չէ, որ պետք է հույս ունենամ: Մենք ոչ թե ամեն գնով փորձում ենք ետ վերադարձնել մարդկանց, որոնք չեն ուզում հասկանալ իրականությունը, գիտակցել իրենց սխալները, այլ ընդամենը հնարավորություն ենք տալիս նրանց ուղղելու այդ սխալները: Ովքեր ուզում են օրենքի դաշտում գործել, հասկանալ, թե որն է իրական ՍԴՀԿ-ն, ովքեր ընդունում են, որ իրենք մոլորյալ են եւ ուզում են այդ ուղուց ետ դառնալ, ապա նրանց առաջ մեր դռները բաց են:

Իսկ ինչպես կմեկնաբանեք, որ ՍԴՀԿ-ից հեռացվածները եւս ՍԴՀԿ անունից դատապարտեցին թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները` համարելով այն կեղծված, հայտարարում են, որ իրենք Հայ Ազգային Կոնգրեսի հետ են համագործակցում, իսկ մյուս կողմից Կոնգրեսը որպես ՍԴՀԿ համարում է ձեզ, ձեզ հետ է համագործակցում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ելույթ ունեցավ ձեր համագումարին:

Հայ Ազգային Կոնգրեսին միանալու հռչակագրի տակ ստորագրել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, եւ նախընտրական ու ետընտրական ողջ պրոցեսը ՍԴՀԿ ներկայիս կազմն է տարել: Իհարկե, չեմ ուրանում նաեւ մի քանի երիտասարդների, որոնք որոշ ժամանակ բավական ակտիվ գործունեություն էին ծավալում` մեր հրահանգներով, մեր ղեկավարության ներքո: Բայց ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, ապա տանը` բազմոցին նստած ցանկացած մարդ կարող է ինչ-որ հայտարարություններ անել, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին եւ պառկել քնելու, իսկ ընտրություններից հետո էլ հայտարարել, որ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել` առանց ներկայանալու հանրահավաքներին, քարոզարշավին: Ի դեպ, ասեմ, որ ՍԴՀԿ վարչության երկու անդամներ Համբարձում Եղիազարյանն ու Հրաչյա Աղաբեկյանը եղել են վստահված անձ, Անահիտ Սարգսյանն էլ մասնակցել է քարոզարշավին` դռնեդուռ ծրագրի շրջանակներում: Այսինքն` մինչ պայքարի դաշտը, խրամատները լքած երիտասարդները տանը նստած ինչ-որ հայտարարություններ են անում, իրական ՍԴՀԿ-ն զբաղվում է կոնկրետ գործերով: Հայտարարություններ անելն ամենահեշտ գործն է, ցանկացած մարդ կարող է օրական տասնյակ հայտարարություն անել: Սակայն քաղաքական դաշտն իրականում տեսնում է, թե ով է պայքարում:




Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

http://www.lragir.am/armsrc/interview31580.html

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.