вторник, 19 июля 2011 г.

«ԵԹԵ ՄՈՐԱՔՈՒՅՐՆ ԱՄՈՐՁԻՆԵՐ ՈՒՆԵՆԱՐ, ՔԵՌԻ ԿԼԻՆԵՐ»

Snap_2010.05.10 15.05.02_001Իշխանության և ընդդիմության աշխատանքային պատվիրակության անդամների առաջին հանդիպումը կայացավ։ Իշխանության ներկայացուցիչները նախօրոք կտրականապես մերժում էին արտահերթ ընտրությունների օրակարգով երկխոսությունը, իսկ ընդդիմությունն այն համարում է իր օրակարգի միակ հարցը։ Այսպիսով, ինչպե՞ս են այս երկու հակադիր բևեռները միևնույն սեղանի շուրջ խոսքուզրույցի բռնվելու։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ։

-Նախ պիտի հիշենք, թե իշխանության ներկայացուցիչները երկխոսության մասին մեկ ամիս առաջ ինչ էին խոսում, իբր, շատ ուժեղ իշխանություն են, իսկ այդպիսի իշխանությունն ընդդիմության հետ երբեք չի նստի երկխոսելու,- նշեց պարոն Եղիազարյանը։

- Չգիտես ինչու մեկ ամիս հետո մոռացան սա և ձևավորեցին պատվիրակություն։ Այս ընթացքում ով չզլացավ (չեմ ուզում անուններ տալ), քմծիծաղով, արհամարհական տոնով խոսեց երկխոսության մասին։
Դե, ի՞նչ կար մեզ հետ խոսելու, խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս, նախագահականին էլ երկու տարի։ Ընտրությունները կլինեն, դա էլ ձեզ երկխոսություն։ Ստացվում էր, որ ընդդիմությունը անիմաստ էր պատվիրակության անդամների անուններն ու կենսագրությունները տպել։ Բայց ստացվեց այն, ինչի մասին Սերժ Սարգսյանի թիմակիցները գաղափար չունեին։
-ՈՒրեմն ինչո՞ւ իշխանությունը գնաց պատվիրակություն ձևավորելու ճանապարհով, այն դեպքում, երբ որոշ թիմակիցներ դրան կտրականապես դեմ էին։
-Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանն այդքան հանդուրժո՞ղ էր, որ ընդառաջ գնար։ Եթե այդպես է, մենք շինծու մեղադրանքներով ի՞նչ գործ ունեինք բանտերում։ Ընդառաջ գնաց, որովհետև «Ֆորբսը» մեզ տեղեկացրեց, որ գտնվում ենք «պատվավոր» 176-րդ տեղում` 177 երկրների շարքում։ Ի պատիվ այսօրվա իշխանությունների` Մադագասկարից առաջ ենք։ Սրա համար հիմք է դարձել ոչ միայն փլուզվող տնտեսությունը, այլև ոչնչացված արտաքին քաղաքականությունը։ Ի դեպ, Մադագասկարի հետագա գործընթացների տարոսը մեզ։ Պարզվեց` այդ երկրի նախագահն անհայտ ուղղությամբ չքացել է։ Մայիսի 15-ին իրենց Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ինչ է մի քանի հոգի աղաղակում, որ Մադագասկարի նախագահը պիտի հեռանա երկրից, ինչպե՞ս կարող է հեռանալ, եթե ստացել է ձայների 90 տոկոսը։ 90-ն ի՞նչ է, ընտրատեղամաս է եղել, որ մեր նախագահը 100 տոկոս է ստացել։ Իսկ վարչապետն էլ հայտարարում է, թե «ճլոն, վլոն» ասում են, որ Հայաստանը լուրջ զարգացող երկիր է։ Չգիտեմ` վագր է, առյուծ, թե ընձառյուծ կամ Աստված գիտի, ինչ գազան։ Որպեսզի «Ֆորբսի» ասածը ճիշտ գնահատենք, հարկավոր է միայն միջին քաղաքացու սառնարանը բացել ու տեսնել, որ մուկը սովից իրեն սուիցիդի է ենթարկել, քանի որ սառնարանում ուտելիք չի գտել։ Էս էլ ձեզ «Ֆորբս»։ ՈՒրեմն, էս ամսագիրը պիտի ասի՞, որ մուկն իրեն չկախի։ Գիտենք, էլի, ինչ է կատարվում։ Մարդիկ այսպես չեն ուզում ապրել, նրանց ցասման, ընդվզման միակ կանխողը ՀԱԿ-ն է, որին հաջողվում է համաժողովրդական զայրույթը զսպել։ Սակայն ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Գալուստ Սահակյանի, այլ հայ ժողովրդի, նրա ապագայի համար։ Մեր երկիրը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած, դրա համար ենք ասում` եկեք երկխոսենք, նորմալ ընտրություններ անցկացնենք, որպեսզի դրսից ու ներսից Պողոսը, Պետրոսը կամ Կիրակոսն իրենց կամքը չթելադրեն մեզ։ Սրա համար պիտի ունենանք լեգիտիմ ԱԺ և նախագահ։ Ասել է, պետք է արտահերթ ընտրություններ անցկացնենք ու երկխոսենք միայն այս թեմայով։
-Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ այդ երկխոսության ընթացքում կարող են քննարկվել նաև այլ հարցեր։ Օրինակ, Բագրատ Ասատրյանը չբացառեց տնտեսական խնդիրները։
-Գուցե նկատի է ունեցել, որ մինչև արտահերթ ընտրություններ ինչ-որ բաներ պետք է շտկվեն։ Բայց կան բաներ, որոնք այլևս չենք կարող ճիշտ ռելսերի վրա դնել։ Օրինակ, ինչպես հետ բերենք ոսկու վաճառքից կորցրած 50 մլն դոլարը։
-Տեսականորեն ինչպե՞ս պատկերացնել երկխոսության ընթացքը, երբ իշխանության ներկայացուցիչները նախապես մերժում են արտահերթ ընտրությունների անցկացումը։
-Դուք ի՞նչ եք կարծում, որ Սերժ Սարգսյանն ասի` թեման քննարկվելու է, իսկ թիմակիցները չհետևե՞ն նրա խոսքին։ Նման իրավիճակում, իհարկե, գուցե շրջապատից զրկվի, բայց ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ իր և բոլորի համար։
-Եթե հիշում եք, դեռևս 2008-ին Սերժ Սարգսյանը երկխոսության կոչով դիմեց ընդդիմությանը։ Ինչո՞ւ այն ժամանակ ՀԱԿ-ը չերկխոսեց իշխանության հետ։
-Ավելին ասեմ, Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ «Հարսնաքարում» հավաքեց իր 450-հոգանոց ակտիվն ու ասաց, որ այս անգամ բացառապես արդար ընտրություններ են լինելու, որպեսզի լեգիտիմության խնդիր չունենանք։ Սակայն խայտառակություն կատարվեց։ Ընդդիմության վստահված անձերին ծեծեցին ու ջիպերով տարան։ Հիմա Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկը ո՞նց որակենք, չէ՞ որ ասում էր` թափանցիկ, արդար ընտրություններ։
-Ստացվում է` այն ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքի անկեղծությանը չէինք հավատում, իսկ այսօր հավատո՞ւմ եք։
-Երբ երկիրը անդնդի եզրին է, հետևում թուրքն է, մնում է մի բան` մտածել ազգի մասին ու այս վիճակից դուրս գալու ուղիներ փնտրել։ Իսկ սրա միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են։
-Ընդդիմությունը նո՞ր հասկացավ, որ ժողովրդի վիճակն այդքան ծանր է, ինչո՞ւ ժամանակին չգնացիք «երկիրը փրկելու» ճանապարհով։
-ՈՒզում էինք երկխոսել, ցավոք, կեղծ մեղադրանքով բանտերում էինք։ Իրենց արածի համար մենք էինք նստել։ Արդեն տեղ չկա գնալու, պիտի երկխոսենք։
-Ոչ վաղ անցյալում ընդդիմությունն ասում էր` սա ավազակապետություն է, պիտի կազմաքանդել, իսկ սրանք թաթար-մոնղոլներ են։ Ո՞Ւր կորան այս որակումները։ Կոնգրեսի մարտավարությունը, հռետորաբանությունը մեղմացե՞լ են։
-ՀԱԿ-ի հռետորաբանությունը միշտ նույնն է մնացել։ Եթե սեղանին դրված է ազգի ճակատագիրը, թաթար-մոնղոլների, Լյուցիֆերի հետ էլ կերկխոսենք։ Մեզ մոտ գնահատականների վերաորակումներ չեն եղել։ Հայաստանի ճակատագրով լրջագույնս զբաղվելու խնդիր ունենք, որովհետև մեր երեխաներն այստեղ են ապրելու։ Որպեսզի սրացումներ չլինեն, կանխվեն ժողովրդի ահագնացող ցասումը, արտագաղթը, ուզում ենք երկխոսել։
-Եթե գործընթացներն այնպիսի ընթացք ունենան, որ հերթական ընտրություններ լինեն, կոնգրեսը պատրա՞ստ է աշխատելու իշխանությունների հետ։
-Եթե պատկերացնենք, որ Երևանի կենտրոնում տրամվայ է գործում, եթե ամեն տարի 100-180 հազար մարդ չի լքում իր բնօրրանը, եթե տարին 200 հազար մարդ է վերադառնում Հայաստան, եթե օլիգարխները չեն թալանում երկիրը, և շնացած մրցակցություն չկա, եթե ամեն ամիս երկու-երեք հազար աշխատատեղ է ստեղծվում, եթե արդար դատարան ունենանք, եթե ընտրություններում թվեր չեն նկարվում... Եթե այս «եթե»-ները լինեն, ամեն ինչի հետ էլ համաձայն ենք։ Թող մնա ու ևս 50 տարի իշխի։ Եթե մորաքույրն ամորձիներ ունենար, քեռի կլիներ։
-Ի վերջո, եթե իշխանությունը ձեր օրակարգով չերկխոսի, ի՞նչ քայլի կդիմի կոնգրեսը։
-ՀԱԿ-ը ժամկետ է դրել, ձգձգել, խաղեր տալ չեն կարող։ Սեպտեմբերից կանցնենք ակտիվ գործողությունների։ Դուրս կգանք հրապարակ ու տուն չենք գնա, մինչև իրենց չուղարկենք։
 
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.