среда, 23 декабря 2009 г.

«ԴԱՐԻ ՀԱՆՃԱՐ» ԴԵՌ ՉԻ ԾՆՎԵԼ



Այն, որ ՍԴՀԿ երիտասարդական «Սարգիս Տխրունի» կառույցի ատենապետն այսօր հռչակվել է կուսակցության ատենապետ, առիթ դարձավ, որ ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար, կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանն «Առավոտի» հետ կիսի կուսակցությունների երիտթեւերի ղեկավարների «վերելքի» առիթով վերջին տարիների իր դիտարկումները:

Մասնավորաբար՝ «Մի շրջան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ՝ «Հանրապետություն», ՕԵԿ, «Ազգային միաբանություն» եւ այլն, իրար ետեւից լքեցին իրենց կուսակցություններն ու ամպագոռգոռ հայտարարություններ անելով՝ համալրեցին իշխանությունների շարքերը: Եթե մինչ այդ պիոներական ոճով քննադատում էին իշխանություններին, դրանից հետո նույն պաթոսով սկսեցին պաշտպանել այդ իշխանությանը՝ քննադատության թնդանոթն ուղղելով ընդդիմության դեմ»: Մեր զրուցակիցը նկատում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բավականին հետաքրքիր շրջադարձ է եղել, եւ կուսակցությունների երիտթեւերի ղեկավարներն այժմ, բավականին կարճ ժամանակահատվածում, կարգվում են կուսակցության ղեկավար: Մասնավորաբար՝ «Ժառանգության» օրինակը, այժմ էլ՝ ՍԴՀԿ-ն: «Եթե կուսակցության երիտթեւի նախագահը մեկ-երկու տարում դառնում է նախագահ, երեք պատճառ կարող է լինել՝ կուսակցության մարդկային ռեսուրսների դեֆիցիտի, դավադրության պատճառով, եւ եթե ծնվել է, ասենք, դարի հանճարը: Այս պարագաներում երրորդ տարբերակն ուզում եմ բացառել, մնում են առաջին երկուսը»,- ասում է Կարեն Կարապետյանը: Խուսափելով այլ որակումներից՝ մեր զրուցակիցը հավելում է. «Կարեւորը, որ մարդն իր խղճի առաջ մաքուր լինի: Քավ լիցի, թող ասածներս որպես մեղադրական չհնչեն: Եթե Արմեն Մարտիրոսյանը եւ Գեւորգ Պերկուպեկյանը գտնում են, որ իրենք հասունացել են կուսակցության նախագահ լինելու համար՝ իրենց որոշելիքն է»: ՍԴՀԿ-ում առաջացած խառնաշփոթի վերաբերյալ էլ ասում է. «Բացի այն, որ մարդկային առումով ես շատ լավ եմ վերաբերվում Լյուդմիլա Սարգսյանին, փաստ է, որ նա Հայաստանում կայացրեց ՍԴՀԿ-ն: Այսօր քաղաքական դաշտում ՀԱԿ-ի առանցքային դերակատարության առումով նաեւ մեծ են հենց տիկին Սարգսյանի ջանքերն էլ: Դեռ վաղ է եզրակացություններ անելը. ամեն դեպքում՝ սպասենք դատական պրոցեսի ավարտին»:
«Առավոտի» խնդրանքով ներկայացնելով քաղաքական տարվա իր ամփոփիչ մոտեցումներն էլ՝ երիտասարդ գործիչն իբրեւ ներքաղաքական մեծագույն կորուստ Հայաստանի համար առանձնացնում է Երեւանի ավագանու ընտրությունները. «Զավեշտ է եւ ծիծաղելի, երբ արձանագրվում է, որ Գագիկ Բեգլարյանը հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Կարծում եմ՝ ոչ մի բանական եւ իրեն մի քիչ հարգող մարդ դրան լուրջ վերաբերվել չի կարող»: Ինչ վերաբերում է 2010-ի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում սպասվող առաջին ընտրական պայքարին, Կարեն Կարապետյանը կասկած չունի, որ ի հեճուկս իշխանությունների ջանքերին՝ ողջ մարդկային եւ մնացյալ ռեսուրսներն ընտրությունները կեղծելուն ծառայեցնելուն, հաղթելու