среда, 16 декабря 2009 г.

«ՍՑԵՆԱՐԻՍՏ ԵՎ ԲԵՄԱԴՐՈՂ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ»



Գուրգեն Եղիազարյանը վարչապետին մեղադրում է ՍԴՀԿ-ն կազմաքանդելու մեջ 


«Վարդան Խաչատրյանին սրանք ամեն գնով պետք է ատենապետ օծեն: Ոչ լեգիտիմ, իհարկե, քանի որ ո՛չ այսօր-վաղը կայանալիք իրենց համագումարն է լեգիտիմ, ո՛չ էլ Վարդանն է կուսակցական: Այս խաղի սցենարիստը եւ բեմադրողը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նրա բարձր հովանու ներքո է այս խաղը խաղացվում: Հիշեք ռամկավարների փորձը: Այդ արտակարգ համագումար կոչվածը ծիծաղելի բան է, լուրջ չի, եւ թող պատեհ, անպատեհ կանոնակարգին հղում չանեն: Կանոնակարգում նման բան չկա»,- երեկ ՍԴՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նրա կարծիքով, այս ամենի հեռահար նպատակը «3+1» ձեւաչափով նոր «ընդդիմադիր» ձեւաչափի ստեղծումն է. «Երեք ավանդական կուսակցություններ եւ «Ժառանգություն»: Իշխանություններն ամեն գնով փորձեցին նոր ընդդիմադիր ուժ ստեղծել՝ չստացվեց: ՍԴՀԿ-ն այն կառույցն է, որը պահպանել է իր դեմքը, իսկ իշխանություններին հարկավոր էր մաքուր դիմագծով, բայց գրպանային ընդդիմություն, որի ծնունդին մենք ականատես ենք լինում»: Նա նկատում է, որ Վարդան Խաչատրյանը շարունակեց մնալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ անգամ այն պարագայում, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այլեւս խորհրդարանում ներկայացնելու է հնչակյանների գաղափարները: Ավելին, նա արձանագրում է, որ «Ժառանգության» որեւէ անդամ չընդվզեց նրա այդ հայտարարության դեմ՝ նկատելով, որ իբրեւ առանձին պատգամավոր, Վարդան Խաչատրյանն ավելի մեծ հնարավորություններ ուներ հնչակյանների գաղափարները ներկայացնելու: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պետք է ասեր՝ Վարդան ջան, տղա ջան, խմբակցությունից դուրս արի, ինչ ուզում ես՝ հայտարարի: Լինելով խմբակցության անդամ՝ դու նաեւ մեր նկատմամբ պարտավորություններ ունես: Ինչպես ինքն է ներկայացնում՝ լինելով ՍԴՀԿ Դիվանի անդամ՝ Վարդանը վերջերս ստորագրեց խմբակցության հայտարարության տակ՝ իբրեւ խմբակցության անդամ: Նա շարունակում է կառչած մնալ լիբերալ խմբակցությունից, որպեսզի ներկայացնի սոցիալիստական գաղափարնե՞ր: Սա աննորմալություն է: Եթե «Ժառանգության» ընկերները չեն բարձրաձայնում այս խեղկատակությունը, ուրեմն հեռահար նպատակ կա»,- վստահ է մեր զրուցակիցը:
Այս առիթով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն «Առավոտին» փոխանցեց. «Առնվազն գրպանում եղած մարդիկ կարող են նման դատողություններ անել: «Ժառանգությունը» երբեք չի եղել որեւէ մեկի գրպանում, որ իմանա՝ ինչ բան է գրպանային հոգեբանությունը: Թող խնդիրներն իրենց ներսում փնտրեն, ինչպես արեցինք մենք՝ մեզ հետ պատահածում, եւ չփորձեցինք որեւէ մեկին ներքաշել: Թող անհարկի չշոշափեն որեւէ մեկի անունը՝ իրենց ներկուսակցական ռազբորկաներում: «Ժառանգությունը» որեւէ աղերս չունի եւ չի ուզում ունենալ որեւէ պրոյեկտի կամ պրոյեկտոլոգների հետ»: Իսկ թե ինչո՞ւ Վարդան Խաչատրյանին չեն առաջարկում դիմում գրել եւ դուրս գալ խմբակցությունից՝ Ստեփան Սաֆարյանն ասում է, որ կոռեկտ չէ նման առաջարկ անել. «Ինքն է որոշում՝ դառնալ սոցիալի՞ստ, թե՞ մնալ լիբերալ, համենայնդեպս, նա կուսակցության անդամ չէ»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի, եթե նրանք (նկատի ունի շիրխանյանական թեւին) ընդդիմադիր լինեին, արդարադատության նախարարությունը նույն օրը կհայտարարեր, որ խախտվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, կուսակցության ծրագիր-կանոնագիրքը, եւ ուղիղ կդադարեցներ այս խուլիգանությունը. «Բայց հանգիստ սպասում են, ինչպես արեցին Կոմկուսը, ՍԻՄ-ը, ՀՌԱԿ-ը, Լիբերալ ազատական կուսակցությունը քայքայելիս»:
Իսկ ինչպե՞ս են այս ամենն ընկալում համահնչակյան ընտանիքում: «Օվկիանոսից այն կողմ մեր ընկերները գաղափար անգամ չունեն, թե այստեղ ինչ ներքին խաղեր են գնում: Հիմա ես նրանցից ոչինչ չեմ ակնկալում: Նրանք վիրավորված են, որ իբրեւ հաշվի չենք առել Սեդրակ Աճեմյանին եւ Հայաստանի տարածքում նրան խամաճիկ ենք սարքել: Բայց Սեդրակին մենք զգուշացրել ենք, թե ինչի եւ ուր է գնում: Նա քաղաքի լավագույն հատվածում հիմա գրասենյակ էլ կվարձի, լավագույնս կկահավորի, կկախի լավագույն ցուցանակը, որն իշխանությունները չեն հանի, իրենց տղայի ոսկուց արձանն էլ կարող է գրասենյակի միջանցքում կանգնեցնեն: Բայց նույնիսկ ոսկուց փուչիկն էլ է պայթելու: Այդ ժամանակ իմ կուսակից ընկերները կհասկանան՝ թե ինչ է արել Սեդրակը, եւ իրենց օրգանիզմից դուրս կմղեն Սեդրակին էլ, սեդրակյան զավակներին էլ»,- ասաց պարոն Եղիազարյանը:
Վարդան Խաչատրյանից եւ Վահան Շիրխանյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Իսկ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Սարգսյանն էլ հարցին՝ եթե մեծամասնություն եք, ինչո՞ւ եք «արտակարգ» համագումար հրավիրում, որը նաեւ իրավական առումով խոցելի է, 2010-ի հունվարի 9-ին կայանալիք հերթական համագումարին մասնակցելու եւ կուսակցական իշխանությունը վերցնելու փոխարեն. «Իրավական խոցելի կետեր չկան, ամեն ինչ կանոնադրությամբ է: Իսկ հունվարին կայանալիք համագումարը հերթականը չէ, այլ մեկ տարի երկու ամիս ուշացած ժողով է, որը ես համագումար չեմ կարող անվանել: Բացի այդ, նրանք ամեն ինչ արել են, որ Լ. Սարգսյանին այս կամ այն կերպ «դեմ» արտահայտվածները դուրս մնան կուսակցական բոլոր հնարավոր գործընթացներից: Մենք արտակարգ համագումար ենք անում, իրեն հրավիրում ենք մասնակցելու այդ համագումարին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.