вторник, 26 июля 2011 г.

Եթե բարոյական է, հրաժարական կտա

Մեր պատմության մեջ հազվադեպ են եղել կաթողիկոսներ, որոնց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն այնքան անընդունելի լինի, որքան քննադատություն ներկայիս կաթողիկոսի հասցեին են վերջին շրջանում հնչեցնում: Իսկ պատճառներն իրավացիորեն խորքային են: Եվ չնայած հայ ժողովրդի համար եկեղեցին եւ հավատը դարերով անառարկելի սրբություն են եղել, սակայն այսօրվա հոգեւորական առաջնորդներն իրենց անչափ անհամարժեք վարքագծով եւ ոչ ազգային պահվածքով, ժողովրդի նկատմամբ անտարբեր վերաբերմունքով հանգեցրին նրան, որ այսօր եկեղեցու եւ հավատքի հիմքերն իսկապես թուլացել են, եւ տեղին չեն հոգեւորականների մեղադրանք-արդարացումները, քանի որ դրա համար պետք չեն ոչ պատվիրատուներ եւ ոչ էլ հրահրողներ:

Եկեղեցու շատ թերություններ կարելի է անտեսել, բայց ոչ ոք չի կարող մոռանալ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ինչպիսի վերաբերմունք դրսեւորեցին հոգեւորականներն ու մասնավորապես կաթողիկոսը: Թերեւս սա լրջագույն պատճառ հանդիսացավ հասարակություն-եկեղեցի անջրպետի խորացման: Եվ ոչ ոք չպետք է կասկածի, որ ժողովուրդը հավատքի դեմ է ընդվզում, մենք հոգեւոր ժողովուրդ ենք եւ միանշանակ բարձրացված մեծ աղմուկը պայմանավորված է բացառապես անձերի վարքագծով:

Եկեք հիշենք Վազգեն Առաջինին, ով իր նվիրումով, վարքագծով ու ժողովրդականությամբ մեծ հավատք ու հանդուրժողականություն էր սփռել իր ամբողջ ժողովրդի վրա: Հոգեւոր այս առաջնորդն այնքան հայրենասեր էր, որին մեծարում էր ոչ միայն իր հոտը, այլեւ կոմունիստական տոտալիտար ռեժիմի ղեկավարությունը: Ինչ աստիճանի մարդը պետք է ազգային, պետական ու հոգեւոր լինի, որ նույնիսկ անհավատ կոմունիստները նրան մեծարեն եւ հաշվի նստեն նրա կարծիքի հետ: …Սակայն այսօր իրենց ոչ հոգեւորական կեցվածքից ու կենսակերպից հետո կանգնել Հանրայինի եթերից եւ «ներել» իր հրաժարականը պահանջող ժողովրդին… կարծում եմ՝ նախեւառաջ կաթողիկոսը պետք է ներողություն հայցեր բարեպաշտ ժողովրդից:

Այո, իրավացի է նա, եկեղեցու դեմ ցանկացած քննադատություն ուղղված է  մեր հավատի դեմ եւ ժողովրդի դեմ, բայց նախեւառաջ բխում է ոչ ազգային, ոչ հոգեւոր վարքագիծ ունեցող բազմաթիվ հոգեւորականներից: Իրավացի են այն մոտեցումները, որ Գարեգին Բ-ն չի կարողանում առաջնորդվել հոտերի շահերով, այլ մի մարդ է, ով, լինելով հոգեւոր առաջնորդ, շատ աշխարհիկ կյանքով է ապրում:

Մեզ մոտ կաթողիկոսական աթոռը ցմահ է, եւ կարծում եմ, որ ժողովրդի կողմից անընդունելի կաթողիկոսը պետք է հասկանա, ու եթե քիչ թե շատ բարոյական հիմքեր ունի եւ մտահոգ է իր ժողովրդով, պետք է հասկանա, որ այդպիսով ինքը թուլացնում է հավատը եկեղեցու նկատմամբ, եւ ինքնակամ հրաժարական տա:

Լյուդմիլա Սարգսյան, ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ

http://www.hraparak.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.