воскресенье, 9 октября 2011 г.

Վարչակազմը տապալել է առողջապահության համակարգի բարեփոխումների ծրագիրը

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր Հայաստանում առողջապահության ոլորտում գրեթե ոչ մի բան չի արվել, վարչակազմն ամբողջությամբ տապալել է այդ համակարգի բարեփոխումների ծրագիրը:«Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամ Արարատ Մկրտչյանը:

«Ի՞նչ երեսով պետք է 2007-ին խոստումներ տված և այդ խոստումները չկատարած կուսակցություններն այս անգամ էլ գան և ասեն` ձայն տվեք մեզ: Նրանք նման բան խնդրելու բարոյական իրավունք ուղղակի չունեն: Նրանց մարդկային և կուսակցական անցյալը նման բան չպետք է թույլ տա անել»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Արարատ Մկրտչյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած «Առողջապահության զարգացման ռազմավարական ծրագրի» մշակման և իրականացման պարագայում, օրինակ, առողջապահության ոլորտի այլ բյուջե և այլ մոտեցումներ պիտի ունենայինք: Մինչդեռ, ծրագիրը չկա ու չի էլ հրապարակվել: «ԲՀԿ-ն իր այդ ծրագրով խոստանում էր նվազեցնել համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, սակայն այսօր էլ կաշառակերությունը առողջապահության համակարգում բավական մեծ տեսակարար կշիռ ունի: ԲՀԿ այլ խոստումներն էլ մնացել են թղթի վրա: Այսպիսով, այդ կուսակցության՝ առողջապահության ոլորտին վերաբերող նախընտրական խոստումները ոչ միայն ավարտին չեն հասցվել, այլ գոնե մասամբ չեն իրականացվել:

«Հանրապետական» կուսակցությունն էլ խոստացել էր մշակել և իրականացնել «հիվանդությունների կանխարգելման համալիր ծրագիր»: Սակայն ո՛չ անցյալ տարիների, ո՛չ էլ 2012-ի բյուջեում նման ծրագիր չկա»: 

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա այդ կուսակցությունը, «նորաձևությունից» հետ չմնալու համար, խոստացել էր ըստ հիվանդությունների ներդնել պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրություն, ընդունել առողջապահության ոլորտը կարգավորող օրենսգիրք: Բայց միայն խոստացել էր: 

Բացի այդ, կոալիցիոն կառավարությունը խոստացել էր լուծել մի կարևոր խնդիր՝ տարեցտարի ավելացնել պետական ծախսային մասհանումները: Ծրագրում գրված է. «Պետական ծախսային մասհանումների ավելացումը լինելու է կառավարության օրակարգում և ծրագրվում է 2012 թվականին ապահովել ոլորտում պետական ծախսերի՝ ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 2,2 տոկոս մակարդակ»: Իրականում հատկացումները առողջապահության ոլորտին չեն գերազանցում ՀՆԱ-ի 1,5 տոկոսը: 

Կառավարությունը խոստացել էր նաև, որ Հայաստանը դարձնելու է տարածաշրջանային առողջապահական կենտրոն: Ի սկզբանե այդ ծրագիրը կարելի է որակել որպես «մեռելածին», քանի որ Հայաստանի շրջափակման պայմաններում անիմաստ են նման հավակնությունները»,- նկատեց Մկրտչյանը:

Ամփոփելով` Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամը նկատեց, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականներով, առողջապահության ոլորտը, դատաիրավականից և ոստիկանությունից հետո, Հայաստանի երրորդ ամենակոռումպացված համակարգերից է: «Հատկանշական է նաև, որ Հայաստանի նախագահի կայքէջում կա մի բաժին, որտեղ կարելի է դիտարկել, թե նախընտրական ծրագրի խոստումները որքանո՞վ են իրականացվել: Առողջապահության մասով այդ էջը դատարկ է, և հաշվետվություն չկա»,- փաստեց Մկրտչյանը: . Ա. Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.