пятница, 22 июля 2011 г.

Ժամանակին չգիտակցեցին, որ կրիմինալ համակարգի դեմ պայքարում միասնական պիտի լինենք

SDC12910ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով այսօր հյուրընկալվել էր «Փաստարկ» ակումբում, անդրադառնալով իշխանության և Հայ ազգային կոնգրեսի միջև մեկնարկած երկխոսությանը, նախ նկատեց, որ երկխոսությունը՝ որպես մշակույթ, մեր իրականության մեջ գոյություն ունեցել է, բայց վերջին տասնամյակի ընթացքում, թերևս, չի եղել մի քաղաքական ուժ, որը իր հետևողական և ակտիվ պայքարի ընթացքում կարողանար դառնալ այնպիսի մի գործոն, որը ընկալելի և ընդունելի լիներ ոչ միայն մեր երկրում և իշխանության կողմից, այլև արտաքին աշխարհի կողմից:

«Հենց այնպես չի, որ իշխանությունը գնաց երկխոսության: Նրանք բազմիցս մերժում էին երկխոսության գաղափարը:

Բոլորը համոզվեցին, որ այդ կարգի խոսակցությունները հիմք չունեին, և երբ ՀԱԿ-ի կողմից երկխոսության գաղափարն առաջարկվեց՝ մենք ավելի քան վստահ էինք, որ այդ երկխոսությունը տեղի է ունենալու՝ հաշվի առնելով այն բարդագույն տնտեսական վիճակը, որ կա Հայաստանում՝ սոցիալական աղետը, ահագնացող արտագաղթը, որը մեզ համար արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, թե վստահ էին, որ իշխանությունը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում է արտահայտում երկխոսության նկատմամբ, այլ՝ պարտադրված քայլ է իրականացնում։
 
Հարցին՝ եթե մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրությունների նշանակման հարցը չլուծվի՝ ՀԱԿ-ը դուրս կգա՞ երկխոսությունից, նա պատասխանեց. «ՀԱԿ-ը երկխոսությունից դուրս կգա նաև այն դեպքում, եթե հասկանա, որ իշխանությունը իմիտացիա է անում և փորձում է ժամանակ շահել: Այո՛, մենք ուզում ենք ուժեղ իշխանություն ունենալ, բայց դրա համար անհրաժեշտ է ներքաղաքական լարվածությունը թուլացնել, անհրաժեշտ է ժողովրդի ցանկություններին ընդառաջ գնալ, անհրաժեշտ է անցկացնել արտահերթ համապետական նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որից հետո երկրում վիճակը կկայունանա, և այն խնդիրները, որոնք այսօր կախված են մեր երկրի թիկունքին՝ դրանց լուծումները շատ ավելի հեշտ և հայանպաստ կլինեն: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը գիտակցում է ներքաղաքական դաշտի լուրջ իրավիճակը, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական երկու բևեռ, և եթե մեկը դա իշխանությունն է, ապա մյուս բևեռը առաջացել է համաժողովրդական շարժման պայքարի արդյունքում, և այդ բևեռը՝ Հայ ազգային կոնգրեսն է: Այսօր քաղաքական օրակարգը թելադրվում է Հայ ազգային կոնգրեսի կողմից, դրա հետ հաշվի չնստել իշխանությունը չի կարող, իսկ եթե գիտակցում է, ուրեմն պարտավոր է և՛ նստել երկխոսության, և՛ ընդունել այն առաջարկները, որը կներկայացվի ՀԱԿ-ի կողմից՝ ողջամտության սահմաններում»:
 
Տիկին Սարգսյանը հստակեցրեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման շուրջը մտածել իշխանությունները կարող են մինչև այս տարվա սեպտեմբեր։ «Եթե հիշյալ ժամանակահատվածում իշխանությունները չհամաձայնեն կամ Սերժ Սարգսյանը փորձի արտաքին աշխարհին ժողովրդավար երևալ ու ժամանակ շահել, ապա նշյալ ժամկետից հետո այլևս խնդիր չենք ունենա ճնշելու կամ ժողովրդի համոզելու, որ ավելի արմատական քայլերը անընդունելի են: Ամեն ինչ սահման ունի, և համբերության բաժակն էլ մի օր լցվում է, և շատ վտանգավոր պրոցեսներ կարող են տեղի ունենալ՝ ժողովրդական ալիքը՝ իններորդ ալիքի նման կարող է գալ ու մաքրել աղբը, որը այսօր կա մեր երկրում»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
 
Գալով տարբեր շահարկումներին, որոնց համաձայն իշխանություն և Հայ ազգային կոնգրես երկխոսությունը անվանվում է՝ «ներկայացում», կամ նրանց միջև ինչ-որ գործարքի մասին խոսակցություններ են շրջանառվում՝ տիկին Սարգսյանը նկատեց. «Միշտ ուժեղին են հարվածում: Եթե գործոն չլինեիք, այսքան հետևողական մեզ չէին քարկոծի: Հայաստանում կա երկու բևեռ, եթե մյուս քաղաքական ուժերը ժամանակին չգիտակցեցին, որ նման կրիմինալ համակարգի դեմ պայքարում մենք միասնական պիտի լինենք, և այսօր լուսանցքից դուրս են մնացել՝ դա արդեն իրենց խնդիրն է: Մենք նորից կողմ ենք համախմբման, կողմ ենք, որպեսզի այն ուժերը, որոնք իսկապես ընդդիմադիր են և հետապնդում են նույն նպատակները, ինչո՞ւ ոչ, թող համագործակցեն: Իսկ ո՞վ է հրաժարվել նրանց հետ համագործակցությունից: Դա իրենց խնդիրն է, հավանաբար փորձում են իրենց դեմքը պահել: Բայց ոչ մեր հաշվին, դա այլևս չի ստացվի»:
 
http://www.1in.am/arm/armenia_politics_27509.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.