вторник, 22 марта 2011 г.

Մեծ կոռուպցիան` մեծերով

0905

Փետրվարի վերջին Լոռու մարզում կալանավորված երկու բժշկուհիների կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 2 ամսով: Այս խնդրի շուրջ մեր զրույցը առողջապահության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի անդամ Արարատ Մկրտչյանի հետ է:

- Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք գնահատում Լոռու մարզի 2 բժշկուհիներին կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորելու, այժմ էլ կալանքի ժամկետը երկարաձգելու փաստը:


- Նախ` կալանավորելը բավականին լուրջ հիմքերի պայմաններում է տեղի ունենում, եւ իրոք ցավալի է ինձ համար` որպես բժշկի, երբ իմ կոլեգաներին կալանավորում են: Երեւի թե ինչ-որ փաստ է արձանագրվել, կամ մեկն ինչ-որ ցուցմունք է տվել, որի հիման վրա իրավապահ մարմինները նման գործողություններ են իրականացնում: Սակայն ինքը` երեւույթը, երբ այն դիտարկում ենք ողջ երկրում տիրող իրավիճակի ֆոնին, շատ զավեշտալի է այն առումով, որ հենց նույն Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվող Վերահսկիչ պալատը բազմաթիվ ֆինանսական չարաշահումներ է բացահայտել տարբեր ոլորտներում` բնապահպանության, սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարություններ, սոցհիմնադրամ, որտեղ միլիարդների հասնող չարաշահումներ են արձանագրվել: Սակայն զարմանում ես, թե ինչու ոչ մեկը դրա հետեւանքով պատիժ չի կրել: Ընդամենը, ըստ հասած տեղեկությունների, այդ պաշտոնատար անձանց հանձնարարվել է պետությանը հասցրած վնասը վերականգնել:

Թե ինչքանով են վերականգնել, դա հարցի մյուս կողմն է: Կոնկրետ դեպքի հետ կապված, ըստ իս, նաեւ զավեշտ է, երբ 1 ամիս հետո երկարաձգել են կալանքի ժամկետը: Պետք է հաշվի առնել, որ կանայք են: Կարելի էր գրավի կամ միջնորդության դիմաց նրանց թողնել իրենց ընտանիքների հետ, մինչեւ գործը հասներ դատարան: Սա մեկ: Երկրորդը` հստակ է, որ այս մարդիկ պաշտոնատար անձինք չեն, այլ շարքային բժիշկներ, եւ նրանք պաշտոնեական դիրք չեն չարաշահել, որ արձանագրվեր կոռուպցիայի դեպք: Սա թողնենք դատարանին: Բայց թե դատարանը որքան արդարացի վճիռ կկայացնի, չգիտեմ, մեր երկրում ես դեռ արդարացի վճիռ չեմ տեսել: Սակայն գտնում եմ, որ բարոյական նորմերի հարթության մեջ չէ, երբ 2 կին, բժիշկ մասնագետներ, կալանավորվում են: Այս դեպքում, ինձ թվում է, աջակցություն պետք է ցուցաբերեին մարզպետը եւ առողջապահության նախարարը` իրենց միջնորդագրերով, որպեսզի մինչեւ գործը դատարան հասնելը բժիշկները լինեին ազատության մեջ: Ի՞նչ են ուզում ցույց տալ եւ ում: Հանրությունն այնքան քաջատեղյակ է, թե մեր երկրում ինչ է կատարվում, եւ ով ով է, որ դրանով փորձել ապացուցել, թե կոռուպցիայի դեմ պայքար են տանում, ուղղակի ծիծաղելի է:

- Կարծում եք` իշխանությունների համար ցանկալի ազդեցություն այդ ամենը չի՞ թողնում:
- Միանշանակ: Ես վերեւում բերեցի օրինակը: Պաշտոնյաներին ասում են` եթե դու 1 միլիարդ տարել ես` բեր, վերականգնիր հասցրած վնասը: Բժիշկներին էլ թող ասեն: Նույն հարթության մեջ թող դիտարկեն: Ինչո՞ւ 1 միլիարդի չարաշահում անողին ասում են` բեր, վերականգնիր, շարունակիր գործել, թալանել, էլի կբռնվես` էլի կվերականգնես, իսկ շարքային բժիշկներին կալանավորում են ու ասում` ձեր բախտը դեռ կորոշվի, եւ 4-10 տարի ազատազրկման հեռանկարի պայմաններում պահում են կալանավայրում:

Մեր երկրում ավելի քան 12 հազար բժիշկ կա: Հեռուստատեսությամբ էլ նրանք հայտարարում են` հիմա համավճարի ենք անցել, էլ չենք վերցնելու: Այսինքն` վերցրել են: Ուրեմն` էլ թող չհապաղեն: Բոլորին կարող են այսօր եւեթ կալանավորել:

- Դրա հնարավորությունը, բնականաբար, միշտ էլ եղել է: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց այժմ որոշեցին նման քայլի դիմել:
- Հիմա, եթե տեսնում ենք քաղաքական դաշտում ինչ է կատարվում, կարծեք թե երկրի նախագահը զայրացել է կառավարության գործունեության վրա, բռունցքը խփում է սեղանին ու ասում է` գյուղատնտեսությունը լավացրեք, սա արեք, նա արեք: Տեսնելով, որ արաբական աշխարհում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումը սոցիալական հիմքեր ունի, բնականաբար, խորհել են եւ հասկանում են, որ օրեցօր վատթարացող սոցիալական իրավիճակը կարող է մի օր Հայաստանում պոռթկալ եւ արդեն պոռթկում է, սկսել են փոքրիկ սցենարներ մշակել եւ իմիտացիա անել, թե պայքարում են, ու 2 ամիս հետո լավ կլինի: 4 տարում ոչինչ չի արվել: Այժմ այս կոալիցիոն կառավարության գործունեությանը մնացել է 1 տարի, որի ընթացքում ոչինչ չեն հասցնելու:

- Պարոն Մկրտչյան, իսկ ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարը գալիս-գալիս ու հանգում է 20 եւ 35 հազարական դրամ վերցնելու մեջ մեղադրվող բժիշկներին:
- Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարը երկրում իմիտացիոն բնույթ է կրում: Դա ակներեւ է: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ունենք կառավարության մակարդակով, եթե չեմ սխալվում` վարչապետն է դրա ղեկավարը: Եւ տպավորություն է, որ կառավարության անդամները պետք է այն ճյուղը կտրեն, որի վրա նստած են: Այդ հանձնաժողովը մեր երկրում մնացած բոլոր հանձնաժողովների նման ոչինչ չտվող հանձնաժողով է: Իսկ ինչո՞ւ են փոքրը տեսնում, մեծը չեն տեսնում: Որովհետեւ մեծի մեջ մասնակից են մեծերը: Այսինքն` իրենք իրենցը պետք է տեսնեն, բնականաբար` չեն ուզում տեսնել: Իսկ, էլի եմ կրկնում, իրավիճակը երկրում այնպիսին է, որ պետք է շղարշ ստեղծեն, իմիտացիա անել, թե իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ:
Աննա Զախարյան - Մարտ 22, 2011

     http://www.armtimes.com/23615

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.