четверг, 22 апреля 2010 г.

ՍԴՀԿ. Իշխանությունները կուրորեն չէին ուզում նկատել նախապայմանները


«Չնայած ընդդիմությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ պնդում էր, որ փաստաթղթերում, ի դեմս ղարաբաղյան հարցի, նախապայմաններ կան, իշխանությունները կուրորեն չէին ուզում նկատել դա. սակայն նրանք վերջապես հասկացան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմանը ղարաբաղյան հարցն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով երկկողմ արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովի օրակարգից հանելու եւ հայ-թուրքական գործընթացն առկախելու իշխանությունների որոշումը։

Համոզմունք հայտնելով, որ այդ երկիրը բոլոր դեպքերում արձանագրությունները չէր վավերացնելու, նա նկատեց, որ «Թուրքիան ստացավ այն, ինչ իրեն պետք էր՝ լրջագույն գործոն դառնալ տարածաշրջանում եւ հրապարակային մասնակցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության հարցում»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ հայ-թուրքական գործընթացի՝ Ազգային ժողովի օրակարգից դուրս բերելու եւ դրա առկախման ֆոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա իր ուղերձում արձանագրություններից հետ կանչի Հայաստանի ստորագրությունները, Լ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ոչինչ բացառել հնարավոր չէ. «Չեմ բացառում, որ կարող է նման բան լինել։ Սերժ Սարգսյանի քայլերն այնպիսին են, որ կանխագուշակել անհնար է։ Դա ոչ թե գալիս է նրանից, որ նա իմաստուն քաղաքական գործիչ է, այլ գործընթացներն այնպես են զարգանում եւ Սերժ Սարգսյանն այնպիսի վատ իրավիճակի մեջ է հայտնվել, որ կարող է տարբեր-տարբեր հայտարարություններ հնչեցնել»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը։

Ամփոփելով՝ Լ. Սարգսյանը շեշտեց, որ եթե անգամ Հայաստանի ստորագրությունները արձանագրություններից հետ կանչվեն, մեր երկիրը դրանից չի տուժի. «Կարծում եմ՝ այս հարցում մեր մասով որեւէ վտանգ չկա»,- նշեց նա։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, կոալիցիան ԱԺ օրակարգից հանել է արձանագրությունները եւ առկախել հայ-թուրքական գործընթացը։
http://news.am/am/news/19669.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.