суббота, 23 июля 2011 г.

Մեր հասարակությունը բանակցությունների լիարժեք կողմ է

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։

- Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում Հայ ազգային կոնգրես-իշխանություն մեկնարկած երկխոսությունը, ինչի՞ հետևանք էր դա այնուամենայնիվ, և դեպքերի զարգացման ի՞նչ շարունակություն եք տեսնում:

- Երկխոսությունը, այսպես թե այնպես, պետք է կայանար, և առաջին շահագրգիռ կողմը դա հայ ժողովուրդն է: Մենք հայտնվել ենք մի շատ բարդ իրավիճակում, որտեղ օր օրի քայքայվում է առանց այդ էլ գոյություն չունեցող տնտեսությունը և արտաքին քաղաքականության ոլորտում ունենում ենք կորուստներ կորստի հետևից:

- Որո՞նք են այդ կորուստները:

- Շուրջ 12 տարի է՝ Ղարաբաղը բանակցային կողմ չէ: Այսօր մենք ապարդյուն ջանքեր ենք գործադրում, որպեսզի Ղարաբաղը նորից դառնա բանակցային կողմ: Եվ տեսեք, մի անգիտակից քայլի արդյունքում մենք կորցրեցինք մեր դիրքերը: Եթե մինչև 1998-ը ԼՂ-ն բանակցությունների կողմ էր, այժմ բանակցությունների շուրջ նստում է ՀՀ նախագահը: 

Ո՞ւր մնաց մեր անկախ Արցախը և նրա ժողովուրդը... Իսկ ազատագրված տարածքները ողջ աշխարհը որակում է որպես մեր կողմից «օկուպացված տարածքներ»: Այս սխալի արդյունքում փոխանակ մենք հասկանայինք, որ դիվանագիտությունը ընդամենը սովորական գավառական խաղի ոլորտ չէ, որ դա շատ լուրջ գիտություն է և լրջագույնս պետք է դրան մոտենալ, մենք ավելի հեռուն գնացինք` մեկ ստորագրությամբ կասկածի տակ առանք Հայոց ցեղասպանությունը: Ավելի խոցելի, ավելի անհասկանալի, ավելի տմարդի մոտեցում չէր կարող լինել: Այսինքն` մենք Հայոց եղեռնը աքսիոմատիկ վիճակից բերեցինք թեորեմայի, որը ապացուցման կարիք ունի և պետք է վիճարկենք` արդյո՞ք եղել է ցեղասպանություն, թե՞ չի եղել...

Այս կորուստների շարքը կարելի է շարունակել. մեկը մեկից խայտառակ են: Բայց հասկանանք` ե՞րբ են նման ձախողումներ լինում... Դա լինում է այն երկրներում, որտեղ իշխանությունները լեգիտիմ չեն, և որպես կանոն լեգիտիմ իշխանությունները ոչ թե քայլ դեպի առաջ են անում, այլ վազքով ընկած են իրադարձությունների հետևից, իսկ այդ վազքի մեջ բնականաբար անընդհատ սխալներ են թույլ տալիս ու անընդհատ տանուլ են տալիս: Այս հենքի վրա Հյուսիսային Աֆրիկայում մարդիկ ոտքի են կանգնում, բայց եթե նույնիսկ վերցնենք մեր կենցաղը և համեմատենք Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի կենսակերպը` կտեսնենք, որ նրանք նույնիսկ ավելի շահեկան վիճակում էին: Արդեն հասել ենք մի իրավիճակի, երբ մեր հարևանները մեզ թելադրում են, որպեսզի մենք անարյուն, առանց ցնցումների գանք իշխանության... Այսինքն` ցանկանում եմ ընդգծել, որ երկխոսության գործընթացից առաջին օգտվողը, շահողը հայ ժողովուրդն է:

- Քանի որ ԼՂ կարգավորման գործընթացում կորուստների մասին նշեցիք, հետաքրքիր է, թե առաջիկա բանակցային ռաունդում Սերժ Սարգսյանի դիրքերը ինչ-որ չափով կարո՞ղ են ամուր լինել` հաշվի առնելով Կոնգրես-իշխանություն բանակցությունները:

- Հայ ազգային կոնգրեսը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել խնդիրներից գերագույնը` իշխանությունների հանդեպ կեցվածքն այնպիսին է եղել, որպեսզի մեր գործողությունների արդյունքում ոչ թե իշխանությունները չտուժեն, այլ Հայաստանի Հանրապետությունը չտուժի, մեր պետականությունը չտուժի: Փաստորեն մենք իշխանություններին ազատ գործելու կարգավիճակ էինք տվել հատկապես բախտորոշ ժամանակահատվածներում` լինելով երկրի հիմնական ուժը, ունենալով հասարակական մեծ աջակցություն, բազմահազարանոց համակիրների բանակ: Բայց իշխանությունն ինքը այնպիսի քայլեր է արել, որ այսօր մեր գործողություններից և քայլերից արդեն նույնիսկ ադրբեջանցիները ՀՀ իշխանությունների «երեսով» են տալիս Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը... Օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ա.Հասանովը հայտարարեց, թե` «ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը չի գնդակահարվել խորհրդարանում, չի գնդակահարվել միանգամից 10 մարդ, ովքեր այլ կերպ են մտածում և դուրս են եկել հանրահավաքի, և նմանատիպ իրադարձություններով հարուստ Հայաստանի պաշտոնատար անձինք իրենց չպետք է համեմատեն Ադրբեջանի հետ...»… Այնպես որ, Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների մասին խոսելը ծիծաղելի է դարձել: Ինչպե՞ս եք պատկերացնում` 10 հոգու գնդակահարում են, միայն 182 զինվոր է վիրավորում` ըստ պաշտոնական տվյալների, իսկ այսօր չենք ասում` ի՞նչ եղան 182 վիրավոր զինվորները: Ս.Սարգսյանը հրահանգում է Մարտի 1-ը դեպքերն ուսումնասիրել, բայց չի անդրադառնում այս հարցին: Եթե ցանկանում են գործը բացահայտել, առաջինը գործող անձանցից պիտի սկսեն, հրաման արձակողից: Դա ռազմական հեղաշրջում էր, իսկ ռազմական հեղաշրջումը պետք էր արդարացնել և դրա համար պետք է լինեին վիրավոր զինվորներ: Եթե մենք էինք վիրավորել` մեզ բանտախցերը նետեցին, ինչո՞ւ չապացուցվեց ոչինչ... Որովհետև դա ձեր ձեռքի գործն էր:

