пятница, 18 декабря 2009 г.

"Որտեղ հաց, այնտեղ՝ կաց"


"Որտեղ հաց, այնտեղ՝ կաց" ավանդական խոսքից զորացած ժամանակակից քաղաքական "գործիչ" Վարդան Խաչատրյանը երեկ հանրությանը երեւաց նորացված թիկնազորով: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության 123-ամյա բեռը շալակին, կուսակցության հիմնադիրների նամշահոտ կերպարով երկու երիտասարդների եւ մեկ տարեցի ուղեկցությամբ եկավ "Հայացք" ակումբ: Առաջին հայացքից թվաց, թե Վարդան Խաչատրյանին ուղեկցող երիտասարդները ժամանել են անցյալից՝ 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի սկզբների մոդայով հագնված, մորուքների սանրվածքը Սարգիս Տխրունու բնօրինակին հարմարեցրած, պենսնեով, ինչպես ժողովուրդը կասեր՝ անթրաշ, անպլաշ, իսկը "Այդ մենք ենք գալիս, մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ, տրորված գդակ" սոցիալիստական շրջանի լիրիկական զեղումի հանգի: Պարզվեց, որ պենսնեով երիտասարդներից մեկը նախօրեին ՍԴՀԿ հայաստանյան կառույցի արտահերթ համագումարում վարչության 2 անդամների "ձայների մեծամասնությամբ"  ընտրված ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանն էր, մյուսը՝ նույնպես պենսնեով, շեկ մորուքով, բուլգակովյան Վոլանդի սպասավորների նման վազվզող աչքերով՝ կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը: Տարեցը նմանվում էր հնչակյան հիմնադիրներից բրածո մնացած ռուս նարոդնիկի: Սա կուսակցության հայաստանյան կառույցի կանոնակարգի ճարտարապետն էր՝ Հրանտ Ամիրյանը: Եւ ահա, Վարդան Խաչատրյանն այս թիկնազորով եկել էր խոստովանելու, որ ինքը վաղուց է սոցիալիստ, հոգով: Ու քանի որ նրա հոգին այնքան էլ խորը չէ եւ, հավանաբար, ուրիշի ձեռքերում, փորձեց գործի գցել դեմագոգիան: Նայեց հավաքվածների աչքերին ու խոսեց այսպես. "Ես այն ամենի դրական ժառանգորդն եմ հայ ժողովրդի վերջին ժամանակահատվածի համենայնդեպս, պատմության մեջ գոյություն ունի: Այսինքն՝ նրանում կա եւ սոցիալիզմը, եւ այն ամենը, ինչը դրական է եղել մեր ժողովրդի համար: Խիստ ընդգծված լիբերալ կառույց երբեւէ չի եղել, ես ասում եմ որպես վարչության նախագահ, իսկ հիմքը ներկայացնում է ընդհանրապես, հայ ժողովրդի ժառանգականությունը": Բանական ոչ մի արարած, բացի նրա կողքին բազմած բրածո կերպարներից, դժվար հասկանա Վարդան Խաչատրյանի դարակազմիկ մտքերը, բայց լրագրողները բացատրություն խնդրեցին: "Ինչպե՞ս եք հաջողացնում լինել ՍԴՀԿ երդվյալ անդամ ու միեւնույն ժամանակ Ազգային ժողովում ներկայացնել "Ժառանգություն" կուսակցությունը, որպես խմբակցության անդամ, եւ ռոճիկ ստանալ ժողովրդի գրպանից"՝ ի պատասխան մեր հարցի, կողքինները ցուցամատով քթարմատներին հարմարեցրին պենսնեն՝ օգնության պատրաստ, իսկ Վարդան Խաչատրյանն աղավաղեց դեմքը: Հետո խոսեց. "Իմ անցումը հնչակյան՝ դա դուրս գալ "Ժառանգություն" կուսակցությունից եւ Հնչակյան կուսակցություն մտնելը չէ: Դա որոշակի պատճառներով՝ ես չեմ ուզում այժմ շոշափել, "Ժառանգությունից" ուղղակի դուրս գրվելն է, որից հետո քաղաքական գործունեության շարունակությունն է, այս պահի դրությամբ, ես համարում եմ, որ առավել պատասխանատու է համահայկական կառույցում ներգրավվելով, որովհետեւ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական եւ համաշխարհային խնդիրները հայոց սփյուռքի: Այսինքն, մեր գլխավոր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի իշխանությունների միջեւ ընթանում են կոնֆլիկտային որոշակի ուղիով եւ այդպիսի երանգներ ունեն, ինչից ելնելով ես համարել եմ, որ առավել մեծ պատասխանատվությունը կարող եմ իրականացնել այս դերակատարմամբ": Իսկ որո՞նք են այն պատճառները, որ այժմ չի ուզում շոշափել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռեժիմն անում է ամեն ինչ՝ ՀԱԿ-ի շարքերը տրոհելու եւ ընդդիմությունը թուլացնելու համար: Գաղտնիք չէ նաեւ, որ այդ նպատակին ծառայեցնում են հնարավոր բոլոր միջոցները՝ հոգեորսությունից մինչեւ բացահայտ առեւտուր, ինչպես գաղտնիք չէ, որ գայթակղություններին շատերը չեն դիմանում ու ժողովրդի անունից խոսելով, ծախում են այդ նույն ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան: Եւ քանի որ ինքն ասաց՝ "ՀՀ իշխանությունը մեր դաշնակիցն է", կարելի է ենթադրել նաեւ, որ Վարդան Խաչատրյանի "առաքելությունը" բխում է հայ ավանդական ազգայնականության քողի տակ արմատացած ռուսական շահից, որն առանձին թեմա է: Թե չէ, ինչպե՞ս կարող է Հայաստանի քաղաքացին, Հայաստանի ժողովրդի ձայնը երկրի օրենսդիր իշխանության կազմում ներկայացնող մարդը իր երկրի իշխանությանը համարել դաշնակից: Բայց քանի որ ասել է այն, ինչ ասել է, կուսակցափոխ եղած այդ "սամուրայի" գոյությունը ՀՀ քաղաքական դաշտում ավարտվեց երեկ, "Հայացք" ակումբում, խարակիրիով եւ այն մարդկանց շրջապատում, որոնց ներկայությամբ էլ երդվել էր համապատասխան թրի վրա: Կանացի թրի: 

http://www.hraparak.am/hodvac.php?h_id=4104

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.