среда, 12 октября 2011 г.

ՇՈՒՆԸ

1682692533Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում տենդագին պատրաստվում էին դիմավորելու ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովին: Իհարկե, մենք՝ չորրորդ դասարանցիներս, չէինք էլ գիտակցում, թե ով է այդ Խրուշչովը:
Արդեն երկրորդ օրն էր, ինչ դասերից հետո, դպրոցի բակում մեր դասարանցիների հետ պարապում էին՝ սովորեցնելով, թե ինչպես պետք է վազելով հատենք փողոցի կեսը, երկու շարքով շարվենք և ծաղկեփնջեր նետենք Խրուշչովի մեքենայի ուղղությամբ: Պարապմունքների ընթացքում, բնական է, ծաղկեփնջեր չունեինք, և մարզումներն անցկացնում էինք դատարկ ձեռքերով:

Հաջորդ օրը դիմավորելու արարողակարգը փոխվեց: Մեր դասարանից միայն ինձ թողեցին և մեր դպրոցից մեկ այլ աղջկա, մնացած երեխաներին հավանաբար հավաքել էին տարբեր դպրոցներից:
Թարմացված ուժերով, 10 տղաներով և նույնքան էլ աղջիկներով վերջին պարապմունքն անցկացրինք այժմյան Ֆրանսիայի հրապարակում, մեր ծնողների մասնակցությամբ: Դիրքավորվելով Հայֆիլհարմոնիայի դիմաց, վազքով, զույգերով հասանք հրապարակի կենտրոն, երկու շարք կազմեցինք, թվացյալ ծաղկեփնջերը նետեցինք թվացյալ մեքենայի ուղղությամբ և վազքով մեր նախնական դիրքին վերադարձանք: Մեզ պարբերաբար զգուշացնում էին, որ չշփոթվենք, հետևենք մայթին կանգնած ընկեր Հասմիկի ձեռքի ազդանշանին: Ընկեր Հասմիկը հենց երկու ձեռքերը բարձրացրած ծափ տար, մենք պետք է ծաղկեփնջերը նետեինք մեքենայի ուղղությամբ:
Վերջին և գլխավոր պարապմունքից անմիջապես հետո մեր ծնողներին փաթեթներ բաժանեցին: Տանը պարզվեց, որ այդ կարևոր միջոցառման համար մեզ նոր հագուստ էին նվիրաբերել՝ սև կարճ տաբատ, սպիտակ վերնաշապիկ և մետաքսե կարմիր պիոներական փողկապ:
Հաջորդ օրը հոծ բազմության միջով մեզ հասցրին «դիրքեր»: Միլիցիոներներն անմիջապես մեզ իրենց շրջանի մեջ առան և միջանցք բացեցին դեպի հրապարակ:
Շրջապատը մեղվի փեթակի պես բզզում էր: Ընկեր Հասմիկը, շնչակտուր լինելով, կրկին մեզ խնդրում էր, որ ուշադիր լինենք և հետևենք գլխավերևում իր ձեռքերի ծափին:
Լենինի պողոտայի ներքևից թնդաց համընդհանուր ծափերի որոտը: Քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ, միլիցիոներների շարքը բացելով, մոտեցան մեզ և ծաղկեփնջեր բաժանեցին: Ծափերի որոտն արդեն մոտեցել էր, երբ մենք բացված միջանցքով վազեցինք դեպի հրապարակի կենտրոնը:
Պողոտայի երկու կողմերում պարաններ էին կապել, և մարդիկ կանգնած էին դրանց հետևում` մայթի վրա: Ասեղ գցելու տեղ չկար: Մեզնից քիչ հեռու թույլատրել էին, որ ընկեր Հասմիկը ձգված պարանից դուրս կանգնի, որպեսզի ազդանշան տալու ժամանակ տեսանելի լինի մեզ:
Աղմուկը, ծափերը, սուլոցները պողոտայի ներքևից դառնում էին ահագնացող և աստիճանաբար, ալիքաձև վեր էին բարձրանում, սակայն հեռվում մեքենաներ դեռ չէին երևում:
Շուկայի մոտերքից մի բավականին մեծ, սև, բզկտված, բրդոտ թափառող շուն էր հայտնվել Լենինի պողոտայի կենտրոնում և մայթերին խռնված մարդկանց ծափերից, սուլոցներից ու խելակորույս բացականչություններից շփոթված՝ դատարկ պողոտայով շնչակտուր դեպի վեր էր վազում: Լենինի և Թումանյանի պողոտաների խաչմերուկում, երկու կողմից Թումանյանի պողոտան փակած ամբոխն սկսեց բացականչել.
- Եկա՜վ, եկա՜վ…
Այս բացականչությունները մեզ էին հասնում համընդհանուր ծիծաղի, ծափերի և սուլոցների միջից: Բացականչություններից, բղավոցներից և սուլոցներից այն աղջիկը, ում ձեռքն ամուր բռնել էի, սկսեց լաց լինել: Մենք` երեխաներս, դեպի մեզ վազող կենդանուց պակաս այլայլված և վախեցած չէինք: Մարդկային նման բազմություն մեր կարճ կյանքի ընթացքում դեռ տեսած չկայինք: Մենք էլ, այն կենդանու նման, անկախ մեր կամքից, հայտնվել էինք այս ամենի կիզակետում:
Տեսնելով շանը` ընկեր Հասմիկը երկու ձեռքերը վեր բարձրացրեց, շփոթված սկսեց թափահարել, որ մենք կենդանուց չվախենանք, դիրքներս չփոխենք և գոտեպնդվենք իր ներկայությունից: Մենք, նրա շարժումն ազդանշան համարելով, ծաղկեփնջերը նետեցինք շան ուղղությամբ: Այժմյան Ֆրանսիայի հրապարակն ու Լենինի անվան նախկին պողոտայի մեր հատվածը թնդացին նոր ծիծաղից ու ծափահարություններց: Շունն իր ուղղությամբ նետված ծաղկեփնջերն այլ կերպ ընդունեց, ոստնեց նրանց վրայով և, վերջին ուժերը ժողովելով, սլացավ դեպի Մատենադարան: Մենք էլ, մեր պարտականությունն ավարտելուն պես, ինչպես սովորեցրել էին, ծափերի ներքո, աղջիկների ձեռքից բռնած, վազքով, պիոներական փողկապներս շողշողացնելով վերադարձանք ելման դիրք:
Չգիտես ինչու, ընկեր Հասմիկը լուռ արտասվում էր:
Քիչ անց թնդաց ծափերի մի նոր որոտ. այս անգամ դրանք ուղղված էին մեկ այլ հասցեատիրոջ՝ ՍՄԿԿ գլխավոր քարտուղար ընկեր Ն. Ս. Խրուշչովին:
2011 թ. հոկտեմբեր

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.