- Ս.Սարգսյանը ապրիլին հրավիրեց դատաիրավական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունը և անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործին` ասաց, որ այդ հարցն անձնապես իր համար «շատ կարևոր» է: Կատարվեց Կոնգրեսի ևս մեկ պահանջը, սակայն Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը արդեն որերորդ անգամ մամուլի ասուլիս է հրավիրում և կրկնում է, թե փորձաքննությամբ հնարավոր չի եղել պարզել Youtube-ում տարածված կադրերում ցուցարարների վրա հորիզոնական ուղղությամբ կրակոցներ արձակող ոստիկանների ինքնությունը և այլն... Այսինքն` իշխանությունները դարձյալ զբաղված են իմիտացիայով և որևէ բացահայտում իրականացնելու նպատակ չունեն… Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

- Մենք հետամուտ ենք լինելու այս հարցին մինչև վերջ: Այստեղ խնդիրը նա չի, որ մենք գնացել ենք տարբեր մարդասպանների համար բանտերում նստել ենք: Խնդիրը նրանում է, որ հանցագործները, մինչև վերջին մեղավորը պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հաջորդ անգամ ոչ մի սրիկայի մտքով անգամ չանցնի զենք կիրառել իր հայրենակցի դեմ, այն էլ ընդդիմադիրի դեմ, այն մարդու, ով կագնել է իր քաղաքացիական իրավունքներն է ցանկանում պաշտպանել և «ոչ» է ասում կեղծված ընտրություններին: Ռազմական հեղաշրջման արդյունքում Ս.Սարգսյանը դարձավ նախագահ, հիմա նա քաղում է դրա պտուղները, որովհետև դիկտատորների և նման ձևով իշխանությունը զավթած մարդկանց հետ խոսակցությունը շատ կարճ է լինում, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Ամբողջ աշխարհը դեմ է Արցախին, իսկ ավելի ճիշտ` ամբողջ աշխարհը դեմ է գործող իշխանություններին, քանի որ նրանք լեգիտիմ չեն:

- Արդեն իսկ մեկնարկած` Կոնգրես-իշխանություն բանակցությունների առնչությամբ տարբեր խոսակցություններ են շրջանառվում, թե դա «գործարքի» է հանգեցնելու, թե դա ընդամենը «ներկայացում» է, Կոնգրեսի հետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ պայմանավորվածություն կկայանա, ինչի արդյունքում Կոնգրեսին 10-15 մանդատ կտան խորհրդարանում, և դրանով ամեն ինչ կավարտվի... Ի՞նչ պետք է անել, որ երկրում երկիշխանության փաստն այնքան անվիճելի լինի, որ մթնոլորտը արդեն իսկ թելադրի հասարակության շրջանում հաղթանակը: Ի՞նչ մարտավարություն պետք է ընտրել:

- Նախ, մեր հասարակությունը բանակցությունների լիարժեք կողմ է: Դուք խնայում եք ինձ և չեք հարցնում, թե ինչպես կմեկնաբանեմ այն մեղադրանքները, որ եթե մինչև հիմա քննադատում էինք որոշ քաղաքական ուժերին, ովքեր իշխանությունների հետ գնացին գործարքի, նրանց դավաճան էինք անվանում, բայց հիմա ինչո՞ւ եք դուք այս իշխանությունների հետ նստում բանակցությունների սեղանի շուրջ... Ուրեմն, ի տարբերություն տասնյակ նման մարդկանց, Հայ ազգային կոնգրեսը չի բանակցում աթոռի համար: Կոնգրեսին պաշտոն հարկավոր չէ: Իսկ այդ մարդիկ, ովքեր «երկխոսեցին»` պաշտոն ստացան: Ինչ վերաբերում է 10-15 մանդատներ տալ-չտալուն, ապա մենք կունենանք այնքան մանդատ, որքան մեզ ժողովուրդը ձայն կտա, և այս անգամ մինչև վերջ հետամուտ կլինենք: Հաջորդ արտահերթ ընտրությունները պետք է անցնեն երկիշխանության պայմաններում և այդ ընտրությունների նկատմամբ պետք է լիակատար վստահություն լինի: Իսկ վստահ լինելու համար պետք է բանակցենք, քննարկենք բոլոր դետալները, որից հետո գնանք ընտրությունների:

- Այսինքն` Դուք վստահ եք, որ իշխանությունը, որը բանակցելու է ձեզ հետ` ընտրություններին այլևս չի օգտագործելու վարչական ռեսուրսները, չի կեղծելու, չի ահաբեկելու ընտրատեղամասերում:

- Իշխանություններն այսօր գտնվում են մամլիչի արանքում, մամլիչի առաջին շերտը դա հայ ժողովուրդն է, երկրորդը` արտաքին աշխարհը: Եվ այդ մամլիչի տակից դուրս գալու միակ ճանապարհը սթափվելն է և արտահերթ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելն է, իշխանությունները այլ ելք չունեն:

Էմմա Գաբրիելյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.