пятница, 23 декабря 2011 г.

Ճգնաժամը եկել ու դուրս չի գալիս

0905Հարցազրույց ՍԴՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ
- Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին. սոցիալ-տնտեսական առումով այս տարին ինչ տվեց Հայաստանին:
- 2011 թ. բավական հետաքրքիր տարի էր այն առումով, որ նաեւ պետք է լիներ իշխող կոալիցիայի կառավարության հաշվետվության տարի: Մի քանի ամիս հետո կանգնելու ենք ընտրությունների շեմին: Եվ հիմա կոալիցիան պետք է հաշվետվություն ներկայացներ իր կառավարության ձեւավորման ժամանակ տված խոստումների կատարման առումով: Բայց այս տարի ոչ միայն հաշվետվություն չեղավ, այլեւ՝ կոալիցիան նոր ծրագրեր է առաջարկում: Ես կցանկանայի դիտարկել, թե սոցիալական պաշտպանվածության խնդիրների առումով ինչ արեց կառավարությունն ու ինչ ցուցանիշներ արձանագրեց:

ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ վարչապետը, ինչպես նաեւ պաշտոնական վիճակագրությունը ասում է, որ ՀՀ-ում աղքատությունը կազմում է 30 տոկոս, ծայրահեղ աղքատները՝ 15 տոկոս: Եկեք հիմա հիշենք, թե ինչ ցուցանիշներ էր խոստանում կոալիցիան՝ կառավարության ձեւավորման ժամանակ՝ ԱԺ կողմից ընդունված Կառավարության 2008-2012թթ. ծրագրի մեջ: Սոցիալական պաշտպանվածության առումով առաջարկված ծրագրերը ոչ միայն չեն իրականացվել, այլեւ այս տարիների ընթացքում ցուցանիշները ծայրահեղ իրավիճակի են հասցվել: Օրինակ, այդ ծրագրում խոստացել էին աղքատության ցուցանիշը հասցնել 11,2 տոկոսի, բայց պաշտոնական վիճակագրության տվյալներով ՀՀ-ում աղքատության ցուցանիշը 30 տոկոս է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացի աղքատ է: Ծայրահեղ աղքատության ցուցանիշը ծրագրում ամրագրված էր հասցնել 1,6 տոկոս, իսկ այսօր տարին փակում ենք ծայրահեղ աղքատության 15 տոկոս ցուցանիշով:
- Իսկ որո՞նք են ծրագիրը չկատարելու պատճառները: Իշխանությունները պատճառաբանում են համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչն էլ չնախատեսված խնդիրներ առաջացրեց: Ձեր կարծիքով, միայն այդ ճգնաժամն արդյոք բավարար չէր, որ ցուցանիշները չկատարվեին, թե սա չեք համարում հիմնավոր արդարացում:
- Իրոք, շատերն են հղում անում տնտեսական ճգնաժամի հետեւանքներին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճգնաժամը ճգնաժամ, բայց պետք է ժամանակին կանխատեսեին այն: Դրա մասին խոսում էին բոլոր մասնագետներն ու քաղաքական գործիչները, նրանք զգուշացնում էին կառավարությանը, իշխանություններին, որ տնտեսական իրավիճակն աշխարհում բավական ծանր է, եւ հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի ծանր: Եթե հիշում եք՝ կառավարությունը հայտարարում էր, թե մենք ինտեգրված չենք Եվրոպական ընդհանուր տնտեսական ընտանիքին, գործառույթների խաչմերուկին եւ ճգնաժամը մեզ կշրջանցի: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ճգնաժամը մեզ չշրջանցեց, ավելին՝ ծայրահեղ դրսեւորումներ ունեցավ ու այսօր էլ Հայաստանից դուրս չի գալիս: Այսինքն՝ կանխատեսելով պետք է պաշտպանիչ բուֆերներ ստեղծել, ու կոալիցիան պետք է ծրագրային մոտեցումների առաջնահերթության խնդիր լուծեր: Արդյոք պետք էր ծրագրում ամրագրել, որ մեր երկիրը դառնալու է ֆինանսատնտեսական տարածաշրջանային կենտրոն, առողջապահական տարածաշրջանային կենտրոն, ու այդ ուղղությամբ նաեւ ջանքեր գործադրել: Իրականում ֆիքսել էին եթերային, պոպուլիստական ծրագրեր, դրանց վրա ներդրումներ էին արվել: Մինչդեռ, առաջնահերթ խնդիրները, պաշտպանիչ մեխանիզմները ներդնելու առումով ոչինչ չէր արվել: Այսինքն՝ ոչինչ չէր արվել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը սոցիալական ճգնաժամի չվերածվի: Բացի այդ, ծրագրում ամրագրված էր, որ կրթության ֆինանսավորման մակարդակը պետք է հասցվի ՀՆԱ 3,5 տոկոսի: Այսօր մենք