է Նիկոլ Փաշինյանը. «Այլեւս էական չէ՝ ԿԸՀ-ն պարտությո՞ւն, թե՞ հաղթանակ կարձանագրի»: Հերթական բարոյական հաղթանակը՝ «Առավոտի» դիտարկմանն էլ արձագանքեց. «Ընդդիմության ցանկացած հաղթանակ, որն իշխանությունները թղթի վրա ձեւակերպում են իբրեւ պարտություն, օրեցօր կուտակվում է հանրության մոտ: Հանրությունն էլ բազմիցս է ապացուցել, որ այս իշխանությանը քվե չի տվել: Այնպես որ, իշխանությունները թող չցնծան, որովհետեւ այս ամենն, ի վերջո, բերելու է նրանց խայտառակ անկման»:
Երիտասարդ գործիչը քաղաքական առումով ձեռքբերում չի համարում նաեւ այն, որ քաղբանտարկյալների մի մասն ազատ արձակվեց. «Քաղբանտարկյալների առկայությունը խայտառակություն է երկրի համար, եւ երբ իշխանությունները ազատ են արձակում՝ դժվար է դրան ձեռքբերում ասել. ընդամենը խղճուկ փորձ է կատարվում շտկել այդ խայտառակությունը»: Նա եւս կարծում է, որ ներքին քաղաքական խայտառակ գործընթացներն իրենց արտացոլումն ունեցան երկրի արտաքին քաղաքական «նախաձեռնություններում»՝ ի դեմս հայ-թուրքական հարաբերությունների. «Տեղի ունեցավ մի աննախադեպ երեւույթ՝ Ցեղասպանության ուրացման փորձ: Հայ-թուրքական արձանագրությունները նշանակալից իրադարձություն էին, բայց գրեթե միանշանակորեն Թուրքիայի բոլոր նախապայմաններն ընդունելը չեմ կարծում, թե ձեռքբերում է: ՀԱԿ-ը եւ հենց ՀՀՇ-ն մշտապես կողմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, բայց՝ ոչ ամեն գնով: Սերժ Սարգսյանը Ցեղասպանության ուրացման գնով փորձում է լուծում տալ այդ հարցին, ու ամենամեծ ցավն այն է, որ հասարակությունը դրանից ոչինչ չի շահում: Այստեղ բացառապես Սերժ Սարգսյանի շահն է՝ իր լեգիտիմությունը «ձեռք բերելու» համար»: Մեր զրուցակիցը չի համարում, որ երկուստեք հնչած առավել կոշտ դիրքորոշումներով կավարտվի հարաբերությունների կարգավորման այս փուլը: Նրա համոզմամբ, զարգացումներ դեռ կլինեն եւ այն սցենարով, ինչ որ գերտերությունների կողմից կմատուցվի, կպարտադրվի Սերժ Սարգսյանին: «Հայաստանի համար կորուստ էր նաեւ այն, որ միմյանց հետ կապ չունեցող խնդիրներ՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական, փորձ է արվում լուծել մի փաթեթով: Մինսկի խմբում նկատելիորեն մեծանում է Թուրքիայի դերը: Իսկ Թուրքիան չի կարող օբյեկտիվ լինել»,- կարծում է ՀՀՇ վարչության անդամը: Նկատեցինք, որ ՀԱԿ-ի մեկ այլ երիտասարդ գործիչ՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ օրերս հայտարարել էր, թե պետք չէ վախենալ նրանից, որ այս երկու հարցերը շաղկապվում են: Ավելին, նկատել էր, որ դա նույնիսկ դրական գործընթաց է: Այս առումով Կարեն Կարապետյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչից ելնելով է Սուրենյանցն այդպես կարծում, բայց այդ խնդիրները միանգամայն հակադիր բեւեռներում են, եւ եթե դրանք համատեղելու փորձ է արվում, ապա վերջնականապես թաղում ենք առանց այդ էլ մոռացության մատնված ազգերի ինքնորոշման հարցը»:


ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://www.aravot.am/am/articles/politics/0/view/all

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.