суббота, 19 марта 2011 г.

Լյուդմիլա Սարգսյան. Որոշողը ժողովուրդն է:

18244131300386868

Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ն իշխանություններին դիմեց 15 կետից բաղկացած ուղերձով՝ իր պահանջների կատարման վերջնաժամկետ նշանակելով մարտի 17-ը։ Իշխանությունը ՀԱԿ-ի պահանջները որակեց «ուլտիմատում»՝ հայտարարելով, որ իշխանությունների հետ վերջնագրերով չեն խոսում։ ՀԱԿ-ի պահանջների կատարման վերջնաժամկետն արդեն լրացել է, և իշխանությունը,   ըստ էության, անարձագանք է թողել դրանք։ «Կապիտալը» հնարավոր զարգացումների մասին խոսել է ՀԱԿ-ի անդամ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ։

-Տիկին Սարգսյան ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անժամկետ հացադուլը։

-Այս իշխանությունների դեմ պայքարում հացադուլն արդյունավետ միջոց չէ։ Մենք դրա փորձը բազմիցս ունեցել ենք, իհարկե, ոչ առաջին դեմքերի մակարդակով, սակայն 2008թ. կեղծված նախագահական ընտրություններից հետո մեր կուսակցության երիտասարդները, վարչության անդամները 15 օր հացադուլի նստեցին, հացադուլ արեցին նաև ՀՀՇ ներկայացուցիչները, սակայն այդ միջոցառւմները որևէ արդյունք չտվեցին նույնիսկ այդ ծանր պահին։ Հիմա քաղաքական օրակարգում իշխանության լինել-չլինելու հարցն է, և այդ գործին հացադուլը որևէ օգուտ չի կարող տալ։ Հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի այլ մեթոդ չի գտել, հնարավոր է, որ դա նաև պոռթկում է, որով նա, ի լուր աշխարհի, ասում է, որ գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, որոնց դեմ անզոր են պայքարի այլ միջոցները։ Ամեն դեպքում, դա Հովհաննիսյանի որոշումն է, իսկ ես կարծում եմ, որ բոլոր այն մարդկ, որոնք հասկանում են երկրում ծանրացած և խտացած խնդիրների լրջությունը, պետք է միավորվեին դեռ կեղծված նախագահական ընտրությունների ժամանակ։ Կարծում եմ՝ մենք այն ուժերից ենք, որոնք 2008-ից սկսած հետևողականորեն շարունակեցին իրենց պայքարը երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ, և այսօր հասել ենք որոշակի հանգրվանի, որն էլ ինձ իրավունք է տալիս ասելու, որ արդյունավետ պայքարն ամենօրյա պայքարն է կոնկրետ ուղղությամբ։ Մենք միշտ գնացել ենք հստակ ուղղությամբ և երբեք չենք շեղվել այդ ճանապարհից։ Մենք երբեք չենք կասկածել, որ պայքարում ենք հանուն մարդկանց բարեկեցության, հանուն արդարության և սահմանադրական կարգի վերականգնման։ Պարզից էլ պարզ է, որ այս ռեժիմի դեմ քաղաքական ուժերը միայնակ չեն կարող պայքարել և հասնել արդյունքի։ Հենց այս գիտակցումով է, որ մենք միավորվեցինք և ստեղծեցինք Հայ ազգային կոնգրեսը։

-ՀԱԿ-ն իշխանություններին մարտի 1-ին ներկայացրեց 15 կետից բաղկացած պահանջ, որի կատարման վերջնաժամկետը սահմանեցին այսօր՝ մարտի 17-ը։ Իշխանություններն այդ պահանջներից բխող  որևէ քայլ չկատարեցին։ Ի՞նչ է անելու ՀԱԿ-ն այսօր՝ հեղափոխությո՞ւն, որի մասին ակնարկում էր, թե՞...

-Մենք հեղափոխություն երբեք ո՛չ ակնարկել ենք, ո՛չ հուշել։ Մենք այսօր տեսնում ենք այդ գործընթացը, տեսնում ենք, որ ժողովրդի մեջ հասունանում է բարեփոխումների պահանջը։ Մենք չենք կարող դա չնկատել և չխոսել այդ մասին։ Այն պահանջները, որոնք դրվեցին իշխանությունների առջև, ժողովրդի տրամադրությունների, ցանկությունների հավաքագրում է, որը ՀԱԿ-ը որպես միջնորդ ներկայացրեց իշխանություններին։ Իսկ թե ինչ կլինի այսօր, ցույց կտա երեկոյան հանրահավաքը, քանի որ որոշողը ժողովուրդն է։