շատ հեռու ենք այդ ցուցանիշից: Նույնը՝ նաեւ առողջապահության ոլորտում: Կառավարության ծրագրում ամրագրված է, որ 2012 թ. առողջապահության ոլորտում հատկացումները պետք է կազմեն ՀՆԱ-ի առնվազն 2,2 տոկոսը: Մինչդեռ այսօր 2012 թ. բյուջեում հատկացումները կազմելու են հազիվ ՀՆԱ 1,6 տոկոսի չափով: Այսինքն՝ խոստացել էին 65 մլրդ դրամի փոխարեն առողջապահության ոլորտին հատկացնել 90 մլրդ: Ես այս երկու առաջնահերթությունների մասին եմ խոսում, քանի որ պետությունը հզոր է, երբ ունի առողջ հասարակություն եւ միաժամանակ կրթված, մտավոր զարգացած հասարակություն: Այս ամենից բացի, կոալիցիան նաեւ թիմային աշխատելու հմտություններ չունի. Բավական է հիշել, թե ինչպես ընդունեցին ՀՀ պետական բյուջեն՝ նվազագույն ձայնով, այն էլ՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելով: Մինչդեռ, ԱԺ նախագահի ընտրություններին շատ ավելի պատգամավոր է մասնակցել քվեարկությանը: Սա է, թերեւս, երկրի կարեւորագույն փաստաթղթի՝ բյուջեի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը:
- Իշխանությունները չե՞ն կարող, թե չեն ուզում այդ իրավիճակը մեղմել:
- Քաղաքական կամքի խնդիր է: Եթե քաղաքական կամք չլինի կոռուպցիոն ռեսուրսները կրճատելու համար, ապա ավելորդ է խոսել առաջընթացի մասին: Եթե կարողանանք նվազեցնել կոռուպցիան, մենք լրջագույն հաջողություններ կունենանք: Ընդ որում, Հայաստանում, բացի սոցիալ-տնտեսական հայտնի երեւույթներից, կա նաեւ լրջագույն բարոյահոգեբանական իրավիճակ: Լուրջ անջրպետ է առաջացել հասարակության եւ իշխանության միջեւ, որը գնալով խորանում է: Ու հասարակությունը չի հավատում այս իշխանության որեւէ խոսքի: ՀՀԿ տնտեսական նույն սեմինարին խոսվեց արտահանումը խթանելուն ուղղված լրջագույն ծրագրի մշակման մասին: Պետք է ասեմ, այո, այդ արտահանումը հրաշալի իրականացվում է արդեն: Բայց արտահանումն իրականացվում է պաշտոնյաների կապիտալի տեսքով: Բացի այդ, այսօր «հաջողությամբ» արտահանվում է ՀՀ բնակչությունը. այս հարցում նրանք անշեղորեն գնում են առաջ:
- Բայց վարչապետն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե արտագաղթի հիմնական ալիքը 90-ականների սկզբներին է եղել, հիմա նախկինի համեմատ նվազել է:
- ՀՀԿ այդ միջոցառմանն էլ նշվեց, որ Հայաստանից վերջին քսան տարիներին բացակայել է 1 մլն 200 հազար մարդ: Եթե մենք փորձում ենք վերլուծություն անել, ապա ակներեւ է դառնում, որ այդ հայտարարության մեջ ինչ-որ մի բան, մեղմ ասած, այն չէ: Եթե մենք դիտարկում ենք 2005 թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, 2007 թ. ԱԺ ընտրությունների ու 2008 թ. նախագահի ընտրությունների տվյալները, ապա այդ երեք համապետական ընտրություններին միջինը ունեցել ենք 1 մլն 600 հազար մասնակից: Բայց այդքան ընտրող մեր երկրում կարող է լինել միայն այն դեպքում, եթե ունենանք 3,2 մլն մարդ, որովհետեւ, սովորաբար, ընտրություններին միջինը մասնակցում է բնակչության ընտրելու իրավունք ունեցողների մոտ 60 տոկոսը: Այստեղից կարող ենք հետեւություններ անել. եթե իր պաշտոնով երկրի երրորդ մարդը՝ վարչապետն ասում է, որ արտագաղթի հիմնական ալիքը եղել է մինչեւ ընտրությունները, մյուս կողմից, եթե ունենք ընտրություններին մասնակիցների նման բարձր ցուցանիշ, ուրեմն՝ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները կեղծվել են: Այսինքն՝ երկրի երրորդ պաշտոնյան անուղղակի խոստովանում եւ ապացուցում է, որ կեղծվել են վերջին երեք համապետական ընտրությունները: Իսկ եթե իրոք ընտրություններին այդքան մարդ է մասնակցել, ուրեմն՝ արտագաղթը հենց վերջին տարիներին է տեղի ունեցել՝ այս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում: Երկու դեպքում էլ հետեւությունները թողնում եմ ընթերցողներին…

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.