воскресенье, 13 марта 2011 г.

Ամպագորգոռ հայտարարությունները մինչև ժողովրդի ոտքի կանգնելն են լինում

Gurgen Egiazaryan

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կառավարության վերջին նիստից հետո հայտարարել էր, թե «Փորձեք հեղափոխություն անել և կտեսնեք իմ վերաբերմունքը»: Ընդ որում` սա առաջին դեպքը չէր, երբ ոստիկանապետը նման հայտարարություններ է անում: Այս կապակցությամբ զրուցեցինք ԱԱ նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ:

- Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախօրեին հայտարարել է, թե ինքը թույլ չի տա, որ Հայաստանում հեղափոխություն լինի: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունները:

- Ես նրան պարզապես խորհուրդ կտամ ուշադիր նայել իր կոլեգաների երեսներին: 30-40 տարվա բռնապետություններում իշխած ոստիկանապետերն անգամ թողեցին փախան այն բանից հետո, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց: Ես հիշում եմ Կիրգիզիայի ոստիկանապետին. մեկ օր առաջ նա հայտարարեց, թե մորթազերծ կանի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դեմ դուրս գալ իշխանություններին, բայց հաջորդ օրը նա լուռ, գլխիկոր նստած էր, և ինչ-որ մարդիկ խփում էին նրա գլխին: Ես չեմ ցանկանա նույնը մեզ մոտ լինի. մեր աշխարհագրությունը դա թույլ չի տալիս: Այնուամենայնիվ, նման ամպագոռգոռ հայտարարությունները լինում են մինչև ժողովրդի ոտքի կանգնելը:

- Ձեր կարծիքով, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ոստիկանապետն արդյո՞ք իր սպառնալիքը կիրականացնի, թե՞ ոչ:

- Ամեն տեղ էլ իշխանությունը սկզբում բորբոքված հայտարարում է, թե կխեղդի, այս կամ այն մայմունությունը կանի, ատամներ ցույց կտա: Դա բազմիցս ենք տեսել: Անգամ մարտի 1-ի սպանությունները չկոտրեցին ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ անգամ զոհվածների հարազատների կամքը: Ավելին` դատարանում մենք տեսանք, որ երբ «7-ի գործ»-ով իմ ընկերներին մարտի 1-ի սպանությունները կազմակերպելու մեղադրանքով բերեցին դահլիճ, սպանվածների հարազատները հոտնկայս ծափահարում էին նրանց, քանի որ գիտեին իրական մարդասպաններին: Այսինքն` այդ ծափերը թուք էր իշխանությունների երեսին: Այս ընթացքում ոչ մի բան չկոտրեց ժողովրդի կամքը` ո՛չ Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան կատարված հարձակումն անմեղ ժողովրդի վրա, ո՛չ էլ հետագա խոշտանգումներն ու սպանությունները: Ընդհակառակը, այդ ամենը բոլորովին հակառակ ռեակցիան տվեց, և ժողովուրդը դուրս եկավ փողոց: Եթե իշխանությունները մտածում են, որ ոստիկաններն այդքան խելք չեն ունենա և ինչ-որ մեկի միլիարդները պաշտպանելու համար դուրս կգան սեփական ժողովրդի դեմ, չարաչար սխալվում են, որովհետև իր վերջո այդ ոստիկաններն էլ են ժողովրդի զավակները:

- Կարելի է ենթադրել, որ ոստիկանապետն, այսպիսով, զբաղված է քաղաքականությամբ, քաղաքական հայտարարություններ անելով: Որպես իրավապահ համակարգում աշխատած մարդ, Ձեր կարծիքով, ունի՞ նա դրա իրավունքը, թե՞ ոչ:

- Իհարկե, ոստիկանապետն իրավունք չունի նման հայտարարություններ անելու: Բայց հավանաբար նա չի հասկանում, թե որտեղ է աշխատում: Այս ընթացքում կատարվող այլանդակությունները, Կոնգրեսի ակտիվիստների վրա հարձակումները կանցնեն, կգնան: Հետո նրանք կսկսեն մեղանչել, թե հարձակվողն իրենք չեն եղել կամ էլ` չեն հասկացել, թե ինչ են անում, ինչ հրաման են կատարում: Ես կարծում եմ, որ իրենք այդքան խելք կունենան և ժողովրդի դեմ դուրս չեն գա, ուրիշի միլիարդները պաշտպանելու համար նրանք չեն ապականի իրենց ապագան: Կարծում եմ` կգիտակցեն այդքանը: Իսկ ամպագոռգոռ հայտարարությունները, քիթը քաղաքականության մեջ մտցնելը ժամանակավոր է:

- Իսկ Ձեր կարծիքով, հեղափոխությունն իրո՞ք վտանգավոր երևույթ է, որ իրավապահները պետք է պայքարեն դրա դեմ:

- Հայաստանում ոչ թե հեղափոխություն կլինի, այլ` սահուն իշխանափոխություն: Եթե իշխանությունները շատ թե քիչ տրամաբանություն ունենան, ապա չեն թողնի, որ դանակը ոսկորին հասնի: Մեր պահանջն օրինական է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Հարցնում եք` ինչո՞ւ: Ասեմ` Հայաստանում ո՛չ նախագահն է լեգիտիմ, ո՛չ խորհրդարանը: Իսկ մենք ցանկանում ենք, որ ե՛ւ նախագահը, ե՛ւ խորհրդարանը լինեն լեգիտիմ, լինեն ժողովրդի կողմից ընտրված: Պարզապես տեսեք, թե ինչ է կատարվում այն երկրներում, որտեղ նախագահներն ընտրված չեն: Ես ուզում եմ մեջբերել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի խոսքերը, ըստ որի` այն երկրներում, որտեղ իշխանությունները լեգիտիմ են, ժողովուրդը նրանց դեմ ոտքի չի կանգնում:

http://1in.am/arm/armenia_interview_12731.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.