-Նույն բանը երեկ ասուլիսի ժամանակ ասել է նաև ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։ Չե՞ք կարծում, որ հաջորդ քայլը ժողովրդի վրա թողնելով՝ ՀԱԿ-ը, ամենաքիչը, խուսափում է պատասխանատվությունից։

-Մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից և չենք խուսափում։ Երբ մենք ասում ենք, որ որոշողը ժողովուրդն է, դա իրոք այդպես է։ Որևէ քաղաքական ուժ երկրում որևէ բարեփոխում չի կարող իրականացնել, եթե դա տեղի չի ունենում ժողովրդի ցանկությամբ։ Հետևաբար՝ հենց ժողովուրդը պետք է կիսի այդ պատասխանատվությունը, որպեսզի տերը լինի իր երկրին և կարողանա շնչել գալիք իշխանության թիկունքին, որպեսզի հաջորդ իշխանությունները չկատարեն այն սխալները, որն այսօր կատարում են այսօրվա իշխանությունները։

-Եթե որոշողը ժողովուրդն է, ապա ինչո՞ւ ՀԱԿ-ը ո՛չ 2008թ., ո՛չ էլ հետագայում չկատարեց հասարակության պահանջը՝ իրականացնել հեղափոխություն հենց այդ պահին։ Չէ՞ որ ժողովուրդը բազմաթիվ անգամներ է պահանջել «հիմա»։ Եվ եթե այսօր հանրահավաքին ժողովուրդը պահանջի հեղափոխություն, ՀԱԿ-ը կգնա՞ դրան։

-ՀԱԿ-ը հեղափոխություն իրականացնող չէ, ՀԱԿ-ն ընդամենը կարող է ժողովրդի պայքարը տանել այն հունով, որ այն չվերածվի երկրի համար վտանգավոր ցնցումների։ ժողովրդի պահանջած «հիման» միշտ էլ կարելի է կազմակերպել, սակայն հեղափոխություն պահանջողը չպետք է լինի ժողովրդի մեկ տոկոսը, առնվազն 5-10 տոկոսը դա պետք է ցանկանա։ Իհարկե, ես համաձայն եմ, որ ՀԱԿ-ը երբեմն անտեղի զսպել է ժողովրդի ցասումը, որպեսզի հնարավորություն տա իշխանություններին ինչ-որ կերպ կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը, սակայն քանի որ իշխանությունները չունեն այդ քաղաքական կամքը և չեն էլ կարող ունենալ, քանի որ իրենց բուրգը կառուցված է օլիգարխիկ հենասյուների վրա, ՀԱԿ-ը թերևս անցնի ավելի արմատական քայլերի։

-Առաջիկա ընտրություններին ՍԴՀԿ-ն սատարելո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, թե՞ հանդես է գալու առանձին թեկնածուով։

-Ինչպես 2008թ., այնպես էլ առաջիկա ընտրություններին մեր միակ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է։

-Մարտի 1-ի հանրահավաքից հետո սկսեցին լուրեր շրջանառվել ՀԱԿ-իշխանություն համագործակցության մասին։ Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ի առաջնորդները գնացել են կամ կգնան նման քայլի։

-ՀԱԿ-ի առաջնորդներից մեկն էլ ես եմ և նաև կենտրոնական շտաբի անդամ եմ։ Ես բացառում եմ այդ համագործակցությունը, քանի որ եթե նման բան լիներ, առաջիններից մեկը ես տեղյալ կլիներ այդ համաձայնությունից։ Իհարկե, քաղաքականության մեջ որևէ բան չեմ բացառում. հնարավոր է, որ գա  մի պահ, երբ ինչ-որ հարցերի շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կայանա, բայց, հավատացեք, դա կարվի միայն երկրում անցնցում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Այլ խնդրով բանակցություններ ՀԱԿ-ի և իշխանության մեջ չի կարող տեղի ունենալ ունենալ։

-Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից ՀԱԿ-ին արվող ուղղակի և անուղղակի ռևերանսները։

-Իսկապես, շուրջ 15 օր է, որ այդ ռևերանսներն արվում են, սակայն դա ո՛չ խոսում է իշխանության բարեփոխումների պատրաստակամության մասին, ո՛չ էլ վկայությունն է այն բանի, թե իբրև կա ինչ-որ կուլիսային համաձայնություն ՀԱԿ-ի և իշխանության միջև։ Սա թերևս նշանակում է, որ իշխանության ներսում կան մարդիկ, որոնք հասկացել են, որ կորցնում են իշխանությունը և փորձում են մի փոքր ավելի զուսպ լինել՝ դրսևորելով զգուշավորություն։

Արփի Մախսուդյան

http://www.cdaily.am/home/paper/2011_03_18/news/24413/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.